Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եկամուտներն ավելացել են, ծախսերը՝ նույնպես

Նոյեմբեր 24,2007 00:00

Հաջորդ տարվա բյուջեի նախագծից նախարարներ Միքայել Հարությունյանը, Աղվան Վարդանյանը, Ներսես Երիցյանը եւ Հարություն Քուշկյանը դժգոհելու տեղ չունեն:

2008թվականի պետբյուջեի նախագիծն այս տարվա բյուջեից ավելի լավն է: Համենայնդեպս, այդպես են կարծում մի շարք պաշտոնյաներ՝ վստահեցնելով, որ այդ նախագծում հաշվարկները շատ գրագետ են արված եւ թույլ են տալիս ծախսերն ավելի թափանցիկ կատարել:

Նկատենք, որ 2008-ի բյուջեի նախագիծը լավն է այն առումով, որ ավելի շատ է, քան 2007-ինը: Նախատեսվում է 2008-ին ծախսել 820 միլիարդ 782 միլիոն դրամ: Բյուջեի ծախսերը մոտ 48 միլիոնով գերազանցում են եկամուտները: Այդ պակասը լրացնելու են ներքին աղբյուրների՝ պետական արժեթղթերի, գանձապետական պարտատոմսերի եւ արտաքին աղբյուրների՝ հիմնականում արտերկրից ստացվող վարկային միջոցների հաշվին: Քանի որ բյուջեն մեծացել է, նախորդ տարվա համեմատությամբ գրեթե բոլոր ոլորտներին հատկացվող գումարներն ավելացել են: Օրինակ, առողջապահությանը մոտ 7 մլրդ դրամ ավելի են տալու: Ըստ պետբյուջեի նախագծի, այդ գումարը հիմնականում ուղղվելու է բնակչությանը մատուցվող հիվանդանոցային ծառայությունների որակի բարելավմանը: Այսպիսով, եկող տարի հիվանդանոցային ծառայությունների, բժշկական սարքավորումների, դեղագործական ապրանքների եւ առողջապահական այլ ծառայությունների համար պետբյուջեից կհատկացվի 54 միլիարդ 608 միլիոն դրամ:

Ավելացել են նաեւ պետբյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները: Մասնավորապես, նախատեսվում է մի քանի միլիարդ դրամով ավելացնել գործազրկության, կենսաթոշակների, անապահով խավի բնակարանային ապահովման խնդիրների համար հատկացվող գումարները: Այնպես որ, նախարար Աղվան Վարդանյանը նախագծից դժգոհելու տեղ չունի: Բյուջեում ֆիքսված է, որ 2008-ին մեծ ուշադրություն են դարձնելու նաեւ արդյունաբերությանը, շինարարության եւ բնապահպանության ոլորտներին: Դավիթ Լոքյանի ղեկավարած գերատեսչությունը՝ գյուղնախարարությունը, 2008-ի պետբյուջեի ավելացումից այնքան էլ չի օգտվելու: Նախատեսված է այդ նախարարությանն ընդամենը 4 մլրդ դրամ ավելի տալ, քան 2007-ին: Գյուղատնտեսական տեխնիկայի, պարարտանյութերի, մշակաբույսերի պահպանության, ինչպես նաեւ ձկնաբուծության եւ անտառային ու ջրային տնտեսություններին հատկացվող գումարները հաջորդ տարի կկազմեն 29 միլիարդ 920 միլիոն դրամ: Իսկ բնապահպանության նախարարությանը հատկացվող գումարները նախորդ տարվանից ընդամենը 1 մլրդ դրամով են ավելի: Ընդհանուր առմամբ, շրջակա միջավայրի պաշտպանության համար 2008-ի բյուջեով նախատեսված է 4 միլիարդ 395 միլիոն դրամ, որից ավելի քան 248 միլիոնը նախատեսվում է ծախսել օդի աղտոտման դեմ պայքարի համար, իսկ 976 միլիարդը՝ կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության համար: Ամենաքիչ գումարը հատկացվել է հանրապետության աղբահանությունը կազմակերպելու եւ փողոցները մաքրելու համար՝ 28 մլն դրամ:

Ուշագրավ է, որ, աղբահանությունից բացի, 2008-ին նախատեսված է անտարբերության մատնել արվեստն ու մշակույթը, այս բնագավառներին հատկացվող գումարներն ավելանալու փոխարեն պակասել են: Արվեստի պահպանության համար հատկացվող գումարները կրճատվել են 110 միլիոնով. նախորդ տարվա 3 միլիարդ 335 միլիոն դրամի փոխարեն՝ այս տարի կազմելով 3 միլիարդ 225 միլիոն դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ զգալի պակասել են նաեւ հուշարձանների եւ մշակութային արժեքների պահպանմանը, մշակութային տներին եւ ակումբներին, ինչպես նաեւ թանգարաններին եւ ցուցահանդեսներին հատկացվող գումարները: Նախագծում շատ սահմանափակ ֆինանսական միջոցներ են նախատեսված նաեւ կինեմատոգրաֆիայի, հրատարակչությունների եւ խմբագրությունների համար: Փոխարենը՝ բավականին ավելացել են ազգային անվտանգության, դատաիրավական համակարգի, ռազմական կարիքների եւ փրկարար ծառայության համար հատկացվող գումարները:

Հիշեցնենք, որ բյուջեի նախագիծն ԱԺ-ի արտահերթ նիստում քվեարկության է դրվելու նոյեմբերի 27-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել