Լրահոս
Օրվա լրահոսը

Մայթերը՝ ավտոկանգա՞ռ

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"Գյումրի գնացող երթուղայիններն ու տաքսիները մայրաքաղաքի կենտրոնը դարձրել են ավտոկանգառ:

«Այրարատ» տոնավաճառի հետեւի մասում՝ Խորենացու փողոցի երկու մայթերն արդեն քանի տարի ավտոմեքենաներով բռնագրավված է: Այնտեղ կայանում են Գյումրի մեկնող երթուղայիններն ու տաքսիները: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածում ավտոկայանի գոյությունը մի շարք անհարմարություններ է ստեղծում անցորդների ու հարակից շենքերի բնակիչների համար: Մեքենաները կայանում են անմիջապես մայթերին, ինչի հետեւանքով մարդիկ փողոցով են երթեւեկում: Այդ տարածքում տեղակայվել են սննդի մի քանի բացօթյա վաճառակետեր, որոնք տհաճ հոտերը տարածելով փողոցով մեկ՝ փոշու ու կեղտի առկայությամբ ուղեւորների համար ուտելիք են պատրաստում:

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած շինարարության հետ միասին՝ այս օրերին ավտոկայանը մեծ խոչընդոտներ է առաջացնում առանց այդ էլ ծանրաբեռնված Գրիգոր Լուսավորչի փողոցով երթեւեկող վարորդների համար: Այս առնչությամբ օրերս «Առավոտին» էին դիմել Կենտրոն համայնքի մի քանի բնակիչներ: Նրանց խոսքերով. «Ով է տեսել, որ քաղաքի կենտրոնում ավտոկայան սարքեն: Սովորաբար դրանք գտնվում են ծայրամասերում, որպեսզի անհարմարություններ չառաջացնեն: Բավական չէ՝ մարզ մեկնող տրանսպորտը մտնում է հենց քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, մի բան էլ ժամերով կանգնում են: Առանց այդ էլ այդ փողոցներում շինարարության պատճառով մի քառակուսի մետր տեղ չի մնում քաղաքացիների անցուդարձի համար, երթուղայիններն էլ ամբողջ 2 մայթ գրավել են»:

Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» պարզաբանեցին, որ այս վայրը Գյումրիի երթուղայինների համար որպես ավտոկայան հատկացվել է դեռեւս մի քանի տարի առաջ: Քաղաքապետարանից վստահեցրին, որ մոտ ժամանակներս այդ կանգառի վերաբերյալ որոշումը կվերանայվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել