Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձայնը լսելի չէ»

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"Ճարտարապետների միության 16-րդ համագումարում երեկ հայտարարեց նախագահ Մկրտիչ Մինասյանը

Երեկ հրավիրվեց Ճարտարապետների միության 16-րդ երկօրյա համագումարը: Առաջին անգամ այն գումարվել էր 1937-ին: Ըստ կանոնադրության՝ համագումար է հրավիրվում 2 տարին մեկ անգամ, սակայն նախորդ համագումարից արդեն 5 տարի է անցել: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք սպասում էին ԱԺ-ում «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի քննարկմանը, որն անընդհատ ձգձգվում էր: Երեկվա համագումարին ներկա էր 216 պատգամավոր:

Համագումարն սկսելու համար պետք էր քվորումի ապահովում, այսինքն՝ 275 պատգամավորի ներկայություն: Քանի որ քվորում չապահովվեց, Ճարտարապետների միության անդամները որոշեցին սպասել, մինչեւ իրենց մյուս գործընկերները ժամանեն: Մինչ այդ, միության նախագահը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետը մայրաքաղաքի ճարտարապետաշինարարական նկարագրի մասին զրուցեցին լրագրողների հետ: «Շատ գեղեցիկ կառույցներ կան, բայց խնդիրներ էլ ունենք մեր քաղաքում. օրինակ՝ քաղաքի խտությունը, կանաչ տարածքների օտարումը, մայրաքաղաքի կենտրոնի դեմքի աղավաղումը»,- փաստեց Մ. Մինասյանը: Իսկ Հյուսիսային պողոտայի մասին ասաց. «Մեծ աշխատանք է տարվել, բարելավվել է այնպիսի տարածք, որն ընդհանրապես քաղաքաշինական ոչ մի նորմայի չէր բերվում, եւ անընդունելի էր քաղաքի սրտում նման թաղամաս ունենալը: Մեր մասնագետների մեծամասնության կարծիքով՝ Հյուսիսային պողոտան կարող էր ավելի լավը լինել, եթե մի քանի անգամ չափեինք, նոր կտրեինք: Ի վերջո, քաղաքը միջավայրային հասկացություն է: Շենքը կարող է առանձին վերցված լավը լինել, սակայն եթե ճիշտ միջավայրում դրված չէ՝ կորցնում է հմայքը: Այնպես որ՝ Հյուսիսային պողոտայի միջավայրը մեր քաղաքին հարիր չէ»: «Առավոտը» Մ. Մինասյանից հետաքրքրվեց, համամի՞տ է այն կարծիքին, որ ստեղծագործական միությունները ձեւական են, անցյալի մնացուկ: «Ճարտարապետների միությունը օրենքով իր խոսքը պիտի ասի, ու դա պիտի լսելի լինի եւ պետության, եւ հասարակության կողմից: Սակայն մեր խոսքն այժմ լսելի չէ, դրա համար էլ ուզում են ազատվել միություններից»,- պատասխանեց Մ. Մինասյանը: Ճարտարապետների միության պատվավոր անդամ Վարազդատ Հարությունյանն իր ուղերձում նշել էր, որ այժմ քաղաքի ճարտարապետությունը թելադրում են ոչ թե ճարտարապետները, այլ գործարարները: Ս. Դանիելյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ո՞րն է դրա պատճառը: «Ճարտարապետությունը բոլոր ժամանակներում էլ որոշակի սոցիալական պատվեր է կատարում: Նախկինում պատվիրատուն միայն պետությունն էր, այսօր այդ դաշտն ընդլայնվել է՝ պատվիրատու են նաեւ անհատ ներդնողները: Ուստի քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը պիտի զարգանան ե՛ւ որպես քաղաքաշինական օրգանիզմ, ե՛ւ բավարարեն ներդնողների առաջադրած խնդիրները»,- պատասխանեց գլխավոր ճարտարապետը: Համագումարի ավարտին կընտրվի նաեւ միության նախագահը: Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սագսյանից էլ «Առավոտը» հետաքրքրվեց, թե առաջադրելո՞ւ է, արդյոք, իր թեկնածությունը։ «Չեմ կարծում: Հետո էլ դա իմ ցանկության եւ որոշելու խնդիրը չէ: Կարծում եմ, որ միության նախագահի եւ վարչության հարցում պետք է թարմություն մտցվի: Ցավոք, մեր միությունը կրավորական դիրք ունի, եւ այսօր, երբ հիմնական թելադրողները օլիգարխներն են՝ ճարտարապետի մասնագիտությունը ձեւափոխման առումով լուրջ վտանգի առաջ է կանգնած: Չենք կասկածում, որ մեր միությունն անհրաժեշտ է, աշխարհի բոլոր երկրներում նման միություններ կան, քանի որ ճարտարապետությունը պետության հետ առնչվող արվեստ է: Սակայն ես կողմնակից եմ ճարտարապետների պալատի ստեղծմանը, որը կունենա լիցենզիաներ տրամադրելու, հետ վերցնելու, մասնագիտական դատարանների գործառույթներ, ապահովագրական ինստիտուտներ»,- պատասխանեց պրն Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել