Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՕՊԵՐԱՆԵՐԸ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԵՆ ԲԵՄԱԴՐՎՈՒՄ

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"ԽՍՀՄ տարիներին եւ այսօր՝ վիճակը Հայաստանում նույնն է

ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Յուրի Գեւորգյանին, որը շուրջ 5 տարի բնակվում է Վիեննայում, ներկայացնելու հարկ չկա: Կոմպոզիտորի ստեղծագործական դիապազոնը լայն է. սիմֆոնիաներից, կանտատներից, օպերետներից, գործիքային տարբեր ստեղծագործություններից մինչեւ երգեր: Յու. Գեւորգյանը հեղինակ է նաեւ երեք օպերաների: Առաջին երկուսը՝ «Խարույկը» եւ «Վերք Հայաստանին» նվիրված են Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության 150-ամյակին (1978թ.) եւ ժամանակին պատվիրվել են մշակույթի նախարարության կողմից: Սակայն դրանցից բեմադրվել է միայն «Խարույկը» (ռեժիսոր՝ Ա. Գուլակյան), որը 1970-ականների վերջից ընդամենը երեք թատերաշրջան է «ապրել»: Արտերկրում ապրող ու ստեղծագործող իր հայրենակիցների նման, Յու. Գեւորգյանն էլ ժամանակ առ ժամանակ այցելում է հայրենիք: Վերջերս կոմպոզիտորը Երեւանում էր եւ «Առավոտին» ուրախությամբ հայտնեց, որ իր երրորդ օպերան՝ «Խաղաքարտերը», հաջողությամբ է ընդունվել ավստրիացի երաժշտասերների կողմից: «Օպերայի թեման արդիական է: Ցանկություն ունեի ներկայացնելու այսօրվա կյանքն ու ընդհանրապես առօրյան, բարու եւ չարի մշտական հակամարտությունը: Լիբրետոն գրել է ավստրիացի ճանաչված հեղինակ Մանֆրեդ Հրուբանտը: Խաղաքարտերի «օգնությամբ» ցոփ կյանքի պատճառով վաղաժամ երկրային կյանքը լքած ու անդրաշխարհում հայտնված գլխավոր հերոսը՝ Սեմը, փորձում է վերադառնալ իրական աշխարհ: Մնացած դերերը միստիկական են՝ գլխավոր հրեշտակ, սատանա, մահ, ծաղրածու, քրմուհի, որոնք իրենց փորձություններով գլխավոր հերոսին ցույց են տալիս կյանքի դժվարությունները, տառապանքներն ու կորուստները, որոնց վերջնական արդյունքը հերոսին իրական կյանք վերադարձնելն է…»,- ներկայացրեց պարոն Գեւորգյանը:

«Առավոտի» մի քանի հարցերին, այդ թվում՝ թե ինչո՞ւ ժամանակին պատվիրված «Վերք Հայաստանի» օպերան չի բեմադրվել, արդյո՞ք կոմպոզիտորը ցանկություն չունի «Խաղաքարտերը» ավստրիացիների ուժերով ներկայացնել կամ հայաստանցիների մասնակցությամբ բեմադրել Երեւանի օպերային թատրոնում, Յու. Գեւորգյանը պարզապես չպատասխանեց: Նա ընդամենն ասաց. «Ամեն ինչ լավ է, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում»:

ՀՀ կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ ասաց, որ Գեւորգյանը եղել եւ մնում է իրենց միության անդամ ու նրա ստեղծագործական կյանքը հիանալի է Ավստրիայում, որպես ապացույց նշելով «Խաղաքարտերի» պրեմիերայի հաջողությունը: «Առավոտի» մյուս հարցն էլ՝ ե՞րբ է պատրաստվում ավստրիաբնակ հայ կոմպոզիտորը ներկայանալ հայրենիքում, նորից մնաց անպատասխան:

Փորձեցինք Յու. Գեւորգյանի գործընկերներից եւ մտերիմներից իմանալ՝ գուցե կոմպոզիտորը հիասթափվա՞ծ է հեռացել հայրենիքից: Անվանի արվեստագետներից ոմանք, հաստատելով մեր ենթադրությունը, մատնացույց արեցին առաջին հերթին օպերային թատրոնի վիճակը, հետո էլ մանրամասնելով տեղեկացրին, թե խորհրդային տարիներին էլ ամեն ինչ հարթ չէր այնտեղ, օրինակ, Յուրի Գեւորգյանը երբ իր «Վերք Հայաստանի» օպերայի համար ստացել էր պատկառելի գումար եւ մշակույթի նախարարությունն էլ պետք է միջոցներ հատկացներ օպերայի բեմադրությանը, հեղինակը հարկադրված էր տարիներով սպասել: Պատճառներից մեկն էլ այն էր, որ առաջին հերթում էր Էդգար Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» բալետը եւ էլի մի քանի հեղինակների գործեր: Մի խոսքով, նույն պատկերն էր, ինչ մեր օրերում, մի բացառությամբ՝ որ օպերային թատրոնի խաղացանկը հարուստ էր եւ բեմ դուրս գալու համար մեներգիչները երկար չէին սպասում իրենց հերթին: Սպասողի կարգավիճակում միայն ժամանակակից հեղինակներն էին:

Յուրի Գեւորգյանի վիճակը «Առավոտին» հուշեց հետաքրքրվել, թե ե՞րբ է բեմադրվելու անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, որը վերաբեմադրելու համար 2006թ. կառավարությունում որոշում է կայացվել՝ անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ: Այդ առիթով մշակույթի նախարարության արվեստի բաժնի պետ Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ «Սայաթ-Նովայի» գումարը փոխանցված է, այն անպայման բեմադրվելու է. «Պարզապես Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերայի բեմադրական աշխատանքներն են ձգձգվում»: Հավանաբար, պատկառելի տարիքի պատճառով անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը չի հետեւի Յուրի Գեւորգյանի օրինակին՝ օպերան բեմադրել եվրոպաներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել