Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՄԵՌՆՈՒՄ

Նոյեմբեր 24,2007 00:00

«Տէցի» հանրակացարանից ոչ աղջիկ են ուզում, ոչ էլ այստեղ հարս են գալիս

«Երկու տղաներիցս մեկն էս հայրենիքի համար է զոհվել, բայց ոչ մեկն էդ մասին էսօր չի հիշում: Նրան էլ են մոռացել, ինձ էլ: Ապրելով այս կեղտոտ ու փտած շենքում՝ բոլորս էլ հասկանում ենք, որ մեր կյանքին ամեն օր վտանգ է սպառնում: Խոնավությունից խարխլված պատերն ամեն պահի կարող են փլվել ու մարդկանց թողնել տակը»,- «Առավոտի» հետ զրույցում հուզված պատմեց զոհված ազատամարտիկի մայր՝ Էմգարդ Աբրահամյանը: Նա մոտ 120 տեղաբնակ ու փախստական ընտանիքների հետ ապրում է «Տէցի» հանրակացարանի վթարային շենքում: Հարեւանների խոսքերով, տիկին Էմգարդը չդիմանալով անտանելի պայմաններին ու անգամ կենցաղային տարրական ծախսերը հոգալու հնարավորություն չունենալով՝ որդու մահից հետո հոգեկան խանգարում է ստացել: Դատելով նրանց ծայրահեղ աղքատ վիճակից, կարելի էր ասել, որ ՀՀ իշխանություններին այս մարդկանց ճակատագիրն ընդհանրապես չի հետաքրքրում: Միգրացիայի եւ փախստականների վարչությունը նույնպես չի հիշում այստեղ բնակվող փախստականի մասին: Նրանք մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չունեն, բնակարան հատկացնելու մասին էլ որեւէ խոսք երբեւիցե չի եղել:

Բնակիչների ներկայացմամբ՝ անտանելի խոնավության ու թաց պատերի պատճառով տասնյակ մարդիկ մի շարք հիվանդություններից մահացել են: Չգործող զուգարանից ու բորբոսնած պատերից էլ ամբողջ շենքում գարշահոտ է տարածված: 4 հարկի 150-ից ավելի բնակիչների համար երկրորդ հարկում ընդամենը մի ծորակ ու մի զուգարան է գործում: Ջուրն էլ գրաֆիկով է՝ 2 ժամ առավոտյան, 2 ժամ էլ երեկոյան: Բնականաբար, տասնյակ մարդիկ մի քանի ժամվա մեջ չեն հասցնում հազիվ կաթկթացող ծորակից իրենց օրվա ջուրը հավաքել: Իսկ ձմռան ամիսներին շենքում այնքան ցուրտ է լինում, որ այդ միակ ծորակն էլ սառչում է, ու բնակիչները իրենց ծայրահեղ սուղ միջոցներից ստիպված են լինում ջուր գնել: «Առանց լույսի էլի մի կերպ յոլա ենք գնում, անկողին ենք մտնում, որ ցրտից չփայտանանք, բայց առանց ջուր ո՞նց ապրենք: Մեր շենքում մի տարեց մարդ կա, որ բավականին հեռու տեղից դույլը 100 դրամով մեզ համար ջուր է բերում: Բայց էդ մարդն էս անտանելի խոնավության պատճառով անկողնային հիվանդ է դարձել ու հիմա էդ մի հնարավորությունից էլ ենք զրկվել»,- պատմում էին բնակիչները:

Ամբողջ շենքում հեռախոս չկա ու խիստ անհրաժեշտության դեպքում մարդիկ չեն կարող անգամ շտապօգնություն զանգահարել: Տարիներ ի վեր շենքում հարսանիք չի եղել, քանի որ ապրելու համար անտանելի պայմաններ են, իրենց տղաներին ոչ ոք աղջիկ չի տալիս ու շենքից էլ աղջիկ հազվադեպ են ուզում: Հանրակացարանի երիտասարդներն էլ ստիպված իրար հետ են ամուսնանում, բայց կենցաղի ու ֆինանսական վատ դրության պատճառով հիմնականում ամուսնալուծվում են: Շենքում ապրող մի քանի երիտասարդներ «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին, որ տրանսպորտի պատճառով իրենք նույնիսկ որեւէ տեղ աշխատելու հնարավորություն չունեն, քանի որ մինչեւ հանրակացարան ընդամենը մեկ ուղղությամբ մի տրանսպորտ է աշխատում, այն էլ մինչեւ երեկոյան 8-ը: 26-ամյա մի երիտասարդ պատմեց, որ անգամ փորձել է տնային պայմաններում սուրճի տուփեր պատրաստել, սակայն մի տուփի համար տվյալ ընկերությունն ընդամենը 1-2 դրամ է տվել. «Առավոտից մինչեւ ուշ գիշեր գործ էի անում, բայց հազիվ 50-55 տուփ էի պատրաստում: Էդ 100-150 դրամով մի դույլ ջուր էինք առնում կամ մի հատ հաց: Էլի վատ չէր, մի բան աշխատում էի, բայց հետո ասացին, որ պատրաստի տուփերը ես պիտի գործարան տանեմ, էլ ի՞նչ անեի, ստիպված էդ գործը թողեցի»:

Հանրակացարանի պարետ Աննա Պողոսյանն այս հանրակացարանում ապրում է ամուսնու եւ 5 երեխաների հետ: Նա գոհ է, որ մյուսների համեմատ ինքը գոնե աշխատանք ունի: Նրա խոսքերով. «Ամուսինս չի աշխատում, բայց ես լավ եմ վարձատրվում: Ամսական 23 հազար դրամ եմ ստանում»: Ա. Պողոսյանի ընտանիքում ապրում են նաեւ 2 փեսան ու թոռները: Ընտանիքի 9 անդամների եկամուտը 70-75 հազար դրամ է: Մյուսների համեմատ այս ընտանիքը բավականին լավ է ապրում: Ա. Պողոսյանը տեղական ու միջազգային տասնյակ բարեգործական ընկերություններ թվարկեց, որոնց դռները մեկ առ մեկ թակել է՝ շենքի բնակիչների համար օգնություն ստանալու ակնկալիքով, սակայն, ըստ պարետի, նրանք բնակիչների բերանը փակելու ու իրենց կազմակերպության անունը բարձրացնելու համար տարվա մեջ մեկ անգամ 1 կիլո բրինձ, ոսպ ու ձեթ են բերում ու անհետանում: Հանրակացարանի հաշմանդամ բնակիչներից մեկն էլ՝ Իրինա Մկրտչյանը խիստ վրդովված էր, որ բարեգործական կազմակերպության անվան տակ գործող ընկերությունները խաբում են իրենց ու միայն նվաստացնում: Նրա խոսքերով. «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը գալիս է մեր ահավոր ու աննկարագրելի պայմանները տեսնում, հետո գնում է մեր անվան տակ ձեռքը պարզած ամբողջ աշխարհից փող է հավաքում, մեզ էլ հազիվ մի երկու կիլո ալյուր ու բրինձ է տալիս ու գնում»: Բնակիչները շատ վրդովված էին նաեւ, որ ամեն ամիս նույն հ/կ-ից իրենց մոտ մի բժիշկ է գալիս ու անգամ մի չնչին հարցով դիմելու դեպքում իրենցից 100 դրամ փող է վերցնում, իսկ մեկ սրսկման համար՝ 50 դրամ. «Սա մեզ համար մեծ գումար է, ստիպված էդ բժշկին դիմում ենք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»: Փախստական Սեդա Բաբայանի պատմելով էլ, կենցաղային անտանելի պայմանների պատճառով մի քանի ամիս առաջ նրա եղբայրը մահացել է: Հանրակացարանի բնակիչներից մեկի՝ 66-ամյա Աիդա Շահնազարովայի 10 քմ մակերեսով սենյակն էլ անգամ դուռ չունի: Տան շեմին դռան փոխարեն մի փալաս էր կախված. «Թե ոնց եմ ես օրս մթնեցնում, միայն Աստծուն է հայտնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել