Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՐԱՖՖԻԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆՓՈՓՈԽ

Նոյեմբեր 24,2007 00:00

«Մեդիամաքս» գործակալությունը դիմել էր ՀՀ նախագահի մամուլի ծառայություն՝ խնդրելով հայտնել երկրի ղեկավարի վերաբերմունքը «Ժառանգություն» կուսակցության նոյեմբերի 21-ին տարածած հայտարարության վերաբերյալ: Հայտարարությունում հույս էր հայտնվում, որ Ռոբերտ Քոչարյանն «անմիջապես կբավարարի հանրային պահանջը»՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին 1991 թվականից սկսած ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ:

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը գրավոր պատասխան է ուղղել «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Գեւորգ Կալենչյանին, որում նշվում է, թե նախկինում նմանատիպ դիմումներին «արդեն տրվել են սպառիչ պատասխաններ, որտեղ նշվել են համապատասխան իրավական փաստարկները»: Նախագահի աշխատակազմի ղեկավարը հիշեցրել է, որ 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Հայաստանի Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի քաղաքացին չի կարող միաժամանակ լինել մեկ այլ պետության քաղաքացի: Նամակում նշվում է, որ «Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթուղթը ներկայացվել է 2001 թ. ապրիլի 23-ին, որից հետո միայն նա ձեռք է բերել Հայաստանի քաղաքացի դառնալու իրավունք: Այդ իսկ պատճառով ՀՀ նախագահի կողմից նրան Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 2001 թ. օգոստոսի 10-ին»:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով՝ նախագահը լիազորված չէ հետին թվագրմամբ քաղաքացիություն շնորհել, եւ հիշեցրել է, որ տվյալ հարցի վերաբերյալ գոյություն ունեն դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռներ. «Այսպիսով, կարծում ենք, որ առաջիկա նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը թեկնածուներին հնարավորություն կընձեռի բողոքարկելու ընտրությունները եւ ընդհանրապես կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքների օրինականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել