Լրահոս
Օրվա լրահոսը

«Փեշակը» ձեռքներից կառնեն

Նոյեմբեր 24,2007 00:00

Ընտանեկան բժիշկը ե՛ւ ականջ է մաքրելու, ե՛ւ կոկորդ է բուժելու, ե՛ւ ուռուցք է հեռացնելո՞ւ

Ընտանեկան բժշկի ինստիտուտն արդեն մի քանի տարի է՝ ներդրվել է մեր երկրում, սակայն պոլիկլինիկայի մի շարք բուժաշխատողների կարծիքով այն մոտակա 10-15 տարիների ընթացքում չի գործի: Պոլիկլինիկաների որոշ բժիշկներ մտահոգություն են հայտնում, որ ընտանեկան բժիշկներն իրենց «հացը կկտրեն», քանի որ այսուհետեւ նեղ մասնագետների գործը եւս պետք է կատարեն ընտանեկան բժիշկները: «Առաջ մեր տեղամասի բնակիչը երբ գալիս էր ու դժգոհում տեսողությունից, թերապեւտն անմիջապես ուղարկում էր ինձ մոտ, իսկ հիմա ինչ որ ես պիտի անեի՝ ինքը կանի: Օրինակ, աչքերը կստուգի, եթե կա բորբոքվածություն, էլի ինքը բուժում կնշանակի»,- «Առավոտին» դժգոհեց մայրաքաղաքի մի պոլիկլինիկայում աշխատող բժիշկ: Մեկ այլ մասնագետի խոսքերով էլ. «Իմ հիվանդները հիմնականում միջին տարիքի մարդիկ են: Երբ նրանք դիմում են թերապեւտին ու գանգատվում, ասենք, կոկորդի կամ ականջի ցավից, նա անմիջապես ինձ մոտ էր ուղարկում, իսկ հիմա ընտանեկան բժիշկը բոլոր իմ գործառույթները ձեռքիցս վերցրել է. եւ կզննի, եւ բուժում կնշանակի: Սովորաբար՝ պոլիկլինիկաներ այցելում են առողջական ոչ լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որոնց կամ ականջն է խցանված լինում, կամ էլ՝ կոկորդը բորբոքված, ինչի համար համապատասխան բուժում էինք նշանակում: Հիմա արդեն այդ բոլոր գործառույթներին ընտանեկան բժիշկը կտիրապետի ու մեզ մոտ էլ չի ուղարկի, այլ՝ ինքը կանի: Հիմա ի՞նչ է, պիտի թերապեւտների հետ լավ լինենք, որ մեզ մո՞տ էլ հիվանդ ուղարկեն»: Բժիշկներից մեկի համոզմամբ էլ, ընտանեկան բժիշկները այդքան հեշտությամբ չեն կարող նեղ մասնագետների «փեշակը ձեռքներից առնել», քանի որ՝ «ընտանեկան բժիշկը նեղ մասնագետների գիտելիքներին տիրապետում է մակերեսորեն, այլ ոչ թե այնքան խորապես, որ կարողանա կրծքագեղձի կիստան հեռացնի: Ես 12 տարի պոլիկլինիկայում վիրաբույժ եմ աշխատում ու կատարել եմ այնպիսի փոքր վիրահատություններ, որ ընտանեկան բժիշկը չի կարող անել, օրինակ՝ շատ են դեպքերը, երբ վիրահատական միջամտությամբ թութքը պետք է հեռացվի: Եթե հիվանդը գանգատվի ընտանեկան բժշկի մոտ, նա անպայման կուղեգրի ինձ մոտ, քանի որ ինքը նման վիրահատություն չի կարող անել»:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանն էլ հավաստեց, որ ընտանեկան բժշկի ֆունկցիաներն ավելին են, քան սովորական թերապեւտինը. «Ընտանեկան բժիշկը որոշակի ծավալներով բուժօգնություն է ցուցաբերելու, դա կարող է լինել վիրաբուժական կամ ակնաբուժական օգնություն, կարող է նաեւ քիթ-կոկորդի կամ այլ նեղ մասնագետին վերաբերող օգնություն ցույց տալ»:

Որպես ընտանեկան բժիշկ վերապատրաստված Կարինե Աբելյանի համոզմամբ էլ, այս համակարգը լուրջ մրցակցություն կստեղծի բժիշկների միջեւ եւ որպեսզի նրանք հիվանդ չկորցնեն, ստիպված կլինեն իրենց ոլորտում ավելի լավ մասնագիտանալ. «Եթե նեղ մասնագետը վերքը մաքրելուց բացի ուրիշ բան չի կարողանում անել, ուրեմն՝ ըստ էության, գործ էլ չի ունենա: Ընտանեկան բժիշկն իրավունք ունի որոշակի սահմաններում բուժօգնություն ցուցաբերել, ասենք՝ ականջը գրիպից հետո բորբոքվում ու ցավում է, ընտանեկան բժիշկը դա բուժում է կամ ականջի խցանումն է մաքրում, այսինքն՝ ոչ շատ բարդ բաներ: Եթե տեսնում է, որ բարդություն կա, նա անմիջապես ուղարկում է հիվանդանոց: Նեղ մասնագետը էլեմենտար բաներ չպիտի անի, այլ խորացված»:

Նշենք, որ այսուհետեւ պոլիկլինիկաները ֆինանսավորվելու են ըստ իրենց մոտ գրանցված այցելուների թվի: Թերեւս այդ է պատճառը, որ այս օրերին պոլիկլինիկաների տնօրեններն իրենց բժիշկներին գցել են դռնեդուռ՝ հորդորելով պացիենտ հավաքագրել: 2008թ. հունվարի 1-ից պոլիկլինիկաները առողջապահության նախարարություն պետք է ներկայացնեն իրենց մոտ գրանցվածների թիվը: Իսկ 2009-ին առաջնային օղակի բոլոր թերապեւտներն ու մանկաբույժները պետք է վերապատրաստված լինեն որպես ընտանեկան բժիշկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել