Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇՎԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ»

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"«Առավոտին» ասում է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը

– Հետաքրքիր է, թե որպես սկիզբ առած նախագահական ընտրապայքարին չմասնակցող քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք գնահատում պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդների նախնական հնարավորությունները: Երրորդ կողմի հայացքը միշտ անաչառ է լինում:

– Իմ կարծիքով, առաջիկա նախագահական ընտրապայքարը նմանվելու է ոչ թե նախորդ՝ 2003-ի, այլ 1998-ի ընտրություններին: Այն ժամանակ նույնպես առկա էր 10 տարվա լռությունից հետո քաղաքական ասպարեզ վերադարձած նախկին խարիզմատիկ առաջնորդի ֆենոմենը: 1998-ին այդ խարիզմատիկ եւ ժողովրդի կողմից սիրված լիդերը Կարեն Դեմիրճյանն էր, իսկ 2008-ին այդ դափնիներին փորձում է հավակնել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Գերազանցապես հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Տեր-Պետրոսյանի հրապարակային քաղաքական հայտ ներկայացնելու այն քայլը, որ հոկտեմբերի 26-ի հանրահավաքին նա ներկայացավ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակ տարած «Միասնություն» դաշինքի ղեկավարներ Կարեն Դեմիրճյանի որդու՝ Ստեփան Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի քաղաքական աջակցությամբ: Պատահական չէ նաեւ, որ Տեր-Պետրոսյանն իր ապագա գործունեության անկյունաքարերից մեկը համարեց «հոկտեմբերի 27»-ի հարցը: Վերոհիշյալը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանը փորձում է վերստին անցնել հաղթանակած միասնության փշոտ ճանապարհը: Ընդհանրապես, ոչ պատրանքային հարթությունում գործող իսկական ընտրյալների հաջողության բանաձեւը հետեւյալն է. «Աստծո կամքով՝ ժողովրդի որոշմամբ»:

Քաղաքական դաշտում, պետական ապարատում եւ անգամ՝ գործարար խավի ներսում վերադասավորումներ առաջ բերելու նպատակով Տեր-Պետրոսյանի ներկայացրած հայտը թերեւս ամենահետաքրքրական լուծումն է, սակայն որքանո՞վ այն կներազդի իրենց՝ ընտրողների հիմնական զանգվածի տրամադրությունների վրա, առայժմ դժվար է կանխագուշակել: 1998-ին Կարեն Դեմիրճյանի ընտրությանը կողմ էր հասարակ ժողովուրդը, սակայն դեմ էր քաղաքական դաշտի մեծ մասը: Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում չի բացառվում, որ լինի հակառակը: ՀՀ առաջին նախագահի քաղաքական հայտի հանդեպ շարքային ընտրողի վերաբերմունքը միանշանակ չէ եւ հազիվ թե կարող էր միանշանակ լինել: Անվիճելի է, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված իր բոլոր սխալներով ու բացթողումներով հանդերձ՝ Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Միաժամանակ դժվար է ասել՝ կհաջողվի՞, արդյոք, Տեր-Պետրոսյանին՝ անմիջականորեն շփվելով ժողովրդի հետ, կոտրել ընտրողների մի ստվար զանգվածի մոտ իր հանդեպ առկա անվստահությունը: Այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ նրա վերադարձը բացում է ընդդիմադիր ընտրազանգվածի երկատման ճանապարհը: Սա ես ասում եմ ո՛չ որպես շահագրգիռ քաղաքական գործիչ, այլ մարդ, որն ունի իր սեփական «հայացքը կողքից»: Համենայնդեպս, ՀՀ առաջին նախագահի հետագա քայլերը ցույց կտան, թե առաջիկայում ի վիճակի՞ է արդյոք նա կոտրել անվստահության սառույցը: Միայն ժամանակը ցույց կտա, թե Տեր-Պետրոսյանի վերադարձը ժամանակի՞ն է, թե՞ ժամանակավրեպ եւ արդյոք տասնամյա, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում՝ «պարապույթի» ժամանակային գործոնը ժամանակի՞ն է աշխատում, թե՞ անժամանակ:

Իմ դիտարկմամբ, դիմակայության բնույթի, տարատեսակ էքսցեսների, հետագա քաղաքական զարգացումների, միտումների, ուղղվածության եւ վերջնական հանգուցալուծման տեսանկյունից՝ 2008-ի նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ թերեւս բազմաթիվ աղերսներ կունենան 1996 թվականի «կամպանիայի» հետ: Վերջին հաշվով, Հայաստանի քաղաքական կյանքի թիվ մեկ հիմնահարցը դարձյալ կարող է դառնալ հանրապետության նախագահի լեգիտիմության հարցը: Ուստի, ինձ համար, որպես շարքային քաղաքացու, ինչպես բազմիցս հայտարարել եմ, ոչ այնքան կարեւոր է, թե ո՞վ կընտրվի ՀՀ նախագահ, այլ՝ թե ինչպե՞ս կընտրվի:

– Համոզվա՞ծ եք, որ ՀՀ առաջին նախագահի քաղաքական ասպարեզ վերադառնալուց հետո զարգացումները ծավալվելու են իշխանություններ-ընդդիմություն, կամ՝ Սերժ Սարգսյան- Լեւոն Տեր-Պետրոսյան դիմակայության սցենարով:

– Ոչ, ես այդպիսի բան չասացի, քանի որ գոնե առայժմ, ընտրապայքարի աշնանային փուլում, ասպարեզում հստակորեն տեսնում եմ միանգամից երեք անհատների: Ընդ որում՝ երեքն էլ նախկին են՝ իշխանություն կամ պաշտոնյա: Մյուս թեկնածուներն առայժմ բուն գործընթացներում հասկանալի պատճառներով որդեգրել են սպասողական մարտավարություն:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին արդեն ասացիք, իշխանության թեկնածուն էլ հայտնի է, բայց ո՞վ է երրորդը: Նկատի ունեք Վազգեն Մանուկյանի՞ն:

– Ցավոք՝ ոչ, քանի որ Տեր-Պետրոսյանի հայտից հետո Մանուկյանին դժվար կլինի կրկնել 1996-ի սցենարը: Այս երկու ծանրակշիռ անհատականությունները միշտ էլ ամուր կերպով փակում են միմյանց ճանապարհը եւ դրանից միշտ օգտվում է երրորդը: 1996-ի հետեւանքներից մեկը 1997-ին Քոչարյանի վարչապետ դառնալն էր՝ դրանից բխող հայտնի զարգացումներով:

– Բայց չէ՞ որ այս անգամ դա բացառվում է եւ գործող նախագահը չի կարող 3-րդ անգամ առաջադրվել:

– Ես ակնարկեցի ոչ թե Քոչարյանի 3-րդ անգամ առաջադրվելու, այլ կրկին վարչապետ դառնալու հնարավորության մասին։ Իսկ երեք անհատներ ասելով, այո՛, նկատի ունեմ այն փաստը, որ երրորդը գործող նախագահն է, որն իրականում դուրս չի եկել քաղաքական գործընթացներից: Հիշեցնեմ, որ վերջերս վարչապետ Սերժ Սարգսյանը բավականին զգուշորեն հասկացրեց, թե Քոչարյանին չի տեսնում հաջորդ վարչապետի պաշտոնում: Բայց գործող նախագահն էլ իր խոսնակի միջոցով, այնուհետեւ նաեւ անձամբ՝ օրիգինալ պատասխան տվեց. դեռ չեմ որոշել, իսկ երբ որոշեմ՝ կասեմ, այսինքն՝ որոշողը ես եմ։ Ի՞նչ է սա, եթե ոչ հարմար պահն ընտրելու եւ վերստին քաղաքական հայտ ներկայացնելու պատրաստակամություն։ Կրկնում եմ՝ քաղաքական, որովհետեւ եթե վարչապետի պաշտոնում նշանակվի Ռոբերտ Քոչարյանը, ապա նա փորձելու է լինել առաջինը։ Մի՞թե մոռացել եք, թե նա ժամանակին ինչպես խաղարկեց «դիտորդի» իր դերը. քաշվեց մի կողմ, հետո «ցատկեց» ու վերատիրացավ իշխանությանը։ Նաեւ չի բացառվում, որ եթե նախագահական ընտրություններում հաղթի իշխանական թեւի ներկայացուցիչը, ապա Քոչարյանը ստանձնի հայ-ռուսական կամ հայ-ռուս-իրանական համատեղ, գերազանցապես պետական բաժնեմաս ունեցող եւ այդպիսով երաշխավորված տնտեսական, մասնավորապես էներգետիկայի բնագավառի որեւէ խոշոր կառույցի ղեկավարությունը՝ այսինքն կրկնվի Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի հայկական տարբերակը: Ավելացնեմ, որ գործող նախագահի գործելաոճից երեւում է, որ նա իր թիմակցի հաղթանակի պարագայում փորձելու է այս կամ այն ձեւով պահպանել իր ազդեցությունը իշխանական համակարգում: Իմ տպավորությամբ, իշխանության ներսում կա մրցակցություն: Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ նախագահական հավակնություններ ունեցող վարչապետ Սերժ Սարգսյանը համբերատար սպասել է մոնոլիտ իշխանություն ձեւավորելու իր ժամանակին եւ, նրա կարծիքով, այդ ժամանակը եկել է, իսկ Քոչարյանի տեսակետով՝ ինքը չպետք է դառնա, իր արտահայտությամբ, «ամենաերիտասարդ թոշակառուն»: Այսօրվա ներիշխանական մրցակցության հիմնական լեյտմոտիվը հենց սա է:

– Հետաքրքիր միտք է, բայց չէ՞ որ Քոչարյանն արդեն իշխանական գրեթե ողջ ռեսուրսը հանձնել է Սերժ Սարգսյանին եւ իր խոսնակի միջոցով հայտարարել է, թե նրան է տեսնում հաջորդ նախագահի դերում:

– Այո՛, նրան է տեսնում, բայց ինչպիսի՞ նախագահի դերում՝ ուժե՞ղ, թե՞ թույլ: Եվ հետո, այդ ո՞վ ասաց, որ իշխանական ողջ ռեսուրսը Քոչարյանը հանձնել է Սերժ Սարգսյանին: Նման բան չկա: Իմ տպավորությամբ, անգամ քարոզչական ռեսուրսները դեռեւս գտնվում են նախագահական նստավայրի վերահսկողության ներքո, ինչը հազիվ թե ձեռնտու լինի նախագահական հավակնություններ ունեցող վարչապետին: Չնայած ներիշխանական խմորումներն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում, սակայն փաստն այն է, որ նախագահականի թելադրանքով Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվող հակաքարոզչությունը հազիվ թե նպաստի Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացմանը: Այդ տեսակետից ուսանելի են Չերչիլի հետեւյալ խոսքերը, թե «քաղաքական գործչի մասին գրված ամեն ինչ նպաստում է վերջինիս վարկանիշի բարձրացմանը, բացի նրա մահախոսականից»: Ավելին, ուժային համակարգն անցած ամռան ու այս աշնան ընթացքում նախկինից է՛լ ավելի է կենտրոնացվել գործող նախագահի ձեռքերում: Վերջին շրջանում Քոչարյանի կատարած քայլերը, ինչպես նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու դաշնակցության որդեգրած դիրքորոշումն անհրաժեշտ է գերազանցապես դիտարկել գործող նախագահի վարչապետական նկրտումների համատեքստում: Պատահական չէ նաեւ, որ վերջերս մեր որոշ գործիչներ սկսել են հիշել 1998-ի փետրվարին մի գիշերվա ընթացքում ԱԺ պատգամավորների գունափոխման փաստը։ Ո՞վ կարող էր նրանց մեջ հույսեր արթնացնել՝ այդ տարբերակի կրկնության հավանականության մասին…

– Տեր-Պետրոսյանի ահռելի փորձն ու հրապարակային գործչի հանգամանքը կանգնում են Սերժ Սարգսյանի նույնքան ահռելի վարչական ու ֆինանսական ռեսուրսների դեմ-հանդիման: Ի՞նչ կասեիք այդ մասին:

– Վերոհիշյալ գործիչներին այդ գնահատականները թերեւս ուշագրավ են: Հավելեմ միայն, որ անգամ գործող վարչապետի կոշտ ընդդիմախոս Տեր-Պետրոսյանն է ընդունում, որ Սարգսյանը պետական աշխատանքի լուրջ ճանապարհ անցած գործիչ է, իսկ վարչական ու կազմակերպչական գործունեության այդպիսի փորձը լուրջ խաղաքարտ է առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ: Իրոք, Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի արսենալում գտնվող ռեսուրսները գործում են տարբեր դաշտերում, որոնց բախումը կարող է ստեղծել լուրջ իրավիճակ: Գործող վարչապետի եւ առաջին նախագահի մեկնարկային հնարավորությունները եւ դրանցից բխող հնարավոր քայլերը բացարձակապես ասիմետրիկ են, իսկ ռազմական արվեստի պատմությունը վկայում է, որ «ասիմետրիկ պատասխանների» առկայության դեպքում պայքարը դառնում է խիստ անկանխատեսելի:

Ուրեմն, ընտրապայքարի այս փուլին բնորոշ հիմնական «նորույթը» կարող է լինել մասնավորապես այն, որ 1998-ի նման՝ մենք ընտրելու ենք նախկին կամ ներկա ղեկավարների միջեւ: Տասը տարին մեկ հեռանալ-վերադառնալու պրակտիկան արդեն Հայաստանի երրորդ հանրապետության պատմության հիմնական օրինաչափությունն է դառնում: 1988-ին հեռացավ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը, որ 1998-ին վերադառնա: 1998-ին հեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ փորձի վերադառնալ 2008-ին: Այդ տեսակետից, այսօրվա հայաստանյան քաղաքական կյանքի նրբերանգներից մեկն այն է, որ որոշ իմաստով՝ Հայաստանի ապագան կարող է որոշվել անցյալի ու ներկայի պայքարում, նախկին թիմակիցների բախման տիրույթում: Այսօրվա իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքական համակարգի զարգացումը խաթարելու եւ անգամ այն մեկ տասնամյակով հետ մղելու արդյունքն է, որ 2008-ի նախագահական ընտրություններն ամենայն հավանականությամբ կծավալվեն ոչ թե ներկայի ու ապագայի թեկնածուների, այլ ներկայի եւ նախկինի միջեւ: Այսինքն, նախկինը շանս է ստացել ապացուցելու, որ ինքը ներկայից լավն է: Քաղաքական ու քաղաքագիտական տեսանկյունից՝ դա միանգամայն ընկալելի, բայց ինչ-որ առումով նաեւ քննարկելի իրավիճակ է: Ի դեպ, առաջիկայում հանրությանը կներկայացնեմ նախագահական ընտրությունների հետ կապված առավել համապարփակ եւ ծավալուն վերլուծություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել