Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԲԱՑՎՈՒՄ Է

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"Տարիներ առաջ թաղված վտանգավոր թունաքիմիկատները սպառնում են թունավորել շրջակա միջավայրը

Մոտ 20 տարի առաջ Արտաշատ քաղաքի մոտակայքում «Հայգյուղքիմիա» միավորումը կառուցել է թունաքիմիկատների «դամբարան», որտեղ թաղվել են մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար չափազանց վտանգավոր եւ գործածությունից դուրս եկած ավելի քան 500 տոննա թունաքիմիկատներ եւ քլորօրգանական միացություններ: Այսօր թունաքիմիկատների գերեզմանոցը սողանքների հետեւանքով տեղաշարժվում է, ինչը, մասնագետների պնդմամբ, կարող է հսկայական վնաս հասցնել շրջապատին: Բացի այն, որ գերեզմանոցի շինարարները հաշվի չէին առել, որ տեղանքը սողանքային գոտի է եւ այն կառուցել են հենց սողանքի կենտրոնում, թունաքիմիկատները պարզապես թաղվել են հողի մեջ, «դամբարանը» չունի ո՛չ բետոնե հատակ, ո՛չ պատեր: Փորձագետները չեն բացառում, որ այդ տարիների ընթացքում հողի տակ քիմիական ռեակցիաներ ընթացած լինեն, ինչը կհանգեցներ ավելի թունավոր նյութերի առաջացմանը, ինչպես, օրինակ՝ «ֆոսգեն» հեղձուցիչ գազն է, որը, ըստ մասնագետների, օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գազային հարձակումների նպատակով: Որ թունաքիմիկատներն արդեն ներթափանցել են հողի մեջ՝ վկայում է նաեւ այն, որ գերեզմանոցի տարածքում հողը շերտավորվել է եւ գունափոխվել:

Առաջին անգամ 2001-ին այս խնդրով սկսել է զբաղվել «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը, որն էլ, ըստ հ/կ-ի նախագահ Լիլիկ Սիմոնյանի, սկսել է ուսումնասիրություններ կատարել նշյալ տարածքում: Վերջին տարիներին հ/կ-ի հետ սկսել են համագործակցել Արտակարգ իրավիճակների վարչությունը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտը, բնապահպանության նախարարությունը:

«Գերեզմանոցի տարբեր խորություններից մեզ բերեցին հողի նմուշներ՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար: Երբ բացեցինք հողի տոպրակները, առաջին իսկ պահից շատ վատ զգացինք, մեթիլ մեթանի սուր հոտ էր գալիս, հետո ուժեղ գլխացավ եւ սրտխառնոց ունեցանք: Սա հերիք է ապացուցելու, որ այդ թունաքիմիկատներն արդեն իսկ բնահողի մեջ են թափանցել՝ անկախ դրանց խորությունից»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի լաբորատորիայի մասնագետ Անահիտ Մինասյանը: Երբ թաղված թունաքիմիկատների վտանգավոր լինելու մասին տեղեկացվել է Հայաստանի կառավարությանը, վերջինս թիվ 526-Ա որոշմամբ ծրագրել է տեղանքը ցանկապատել, ջրերը հեռացնելու համար առվակներ կառուցել, վերացնել մոտակա ճահճուտը եւ այլն: Հակառակ դեպքում, ինչպես մասնագետներն են նշում, սողանքներն ուժեղանալու պարագայում մոտակա 3 գյուղերը՝ Գեղանիստ, Մուշավան, Ջրաշեն, ամառանոցային գոտիներն ու Էրեբունի արգելոցը մեծ վնասներ կկրեն: Աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 8 միլիոն 600 հազար դրամ:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ն նաեւ ուսումնասիրություններ է կատարել, պարզելու, թե գերեզմանոցում թաղված եւ մարդու առողջության համար խիստ վտանգավոր դիքլոր-դիֆինիլ-տրիքլոր (ԴԴՏ) թունաքիմիկատ պարունակվու՞մ է արդյոք գյուղերի խմելու, ոռոգման ջրի, բուսականության եւ կենդանական սննդի մեջ: Համեմատության համար վերցրել են Արարատի մարզի 10 գյուղերի եւ Կոտայքի մարզի ծննդատան մայրերի կրծքի կաթը: Պարզվել է, որ այդ թունաքիմիկատի որոշ քանակություն առկա է գրեթե բոլոր կանանց կաթի մեջ:

ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի «Գեոէկոլոգիայի» լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանի ներկայացմամբ էլ՝ «Երբ կատարեցինք գերեզմանոցի ուսումնասիրություն, պարզեցինք, որ նյութերի թաղման հետեւանքով սողանքի մեջ մի նոր, ավելի մեծ սողանք է առաջացել, որը ժամանակին կհասունանա եւ միանգամից կպոկվի»:

Թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության հարցերով զբաղվում է ՀՀ փրկարար ծառայությունը: Վերջերս ծառայությունը մի որոշում է կայացրել, ըստ որի՝ ամիսը 2 անգամ մասնագետների մի խումբ հետեւելու է տեղանքում ընթացող գործընթացներին եւ այդ ամենի մասին հաշվետվություն է ներկայացնելու: «Վերջին անգամ գնացել ենք սեպտեմբերի 20-ին, տեղանքը քննել ենք, համեմատել ենք անցած ամսվա տվյալների հետ եւ ներկայացրել մեր ղեկավարությանը: Գարնան եւ աշնան ամիսներին ավելի հաճախ ենք գնում, քանզի այդ ժամանակ ձնհալների, անձրեւների պատճառով սողանքներն ավելի ակտիվ են»,- մեզ հետ զրույցում հայտնեց Հայաստանի փրկարար ծառայության մոնիտորինգի բաժնի պետ Միքայել Ղազարյանը:

Նկատենք, որ տեղումների եւ սելավների հետեւանքով «դամբարանի» թունաքիմիկատները կհոսեն ու կլցվեն այդ հատվածով հոսող գետերն ու առուները: Հայաստանի փրկարար ծառայության բնակչության եւ տարածքային պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Լյուդվիգ Նազարյանի խոսքերով, գերեզմանոցի քայքայման գործընթացն արդեն սկսված է. «Թունավոր կեղտաջրերը կարող են հասնել Հրազդան, ապա Արաքս գետերին, որը եւ կարող է միջպետական շահերի, խնդիրների բախման պատճառ հանդիսանալ»: «Սրա կանխարգելման աշխատանքները ծախսատար են, ժամանակատար եւ քիչ արդյունավետ: Պետք է գերեզմանոցը տեղափոխել կամ ոչնչացնել»,- մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեցին փրկարար ծառայության ու «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի պատասխանատուները:

Մասնագետների ներկայացմամբ, այսօր շատ զարգացած երկրներ ունեն թափոնները ոչնչացնող տեխնոլոգիաներ: Փորձագետները հաշվել են եւ պարզել, որ Հայաստանի համար այն կազմում է 1.5-2.5 միլիոն եվրո գումար: Նշենք, որ մի շարք միջազգային հիմնադրամներ պատրաստակամություն են հայտնել թափոնների ոչնչացման հարցում օգնել մեր երկրին, սակայն պայմանով, որ ֆինանսական միջոցների մի մասը կհատկացնի ՀՀ կառավարությունը, որը, սակայն, բացի 526 «ա» որոշումից, այդ ուղղությամբ դեռեւս ոչինչ չի ձեռնարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել