Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը չվերադառնալ

Անշուշտ, Ռուսաստանը բարբարոսական երկիր է նախ իր սահմանների ներսում՝ Կուստյինի նկարագրած ժամանակներից մինչեւ այսօր, երբ այդ երկրի անգամ մայրաքաղաքային երիտասարդները կարող են բոլորովին անծանոթ մարդու վրա հարձակվել ու դանակով, երկաթով, ապակու կտորտանքով տանջամահ անել. ընդսմին ոչ ոք չպատժվի, ոչ մի պաշտոնյա ներողություն չխնդրի:

Սակայն հետեւանքների առումով ավելի էական է այն, որ եվրոպական քաղաքակրթության տեսակետից Ռուսաստանը բարբարոսական երկիր է միջազգային հարաբերություններում: Բարբարոսության եւ քաղաքակրթության տարբերությունը որեւէ ժողովրդի ստեղծած մշակույթի կամ արդյունաբերության մեջ չէ, այլ նախ մարդու հանդեպ վերաբերմունքի: Մարդու արժեւորումն է եվրոպական քաղաքակրթության ալֆան եւ օմեգան, այն անհաղթահարելի ձգողականությունը, որով Եվրոպան նվաճում է աշխարհը՝ ամեն դարում վերստին ու վերստին:

Մինչդեռ ռուսները բարբարոս են, նախ, որովհետեւ, նվաճում են ինչ կարող են եւ ինչ պատահի, ինչպես ցանկացած տափաստանային ժողովուրդ (մոնղոլ, թաթար, թուրք): Հասկանալիորեն ռուսական նվաճումների գաղափարական պաճուճանքը՝ քրիստոնեություն, հեղափոխություն, կոմունիզմ, Եվրոպայի համար իրերի էություն չի փոխում: Եվ երկրորդ՝ ռուսները, ինչպես մյուս տափաստանային ժողովուրդները նվաճում են՝ մարդուն իբրեւ զինանյութ օգտագործելով, առաջանում են՝ որքան հարկավոր է մարդկային զանգված զոհաբերելով: Ռուսական ռազմարվեստում էլ գրեթե բանաձեւ է այն, ինչ ասվել է ընդհանրապես Չինաստանի համար՝ 19-րդ դարի Օպիումային պատերազմներից հետո, ընդ որում՝ չինացու կողմից, «Չինաստանն ունի յուրահատկություն, որ կարող է ցանկացած պատերազմում իրեն թույլ տալ ունենալ մի քանի միլիոն զոհ, այնքան, որքան հարկավոր է: Եվրոպացիները դա չեն կարող»:

Կոստանդնուպոլսի գրավումից ի վեր մի քանի դար Եվրոպայում առաջացող թուրքերը, այնուհետեւ ռուսները ոչ թե ռազմական ձիրք ու տաղանդ ունեին, ինչպես հռոմեական զորավարները, այլ ուղղակի սեփական զոհերի թիվն անտեսելու հնարավորություն եւ ունակություն, ինչը որքան քանակական ռեսուրսի, նույնքան էլ բարբարոսական էության հարց է: Կան Երկրորդ աշխարհամարտի հուշագրություններ, թե ինչպես են Օդեսայի շրջափակման ժամանակ գերմանացի զինվորականներ, անգամ բարձրաստիճան հրամանատարներ խելագարվել՝ օրեր ու շաբաթներ շարունակ ջրի երես բարձրացող դիակների անվերջ տեսարանից: Մինչդեռ ռուսական էության համար դա պատերազմելու ձեւ էր. Հայրենականում 20 միլիոն զոհ տվեցին, հարկավոր լիներ կանանց էլ կզորակոչեին՝ 40 միլիոն զոհ կտային:

Բարբարոսական այդ խաղաթուղթը՝ պատերազմի ելքը կախման մեջ դնել մարդուժի զոհաբերելի քանակությունից, որ 1453-ից մինչեւ 1989-ի Բեռլինի պատի փլուզում Արեւելյան Եվրոպան մղձավանջի մեջ պահած թուրքական, այնուհետեւ ռուսական նվաճումների հաղթաթուղթն էր, վերջապես չեզոքացվեց 20-րդ դարում՝ զանգվածային ոչնչացման զենքերի հայտնագործումով: Մնացյալը ժամանակը տնօրինեց: 20-րդ դարասկզբին վերջնական փլուզվեց Օսմանյան կայսրությունը: Դարի երկրորդ կեսին ստեղծված ատոմային, ջրածնային զենքերն ու Արեւմուտքի նախաձեռնած սպառազինության մրցավազքը ուժասպառ արեցին ԽՍՀՄ-ին եւ եվրոպական մայրցամաքում փլուզեցին նաեւ Ռուսական կայսրությունը: 1989-92-ին միավորվեցին Գերմանիաները եւ ռուսական ազդեցության ուղեծրից դուրս եկան արեւելաեվրոպական երկրները մինչեւ Մերձբալթիկա: Մեկ տասնամյակ անց՝ 2004-ին, Եվրամիության կազմում միավորվեց գրեթե ողջ մայրցամաքը եւ մեկնարկեց ռուսական ազդեցության ուղեծրից վերջին եվրոպական տարածքների հեռացումը՝ Ուկրաինա, Բեսարաբիա, Հարավային Կովկաս:

Կարծել, թե Եվրոպան՝ Ռուսաստանի դեմ դարեր տեւած իր պայքարում վերջապես տոնելով հաղթարշավ, չի ավարտելու այդ ընթացքը առնվազն ներկա Ռուսաստանի ողջ եվրոպական սահմանագծով՝ Մերձբալթիկայից մինչեւ Անդրկովկաս անխոցելի սահման հաստատելով, նշանակում է ռուս-եվրոպական հարաբերությունների քվինտ-էսենցիան չհասկանալ:

Այլ հարց, եթե ռուսական կայսրությունը այնպես փլուզվեր, որ մնար միայն ազգային մետրոպոլիա, ինչպես Օսմանյան կայսրությունից՝ Թուրքիա: Նման պետության դեմ Եվրոպան ոչինչ չէր ունենա: Բայց Ռուսաստանը չի կարող չմնալ կայսրություն, որովհետեւ Սիբիր ունի եւ այլն: Հետեւաբար Եվրոպան այդ կայսրությունից անջատվելու է ՆԱՏՕ-ի առկայությամբ դեմարկացվող գծով եւ ռուս-վրացական ու ռուս-ադրբեջանական սահմանների վերածվելը Եվրամիություն-Ռուսաստան սահմանի՝ առաջիկա տարիների հարց է:

Ավելին՝ ի դժբախտություն մեր մակարոնասերների, Եվրոմեդ ասված աշխարհաքաղաքական հասկացությունը այսօր գրեթե նույնպիսի հիմնարար ու ծրագրային հասկացություն է եվրոպական քաղաքականության մեջ, ինչպիսին 1992-ին դարձավ Եվրամիությունը: Եվրոմեդը (Euro-Mediterra

nean)՝ Եվրոպայի եւ Միջերկրականի ավազանի երկրների տնտեսական միավորումն է, որի աշխարհագրական սահմանները գծված են ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության ծրագրով: Արդյունքում՝ Հարավային Կովկասը տարածքային սահմանագիծ է ե՛ւ Եվրամիության ընդլայնման տեսակետից, ե՛ւ Եվրոմեդ գործընթացի աշխարհագրությամբ:

Սա է աշխարհաքաղաքական տեղաշարժը, որ 200-ամյա, ինչ-որ առումով նույնիսկ հազարամյա դրվածք է փոխում Հայաստանի համար: 200-ամյա դրվածքը փոխվում է այնքանով, որ ավարտվելու է ռուսական ներկայությունը Անդրկովկասում: Հազարամյա դրվածքը փոխվում է այնքանով, որ վերականգնվում են Բագրատունյաց թագավորության անկումով ավարտված Հայաստան-Եվրոպա ուղղակի հարաբերությունները:

Եվրոպական գնացքը ժամանում է

Ռուսաստանի ուղեծրից դուրս եկող եւ Եվրոպայի հետ միավորման գործընթացում գտնվող մյուս երկրները՝ Մերձբալթիկայից մինչեւ Ադրբեջան, որեւէ խոչընդոտ չունեն այդ ճանապարհին, բացի Ռուսաստանի դիմադրությունից: Մինչդեռ Հայաստանը ավելի քան մեկեւկես դար գտնվելով ռուս-թուրքական դիմակայության կիզակետում, ժառանգել է կատարելապես խեղված հարաբերություններ թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ, որոնք կարգավորելու անհրաժեշտություն կա: Իհարկե, հիմնախնդիրը հայկական հարցն է, որ հայերը հաճախ նույնացնում են Հայ Դատի հետ եւ նույնիսկ հարցի ծագումը կեսդարյա սխալանքով են նշում. այն ծագել է 1915-ի ցեղասպանությունից առնվազն կես դար առաջ:

Հայկական հարցը, ըստ էության, սկսել է ուրվագծվել այն պահից, երբ ռուսական Նիկոլայ I ցարը զարգացնելով Եկատերինա Մեծի եւ եղբոր՝ Ալեքսանդր I-ի նվաճումները, Թուրքիան կոչեց «Եվրոպայի հիվանդ մարդ» եւ ձեւակերպեց ռուսական քաղաքականության արեւելյան դոկտրինը: Այդ դոկտրինն ապրեց ավելի երկար, քան ինքը՝ ցարիզմը, նույնիսկ մենշեւիզմն ու բոլշեւիզմը եւ պատմության գիրկն է անցնում միայն մեր օրերում: Դոկտրինը ըստ էության հետեւյալն էր՝ 1. Դարդանելի եւ Բոսֆորի վրա ծածանել ռուսական դրոշ, 2. Արեւմտյան Հայաստանի տարածքով հասնել Միջերկրական ծով:

Ռուսական էքսպանսիոնիզմը հատել էր ռուբիկոնը եւ Եվրոպայում որոշեցին, որ համբերության բաժակը լցվեց: Հենց հաջորդ՝ 1850-ականների Ղրիմի ռուս-թուրքական պատերազմում Արեւմտյան Եվրոպան միջամտեց եւ ջախջախեց ռուսական զորքը: Ռուսական ցարերը գիտակցեցին, որ բացահայտ ճակատամարտելով դոկտրին կենսագործել Եվրոպան թույլ չի տա: Մնում էր Միջերկրականի ափ հասնելու համար հայկական հենարան ստեղծել: Հերթական՝ 1870-ականների ռուս-թուրքական պատերազմից հետո ռուսները բացահայտ պահանջեցին, որ թուրքական սուլթանը Արեւմտյան Հայաստանում անցկացնի բարեփոխումներ, եւ այդ բարեփոխումները վերահսկելու մանդատը տրվի Ռուսաստանին: Ոչ այլ ինչ, քան տարածքի հանդեպ հավակնությունների անսքող հայտարարում: Դա 1878-ին էր, Բեռլինի կոնգրեսում, որտեղ գործադրվող զենքերը Խրիմյան Հայրիկին չգիտես ինչու «շերեփ» էին թվացել:

Էության մեջ հենց այս՝ Արեւմտյան Հայաստանի տարածքով Միջերկրական հասնելու ռուսական հավակնությունն էր՝ բարձրաձայնված 1878-ին Բեռլինում, որ միջազգային դիվանագիտության մեջ «հայկական հարց» անվանումը ստացավ: Հասկանալիորեն ցեղասպանությունից 4 տասնամյակ առաջ այն չէր կարող կապ ունենալ ոչ ցեղասպանության ճանաչման հետ, ոչ տարածքային որեւէ պահանջի: Հայերի հետ հարցը առնչություն ուներ այնքանով, որ Հայաստանի տարածքը, ինչ-որ տեղ գուցե նաեւ հայկական ուժերն էին սպասադրվում Միջերկրականի ափ հասնելու Ռուսաստանի ծավալապաշտական ծրագրին:

Այդ իրադարձություններից միայն չորս տասնամյակ հետո՝ 1918-20-ին հայերը վերականգնեցին իրենց անկախ պետությունը եւ ուղղակի հարաբերություններ հաստատեցին Եվրոպայի հետ: Իսկ մինչ այդ եւ դրանից հետո էլ Թուրքիան Եվրոպայի համար կար ու մնաց պատնեշ ռուսական առաջխաղացման դեմ: Երկու հարյուր տարվա մեջ միայն երկու տարի՝ 1918-20-ին են ռուսները հեռացել Անդրկովկասից. այդ երկու տարում եւ Հայաստանի անկախությունը վերականգնվեց, եւ երկիրը միջազգայնորեն ճանաչվեց, եւ Սեւրի դաշնագիրը ստորագրվեց: 1920-ին ռուսները վերադարձան, բնականաբար, վեր հառնեցին նաեւ թուրքերը: Հայաստանը խորհրդայնացվեց եւ դրանով էլ կանխորոշեց Սեւրի դաշնագրի փոխարինումը Լոզանի դաշնագրով:

Իսկ Նիկոլայ I-ի ծրագրերը ռուսական մտասեւեռում մնացին նաեւ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Հայաստանում դեռ ապրում են մարդիկ, որոնց 1940-ականներին Վանի, Կարսի, Էրզրումի նահանգային պաշտոնյաների վկայականներ են բաժանված եղել. այն աստիճան օրախնդիր հարց էր ներխուժումը Արեւմտյան Հայաստան: Այլ հարց, որ նույնիսկ Ստալինի կարգի թերուսին են թերեւս բացատրել, որ ռուսների առաջխաղացման արգելումը դեպի Միջերկրական՝ գրեթե եվրոպական քաղաքակրթության ուխտ է՝ վեր ներքին եվրոպական տարաձայնություններից:

Վերջապես այսօր՝ Բեռլինի պատի փլուզմանը հաջորդած շուրջ 20-ամյա իրադարձություններից հետո, Եվրոպան հասնում է Հայաստան: Իսկ դա նշանակում է, որ մենք ոչ թե այս ու այն մետրոպոլիայի հետ, այլ միջազգային քաղաքական հարթությունում ենք վճռելու մեր ճակատագիրը՝ հնարավորություն ունենալով մի կողմ թողնել եւ ռուսներին, եւ թուրքերին:

Եվրոպական գնացքը ժամանում է: Արդիականացնելով Վազգեն Մանուկյանի հայտնի ֆրազը՝ կարելի է ասել. «ԳԱԼԻՍ Է ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»: Ընդ որում, մենք հնարավորություն չունենք վարանելու: Մենք միայն խնդիր ունենք գիտակցելու, թե ինչ է նշանակում կառամատույցում մնալ:

88-ի Հայաստան եւ Տեր-Պետրոսյան

Ամփոփենք. առաջիկա մի քանի տարվա համար Հայաստանի առջեւ ծառացած է միջազգային քաղաքական գործընթացներով խաչաձեւված առնվազն երեք մարտահրավեր: Առաջին՝ վերադարձ Եվրոպա հազարամյա ընդմիջումից հետո, երկրորդ՝ Ռուսաստանից կախվածության հաղթահարում շուրջ երկդարյա գաղութ լինելով հանդերձ, երրորդ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում՝ ցեղասպանության կնճիռ ունենալով:

Կարծել թե Հայաստանի քաղաքական դաշտում գերակշռող տառաճանաչները կարող են այս կարգի հարցեր պատկերացնել, նույնն է հավատալ, թե նրանք կարող են Կալլասի նման երգել կամ Նուրիեւի նման պարել. դա անհնար է անատոմիական մակարդակում:

Մի քիչ ավելի գրագետներն էլ՝ կուսակցությունների մեծ մասի առաջին-երկրորդ դեմքերը, եթե փորձեն միջազգային քաղաքականության հարցերի մասին խոսել, կհայտնվեն Արթուր Բաղդասարյանի վիճակում, որ մի տեղ հայտարարեն՝ պետք է ՆԱՏՕ-ին միանալ, մյուս տեղում՝ պետք չէ: Մի քանի բառ արտաբերել հայտարարության տեսքով՝ թութակն էլ կարող է, ասածը հիմնավորելն է հարցը:

Վերջապես, եթե համարենք, որ երկրի քաղաքական դաշտում Տեր-Պետրոսյանից բացի գոյություն ունեն եւս մի քանի գործիչներ, որ կարող են միջազգային քաղաքականություն պատկերացնել եւ դիրքորոշում ունենալ, միեւնույն է, ոչ ոք Հայաստանում, բացի Տեր-Պետրոսյանից, չունի առնչություն միջազգային քաղաքական խնդրի կարգավորման հետ:

Տեր-Պետրոսյանը, կարելի է ասել, բացառիկ գործիչ է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ նույնիսկ 20-րդ դարի երկրորդ կեսի Եվրոպայի պատմության մեջ, ով կարողացավ կամ ում թույլ տրվեց հարեւան երկրի տարածքը վերածել բուֆերային գոտու եւ անգամ օկուպանտ չորակվել, մյուս կողմից էլ այդ մարդուն հաջողվեց անկանոն զինված խմբավորումները հսկողության ներքո պահել այնպես, որ չմտնեն տարածքներ, որոնք հնարավոր էր նվաճել այդ պահին, բայց երկրի համար խնդիր կդառնային ապագայում:

Տեր-Պետրոսյանի միջազգային քաղաքական այս կենսափորձը միայն բավական է, դեռ ինտելեկտուալ գերազանցությունը մի կողմ թողած, որ աշխարհը ոչ մի երկրորդ թեկնածություն նույնիսկ չդիտարկի: Սա է բացատրությունը, թե ինչու էքսնախագահը չէր կարող չվերադառնալ եւ վերադառնում է: Ով հայ ժողովրդի պատմությունից գիտի, թե ինչպես էին Վերսալյան վեհաժողովում Ահարոնյանի կողքին հրավիրում Պողոս Նուբար փաշա եւ նրա հետ բանակցում, որովհետեւ Հայաստանում չկար ադեկվատ գործիչ՝ միջազգային քաղաքական ասպարեզում հանդես գալու, չի կարող չգիտակցել Տեր-Պետրոսյանի արժեքը, եւ Հայաստանի բարեբախտությունը, որ նա կա:

Այլ հարց, որ աշխարհի ցանկացած երկրում ընտրողների մեծամասնությունը վերջին հերթին է մտածում պատմության կամ քաղաքականության մասին: Նրանք առաջնորդվում են համակրանքով-հակակրանքով: Դատելով Տեր-Պետրոսյանի քայլերից, թվում է՝ նա ցանկանում է վերստին 88-ի սեփական հմայքին ու ժողովրդականությանը հասնել: Ու փառք Աստծո, որ կարծես հաջողվում է, որովհետեւ նայելով երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին, իսկապե՛ս 88-ի Հայաստան եւ 88-ի Տեր-Պետրոսյան են հարկավոր նման խնդիրներ լուծել կարողանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել