Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՐԲԱԿԱՆ «ԳԻՔՈՐԸ»՝ HAPPY END-ՈՎ

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» կատակերգությունը՝ հայկական կինոէկրաններին

Վերջերս «Նաիրի» կինոթատրոնի կիսադատարկ դահլիճում ցուցադրվեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» ֆիլմը: Գլխավոր դերերում նկարահանվել են Միկի Մանոյլովիչը, Լիլիանա Բլագոյեւիչը, Ալեքսանդր Բերչեկը եւ այլք: Առաջին հայացքից ֆիլմը պարզունակ կատակերգություն է, սական այն իրականում խոր ծալքեր ունի: Ամեն ինչ այնքան իդիլիական չէ, ինչպես թվում է: Իրադարձությունները սկսվում են սերբական փոքրիկ գյուղակից ու հասնում մեծ քաղաք: Լքված, մոռացված գյուղակի բնակիչներն են՝ իմաստուն մի պապիկ, որին եթե հայկական ժողովրդախոսակցական ոլորտի բառով բնութագրելու լինենք՝ հազարանփեշակ է, Ցանե անունով թոռնիկը, նրանց խելացի կովը՝ Ցվետկան, գյուղի «օպտիմալացված» դպրոցի ուսուցչուհին, որ ողջ կյանքում սպասել է իր ասպետին՝ Ցանեի պապիկին, սակայն վերջինս համառորեն չի ամուսնացել նրա հետ: Մի խոսքով՝ համարյա հայկական իրականություն. հեռավոր գյուղից երիտասարդները հեռացել են, դպրոցը վերածվել է «տաղավարի», որտեղ կարելի է հարբել ու հայհոյել, միակ ուսուցիչը ու միակ աշակերտը ողբերգություն են ապրում…

Պապը պատգամում է թոռանը գնալ քաղաք, վաճառել կովը, այնտեղից գնել Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը, գտնել հարսնացու ու վերադառնալ հայրենի գյուղը շենացնելու: Քաղաքում սերբական «Գիքորի» առաջ նոր աշխարհ է բացվում՝ այլասերություն, արկածներ, ինչը խորթ է եկեղեցու հետ մշտական շփում ունեցած պատանու համար: Վերջինս միամիտ է, մաքուր, այնպես է հավատում Աստծուն ու իր հաջողությանը, որ թքած ունի անընդհատ իրեն «հետապնդող» կրակահերթերի ու բանդիտների վրա: Ցանեն առաջին իսկ պահից որոշում է, որ պիտի Յասնա անունով քաղաքի գեղեցկուհին իրենը լինի եւ այդպես էլ լինում է: Նա աղջկան փրկում է մարմնավաճառների որջից ու տանում մաքուր միջավայր՝ իրենց գյուղ: Ի տարբերություն հայկական «Գիքորի», սերբականը happy end-ով է:

Մի նրբություն եւս՝ Ցանեի հարսնացուի ուսուցչուհի մայրը գիշերները զբաղվում է մարմնավաճառությամբ եւ մի անգամ էլ «գործի բերումով» առնչվում է տղայի հետ: Դպրոցի եւ ուսուցչի կարոտ Ցանեի գլխին աշխարհն ասես փուլ է գալիս՝ մանկավարժը նրա համար համարյա սուրբ է՝ համարժեք իրենց Նիկոլայ Հրաշագործին…

Ի դեպ, ֆիլմում մի հերոս էլ կա, որն իր հետ մշտապես ման է տալիս «գեղեցկուհի» հնդկահավի: Այդ հերոսը հիշեցնում է Հրաչ Քեշիշյանի նկարած «Մի վախեցիր» ֆիլմի սափրագլուխ Շեֆին, որի ուղեկիցն էլ սիրամարգն էր: Հանրահայտ Կուստուրիցան դժվար թե դիտած լինի Քեշիշյանի ֆիլմը ու ինչ-որ բան նրանից «թխած»: Իսկ ա՛յ հակառակը՝ չի բացառվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել