Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈՆ» ՆԱՅՈՂ ՉԿԱ

Նոյեմբեր 24,2007 00:00

Դատապարտյալ կանայք վստահեցնում են, որ բանտի պատերից դուրս՝ դատապարտյալ անունը շատ վատ է հնչում, իսկ ներսում այդ բառը ոչ մի իմաստ չունի:

\"\"Ա. Մնացականյանը զղջում է, որ թմրադեղեր տարածելով՝ շատ մարդկանց դժբախտության պատճառ է դարձել:

\"\"Նարինեն պնդում է, որ 16-ամյա աղջկա սպանության համար ինքը մեղավոր չէ եւ իրական հանցագործները ազատության մեջ են:

 

 

«Ամաչում ու անհարմար եմ զգում ասել, թե ինչ հոդվածով եմ նստած: Դե ոնց ասեմ, նարկոտիկների հետ ա կապված: Վատ եմ զգում, որ ես բանտում եմ հայտնվել, բայց դե, հասկանում եմ, որ եթե մեղավոր չլինեի, հաստատ ստեղ չէի լինի»,- «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) մեր այցելության ժամանակ «Առավոտին» պատմեց դատապարտյալ Ամալյա Մնացականյանը: Նա դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման, որից 2,5 տարին արդեն անցել է: Ա. Մնացականյանի ներկայացմամբ, բանտի պայմանները շատ լավն են ու ինքն էստեղ համարյա ոչ մի բանի կարիք չունի, միայն թե պատերը ճնշող են ու հարազատներին շատ է կարոտում: Նրա խոսքերով. «Ինձ շատ լավ են վերաբերվում: Նույնիսկ կարող ա մեր տանը մեզ էսքան լավ չհասկանան ու չընդունեն: Աղջիկներս 10 օրը մեկ գալիս են ինձ տեսնելու, ինչի կարիք որ ունենում եմ՝ բերում են»: Ա. Մնացականյանը պատմում է, որ դատապարտված կանանց միջեւ վիճաբանություններ հաճախ են լինում, բայց հսկողները թույլ չեն տալիս, որ այն լուրջ կռվի վերածվի: Դատապարտյալ կանայք հիմնականում կռվում են ուտելիքի համար. «Մեկին մի ուտելիքից շատ ա հասնում, մեկին քիչ՝ ու կռիվ ա դառնում: Դե, էդ նորմալ բան ա, բոլորի տներում էլ տենց խոսակցություններ լինում են»,- ասում է Ա. Մնացականյանն ու կատակով ավելացնում, որ իրենց մոտ այնքան լավ է, որ շատերը բանտից ազատվում են ու էլի շատ շուտ վերադառնում: Վաղօրոք մեր այցելության մասին տեղյակ չլինելով՝ Ա. Մնացականյանը ամիսներ առաջ նամակ էր գրել «Առավոտին» ու պահել՝ հույս ունենալով, որ մի օր կկարողանա այն ուղարկել ու իր նամակը կտպագրվի թերթի էջերում: Երբ նամակը անձամբ մեզ փոխանցելու հնարավորություն ընձեռվեց, նրա ուրախությանը չափ ու սահման չկար: Կատարելով դատապարտյալի խնդրանքը, մեջբերում ենք խմբագրությանը հասցեագրված նամակից մի հատված. «Ձեր թերթի միջոցով խորապես ցանկանում եմ իմ սրտի իղձերը արտահայտել, որովհետեւ եկել է հատուցման պահը: Ինչը ես գրում եմ՝ լոկ ճշմարտություն է: Տառապում եմ կրծքի մաստոպատիայով, բրուցելոզով, սրտի անբավարար աշխատանքով ու ստամոքսի պրոբլեմներով»: Ա. Մնացականյանը նամակում պատմում է, որ իր առողջական վիճակի պատճառով բանտում շատ ծանր օրեր է անցկացրել, սակայն շնորհիվ հոգատար բժիշկների ու բուժքույրերի՝ նա նորից ծնվել ու նոր կյանք է ստացել: Նամակում նա նշում է նաեւ, որ բանտի անձնակազմը ոչ մի րոպե զգացնել չի տալիս, որ իրենք հանցանքի համար դատապարտվածներ են, ու գիտեն, որ առաջին հերթին իրենք մայր են ու կին: Նամակի վերջում Ա. Մնացականյանը գրում է. «Այս պատերից դուրս՝ դատապարտյալ անունը շատ վատ է հնչում, բայց այստեղ այդ բառը ոչ մի իմաստ չունի»:

\"\"Քրիստինեն իր 2 անչափահաս երեխաների կողքին կլինի 6 տարի

հետո:

 

\"\"77-ամյա Կիմա տատը կանանց գաղութում արտոնյալ է՝ «ռազվոդի» չի կանգնում, կարցեր չի գնում:

 

 

 

Ի տարբերություն Ա. Մնացականյանի, մեկ այլ դատապարտյալ՝ ծնունդով վարդենիսցի Նարինե Նալբանդյանը կարծում է, որ իր տեղը բնավ էլ բանտում չէ: Ըստ նրա, իր գլխին սարքել են ու անտեղի բանտարկել: «Առավոտի» հետ զրույցում Նարինեն հուզված պատմում էր, որ իրեն 3 տարի առաջ սպանության մեղադրանքով են դատել. «Մի քանի տարի առաջ մեր համագյուղացիներից մեկի 16-ամյա աղջկան գողացան: Նա աղջկաս դասարանցին էր ու հենց էդ մասին իմացա՝ ինձ շատ վատ զգացի: 10 օր ոչ էդ աղջիկը կար, ոչ էլ նրանից մի լուր: Հետո պարզվեց, որ նրան փախցրել են, բռնաբարել ու սպանելուց հետո մազութի հորն են գցել:

Քանի որ աղջկա ծնողներին շատ էի խղճում, նամակ ուղարկեցի մեր ոստիկանություն, որտեղ գրել էի, որ սպանությունը Վարդենիսի ներքին գործերի բաժնի պաշտոնյաներից մեկն է արել: Նամակի համար ինձ շան ծեծ տվեցին: Հետո էլ եկան մեր տուն, որ մի ապացույց գտնեն: Ես էլ էդ դեպքից առաջ ամուսնուս գլխին հարվածել էի, նա չէր մահացել, բայց նրա գլխից գորգի վրա շատ արյուն էր թափվել: Գորգը սինթետիկ էր ու էդ արյունը ոչ մի կերպ չէր մաքրվում: Ոստիկաններին էլ տենց մի բան էր պետք: Հաստատեցին, որ գորգի վրայինը էդ աղջկա արյունն ա ու ինձ տարան բաժին: Ստիպեցին, որ մեղքը ինձ վրա վերցնեմ: Ամուսնուս խփելու դեպքի հետ կապված՝ ինձ արդեն աչքի տակ էին առել: Գյուղի ամենաթույլ օղակը մենք էինք ու սպանությունն էլ մեզ վրա բարդեցին: Ինձ էստեղ բերեցին, ամուսնուս էլ տարան Կոշի գաղութ: Բայց դե էսօր սաղ գյուղն էլ գիտի, որ էդ աղջկա քրոջ մարդը նարկոման ա ու էս պատմությունը դրա ձեռքի գործն ա»: Նա պատմում է, որ այստեղ բոլորն էլ հավասար են. «Էստեղ մեկը մյուսի վրա չի իշխում, մեզ ոչ ոք չի ճնշում: Բոլորս էլ իրար հետ հավասար աշխատում ենք, օրինակ, ես էսօր զուգարաններն եմ մաքրելու: Մեզ լավ են նայում, խիստ չեն պատժում, մի քանի անգամ նառուշենի անելուց հետո նոր միայն կարցեր են տանում»: Նարինեի անհանգստության միակ պատճառն իր երեխաներն էին, որ մնացել էին առանց ծնողական խնամքի: Նրա պատմելով. «Որ մտածում եմ՝ կարող ա իմ 16 տարեկան աղջիկը մարմնավաճառ դառնա, սիրտս չի դիմանում: Ուրախանալու ուրիշ բան չունեմ, ապրում եմ միայն իմ երեխաներին հասնելու հույսով»: Ն. Նալբանդյանը վստահ է, որ մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանն անգամ «վերեւների» հրահանգներով է ղեկավարվում, դրա համար էլ իրենց ցավին ոչ ոք դարման չի անում:

Թմրանյութերի իրացմամբ զբաղվելու մեղադրանքով 7,5 տարվա ազատազրկման դատապարտված Քրիստինե Առաքելյանը պատմում էր, որ ինքն իր մեղքն ընդունում է, բայց գտնում է, որ սահմանված պատիժը շատ խիստ է: «Հանրապետության հրապարակում ծանոթացա մի պարսիկի հետ: Զրուցեցինք, մտերմացանք, Երեւանում ման տվեցի: Էդպես խոսքի մեջ ասեցի, որ հիմնական աշխատանք չունեմ: Նա ինձ խոստացավ, որ իմ ճանապարհածախսի հարցը կլուծի ու ինձ իր հետ Թեհրան կտանի: Պայմանավորվեցինք, որ ես Թեհրանից չրեղեն էի բերելու, էստեղ վաճառելու էինք ու ինձ դրանից գումար էր մնալու: Երբ հասանք Թեհրան, պարզվեց, որ չիր ու չամիչի փոխարեն նարկոտիկ պիտի տանեմ Հայաստան ու հանձնեմ մի անծանոթի, որն էլ 1 գրամի համար $15 էր տալու: Ես շատ վախեցա ու հրաժարվեցի: Բայց ինձ ստիպեցին, սպառնացին, որ իմ երեխաների երեսն այլեւս չեմ տեսնի: Հազար ու մի վատություն կարող էին անել: Էլ ուրիշ ճար չկար, ստիպված համաձայնվեցի: Մածունի օգնությամբ մոտ 40 պարկուճ՝ 155.3 գրամ թմրանյութ եմ կուլ տվել: Բայց քանի որ կուլ տալը շատ դժվար էր, դրանից առաջ ես էլ էի «դեղ արել»: Էդպես նստեցի ինքնաթիռ, բայց օրգանիզմիս մեջ թմրանյութի քանակը շատ էր ու ես վատացա: Դեմքս ուռել էր, ոչ մի բան չէի հասկանում: Ուզում էի միայն, ինչքան հնարավոր ա, շուտ տուն հասնել: Համարյա անգիտակից վիճակում հասա տուն ու մոտ ութ ժամ մնացի տանը: Բայց քանի որ շատ վատ էի, ուզում էի շտապօգնություն կանչել, չհասցրի: Մի քանի ոստիկան եկան մեր տուն ու ինձ հարցրին, թե մոտս բան կա, թե՝ չէ: Վստահ եմ, որ նրանք ոչ մի բան էլ չգիտեին, ես նրանց ասեցի, որ հա, մեջս նարկոտիկ կա, խնդրում եմ ինձ օգնեք: Հիվանդանոցում էդ պարկուճները հանեցին ստամոքսիս միջից: Բայց դատարանում հաշվի չառան էն փաստը, որ ես միլիցեքին իմ կամքով եմ ասել, որ իմ մեջ նարկոտիկ կա, թե չէ նրանք որտեղի՞ց պիտի իմանային: Եթե անգամ նրանք իմ հետեւից չգային, մեկ ա, ես ասելու էի»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում էր 32-ամյա Քրիստինեն: Նա շատ վրդովված էր ու հավաստիացնում էր, որ դատանարկոլոգիական հանձնաժողովը իր առողջական վիճակի մասին դատարանին սխալ տեղեկություններ է տվել ու փորձաքննական եզրակացության մեջ նշել է, որ ինքը թմրամոլության հանդեպ հիվանդագին հակում ունի, տառապում է թմրամոլությամբ ու հարկադիր բուժման կարիք ունի: Քրիստինեն պատմում էր, որ ինքը երբեք նարկոտիկ չի օգտագործել: Նրա խոսքերով. «Երբ թռիչքից առաջ «դեղ էի արել», բացարձակ հաճույք չեմ զգացել, խեղդվում էի, շունչս կտրվում էր, դեմքս ուռել էր ու գիտակցությունս համարյա կորցրել էի»: Նրա խոսքերով, իր երկու երեխաներին շատ է կարոտում ու նրանք էլ իր կարիքը շատ ունեն. «Ինձ 3 ամիսը մեկ են տեսակցություն թույլ տալիս: Էդ շատ վատ ա, անչափահաս երեխաներս սովորելու ու կենցաղի հետ կապված խնդիրներ շատ են ունենում»: Երեխաներն այժմ Քրիստինեի մոր խնամքին են:

«Աբովյան» ՔԿՀ-ի ամենատարեց դատապարտյալը 77-ամյա Կիմա Վաղրամյանն է, որն ազատազրկվել է 4 հարազատների սպանության մեղադրանքով: «Նոյեմբերյանցի եմ: 9 տարի ա ստեղ եմ, դե, սխալվել եմ, բան էր՝ ստացվեց, ընգա ստեղ: Ճիշտ ա՝ սխալվել եմ, բայց որ ես դրանց հիշում եմ՝ տենում եմ, որ շատ էլ ճիշտ եմ արել: Արդեն 2 տարի ա, ինձ ոչ մեկը չի գալի տենալու, դե երեւի աղջկերքս հնար չունեն, լավ չեն ապրում: Բայց ինձ հետ ստեղ շատ լավ են վերաբերվում: Տարիքս հարգում են, չեն թողում, որ աշխատեմ, ասում են՝ դու մեծ ես, նստի: Ինձ շատ են հարգում ու լավ էլ նայում են: Հերթապահության չեն դնում, «ռազվոդի» չեն կանգնացնում: 9 տարի ապրում եմ ստեղ, որ հետս լավ չլնեին, հո էսքան չէի՞ ապրի»: Կ. Վաղրամյանը մեզ հետ զրույցում պատմում էր, որ ինքն ամբողջ օրը իր երեխաների ու թոռների համար գուլպա է գործում, ու օրը շատ հեշտ ու արագ է անցնում:

\"\"«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Էդուարդ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, ներկայումս գաղութում 125 կին բանտարկյալ կա: Է. Հովհաննիսյանը պատմում է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք շատ անկանխատեսելի են ու նրանց վեճերն էլ բնույթով շատ տարբեր են, երբեմն էլ պարզապես ծիծաղելի: Օրինակ, Է. Հովհաննիսյանը հիշում է, որ բանտի ջերմոցից հավաքած լոլիկների պատճառով կանայք մեծ սկանդալ են սարքել: Լոլիկները բաժանելու ժամանակ մի քանի կանայք իրենց բաժին հասած պոմիդորները համեմատել են կողքինների հետ ու գտել, որ իրենցը չափերով մի քիչ փոքր է: Նրանք պետին բողոքել են, որ բանտի աշխատակիցներն իրենց միջեւ խտրականություն են դնում: Է. Հովհաննիսյանի ներկայացմամբ, վիճաբանության ժամանակ դատապարտյալ կանայք աղմուկ- աղաղակ են բարձրացնում ու սկսում են միմյանց հիշեցնել կատարած հանցագործությունները: Սակայն ղեկավարությունը զսպում է կանանց պոռթկումներն ու նրանց հաշտեցնում: ՔԿՀ-ի պետի խոսքերով. «Առաջին օրերին նորեկները շոկի մեջ են ընկնում ու բոլորն էլ կարծում են, որ իրենք շատ ավելի լավն են, քան մյուսները, ու իրենց տեղը հանցագործների կողքին չէ: Բայց կամաց-կամաց իրենց մեղքը գիտակցում են ու հարմարվում»: Է. Հովհաննիսյանն ասում է նաեւ, որ բանտի վերահսկող անձնակազմը շատ ուշադիր հետեւում է, որպեսզի բանտարկյալները իրար վրա չիշխեն ու չճնշեն: Սակայն, ըստ նրա, միշտ էլ լինում են բանտում արդեն մի քանի տարի անցկացրած «շուստրիներ», որոնք փորձում են անմիջապես մտերմանալ նորեկների հետ, ծանոթացնել նրանց բանտի կանոններին՝ հետագայում նրանց համար բերվող «պերեդաչիից» օգտվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել