Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիրմայինն էլ են կեղծում

Նոյեմբեր 24,2007 00:00

Չես կարող վստահ լինել, որ թանկարժեք աչքի տուշերը, շրթունքի ներկերն ու կրեմ-դիմափոշիները հենց «իրենք» են, քանի որ կեղծվում են անգամ ապրանքի կոդերն ու տարբերանշանները:

Այսօր հանրապետություն է ներկրվում մեծ քանակությամբ էժանագին, կեղծված եւ կասկածելի բաղադրության անորակ կոսմետիկ միջոցներ, որոնք խիստ վտանգավոր են առողջության համար: Այդ կոսմետիկան խանութներում ազատ վաճառվում է, սակայն որեւէ վերահսկող մարմին չկա, որպեսզի արգելի կեղծ շպարման միջոցների ներմուծումն ու առուծախը: Կոսմետիկայի վաճառքի կետերում կատարած մեր հարցումներից պարզ դարձավ, որ կանանց եւ աղջիկների մեծամասնությունը հենց այդ անորակ միջոցներով էլ շպարվում է: Խանութների աշխատակիցների ներկայացմամբ, կանայք հիմնականում իրենց կոսմետիկան ընտրում են ոչ թե որակը հաշվի առնելով, այլ գրպանի պարունակությունը: «Տասը տարի այս գործով եմ զբաղվում եւ պետք է ասեմ, որ մեզ մոտ թանկարժեք եւ լավ ֆիրմաների կոսմետիկա էլ կա, սակայն ամենաշատը սպառվում է էժանանոցը, քանի որ մատչելի է: Ունենք ունեւոր հաճախորդներ, որոնց համար էլ բերում ենք թանկարժեքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Բարեկամության գետնանցումում կոսմետիկա վաճառող Կարինե Մովսիսյանը:

Բժիշկ-կոսմետոլոգների հավաստմամբ, նման կասկածելի բաղադրությամբ կոսմետիկ միջոցները կարող են անդառնալի հետեւանքներ թողնել կանանց մաշկի վրա: Հատկապես, երբ այդ միջոցները նրանք սկսում են օգտագործել հասունացման տարիքում: Կոսմետոլոգ Անուշ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում խորհուրդ տվեց անպայման գնել թանկարժեք կոսմետիկա, հակառակ դեպքում, բացի այն, որ էժանագինը ալերգիա եւ բորբոքումներ կառաջացնի, նաեւ «կնպաստի», որպեսզի դեմքը ժամանակից շուտ ծերանա. «Պետք է ուշադրություն դարձնել գնին, եթե ապրանքը թանկ է, դա արդեն վկայում է այն մասին, որ որակյալ է եւ լավ ֆիրմայի արտադրանք է: Պետք է նաեւ ուշադրություն դարձնել տարբերանշաններին, եթե դրանք համապատասխանում են այն երկրի կոդին, որտեղ արտադրվում է տվյալ ապրանքը, ապա այն իսկապես կեղծված չէ»:

Նկատենք, որ մեր երկրում հմուտ կեղծարարների շնորհիվ կեղծվում են անգամ տարբերանշանները, կոդերը եւ այդ ապրանքի որակի մասին հավաստող մի շարք ապացույցներ: Կոսմետիկայի վաճառքի կետերում ուսումնասիրություն կատարելու ժամանակ հայտնաբերեցինք, որ, օրինակ՝ «Լորեալ» ֆիրմայի եռահարկ դիմափոշին, նույն տուփով, վաճառվում է 2000-ից մինչեւ 16 հազար դրամ: Երբ «Տաշիր» տոնավաճառի աշխատակցից հետաքրքրվեցինք, թե ինչու են նույն փաթեթավորմամբ դիմափոշին իրենց մոտ վաճառում 11 հազար դրամ, երբ նույն ապրանքը մեկ այլ խանութում արժեր 2000 դրամ, վերջինս բորբոքված պատասխանեց. «Ազիզ ջան, մեր մոտինը ֆիրման ա, ինքը, մեր ապրանքը հենց Ֆրանսիայից ենք ստանում, օֆիսն անձամբ ա բերում: Իսկ ձեր ասածը թուրքական պատենդն ա, ուզո՞ւմ ես դրանից ես քեզ 1000 դրամով բերեմ»: Այն, որ այս վաճառակետի «Լորեալ» ֆիրմային պատկանող եռահարկ դիմափոշին էլ էր կեղծված, պարզ դարձավ այն բանից, երբ այցելեցինք «Լորեալ» ընկերությանը պատկանող պաշտոնական կայք էջ: Էջում ցուցադրվում է ֆիրմայի արտադրանքի ողջ տեսականին, այդ թվում եւ դիմափոշիները: Նկատենք, որ «Լորեալը» եռահարկ դիմափոշի ընդհանրապես չի արտադրում եւ նման փաթեթավորմամբ ոչ մի ապրանք չունի: Սա մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ կոսմետիկայի բիզնեսով զբաղվող որոշ առեւտրականներ: Նրանց խոսքերով, իսկական «Լորեալի» դիմափոշիները բավականին թանկ արժեն եւ դժվար թե էժանագին կոսմետիկա ներկրողները մեծ քանակությամբ թանկարժեք ապրանք բերեն. «Ուղղակի գինը սահմանում են՝ ելնելով խանութների «պրեստիժությունից», կամ ներմուծողն է նույն ապրանքը տարբեր խանութների հանձնում տարբեր գներով, կամ վաճառողներն են բարձր գին սահմանում՝ ակնկալելով, որ հաճախորդը եթե տեսնի թանկ է՝ կհավատա, որ ֆիրման է»:

Բժիշկ-կոսմետոլոգ Լաուրա Խաչատրյանն էլ հավաստիացրեց, որ մեր շուկայում առկա էժանագին կոսմետիկ միջոցներից ամենաանվնասը բուլղարական արտադրանքն է. «Գոնե երիտասարդների մաշկը չի վնասի: ԱՊՀ երկրների արտադրած կոսմետիկան էլ վատը չէ, դրանք էլ են էժան, համեմատած եվրոպական երկրների արտադրանքի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել