Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դրամատիկականի երիտասարդ քննադատները

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"ԵՊՀ ուսանողները քննարկում են թատրոնի ներկայացումները

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այս ամիս քննադատների պակաս չուներ: ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում բուհի մի խումբ ուսանողներ պարբերաբար դիտում էին թատրոնի ներկայացումները, իսկ ավարտից հետո դերասանական կազմի հետ քննարկում նրանց խաղը եւ զրուցում թատրոնին վերաբերող թեմաներով: «Թատրոնն է առաջարկել նմանատիպ ծրագիր իրականացնել: Նրանք ցանկանում էին ինչ-որ կերպ կապի մեջ լինել հանդիսատեսի հետ: Արմեն Խանդիկյանը մի առիթով ասաց, որ նախկինում կար հանդիսատեսի հետ շփման ավանդույթ, սակայն բավականին երկար ժամանակ է, ինչ իրենք կտրված են հանդիսատեսից, բացի այդ, նրանց խոսքով՝ իրենք կարոտ են անկեղծ խոսքի, կուզեին, որ թատերական խիստ քննադատություն լիներ, ինչը հիմա շատ է պակասում»,- ասաց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Դրամատիկական թատրոնն ուսանողներին անվճար հատկացնում է նախապես ընտրված ներկայացումների («Գնդապետ թռչուն», «Մոռանալ Հերոստրատին», «Մակբեթ», «Դոն Ժուան») տոմսերը: «Առաջինը երիտասարդ սերբ ռեժիսորի ստեղծագործություն է, որն ունի արդիական թեմատիկա: 2-րդ ներկայացման հետաքրքրությունն էլ այն էր, որ մոտ 30 տարի կա դրամատիկականի խաղացանկում, կարեւոր էր իմանալ այսօրվա հանդիսատեսի վերաբերմունքը: «Մակբեթն» էլ հետաքրքիր էր, քանի որ գլխավոր դերում Արթուր Ութմազյանն էր, նրան երիտասարդներն այսօր այլ տեսակի մեջ են ընդունում: Դոն Ժուանի թեմատիկան էլ է հոգեհարազատ երիտասարդներին»,- փաստեց Կ. Դավթյանը: Հետաքրքրվեցինք՝ երիտասարդները համարձակ հարցեր տվե՞լ են, թե՞ վախեցել իրենց կարծիքը արտահայտել. «Կային ե՛ւ համարձակները, ե՛ւ այնպիսիները, որոնք զուտ հիացմունք էին արտահայտում: Հիմնականում հարցեր են հնչում դերասանական խաղի, թատրոն- հանդիսատես, թատրոն-շոու հարաբերությունների շրջանականերում»,- հայտնեց Կ. Դավթյանը: Զրուցեցինք նաեւ ուսանողների հետ: Ուսանողուհի Մանե Մադոյանն ասաց. «Ավելի հաջողված էր «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումը, քան «Մակբեթը»: Այստեղ գլխավոր դերակատարների՝ Արթուր Ութմազյանի եւ Լիլիթ Մեսրոպյանի խաղը չհավանեցի: Ջրի եւ քարի սիմվոլները հետաքրքիր էին, իսկ չափից ավելի շատ լուսավորությունը մի փոքր ծանրացնում էր ներկայացումը»: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության ֆոտոկինոբաժնի լուսանկարիչ Ասատուր Եսայանը նշեց. «Փաստորեն, անհասանելի այդ մարդկանց՝ դերասաններին ուսանողները կարող են հարց տալ եւ նաեւ պատասխան ստանալ: Այդ շփումը հնարավոր է երիտասարդի կյանքը կտրուկ փոխի»: Բանասիրական ֆակուլտետի մի ուսանողուհի էլ քննարկումներից մեկի ժամանակ հետաքրքրվել է, թե այժմ դրամատիկականի խաղացանկում ինչո՞ւ չկան «Չաոյի», «Վերջին ուսուցչի» նման ներկայացումներ, որոնք արդիական խնդիրներ են բարձրացնում: Դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը մտահոգ էր, իրենք էլ են սպասում նման նյութի, այսինքն՝ կա դրամատուրգիայի պահանջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել