Ըստ նրա՝ ընդդիմադիրների մի մասը «սրիկա է, մյուսը՝ տգետ կամ ծախված»
Oրեր առաջ տեղի է ունեցել «Մետելիցայի», ըստ նախաձեռնության կնքահայր Պարույր Հայրիկյանի, «վերջին հանդիպումը»: Հանդիպմանը մասնակցել են հինգ կուսակցությունների ղեկավարներ՝ ԺՈՒԿ, ԱԺԴ, ԱՄ, ԱԻՄ եւ Մարքսիստական կուսակցության: Ի սկզբանե դրված երկու նպատակներից՝ գործնական՝ ժողովրդավարական ուժերի համախմբում, եւ վերլուծական, վերջինս ի կատար է ածվել: Գոնե այդքանով Հայրիկյանն իրեն բավարարված է համարում: Ձախողված նպատակի առիթով էլ հայտարարում է. «Մեր քաղաքական ուժերի մի մասը ԿԳԲ-ի գործակալներ են, այսինքն՝ սրիկաներ: Մի մասն ուղղակի հոգեկան հիվանդ են: Մի մասը տգետ են, մի մասը՝ ծախված կամ գնված: Ես անուն առ անուն կարող եմ ասել՝ ով ով է, բայց դա շատ թանկ արժե. առաջիկայում հավանաբար կասեմ: Այս վերջին հինգը, որ մասնակցեցին, ցույց տվեցին, որ գոնե ձգտում ունեն»: ԱԻՄ-ն իր առջեւ խնդիր է դրել ընտրություններին մասնակցել հաղթելու համար. «Ավարայրի ճակատամարտ գնացողները թող գնան առանց մեզ»,- ասում է Հայրիկյանը եւ ավելացնում. «Այն տգետիկ երջանիկները, որ երկրորդ փուլ են երազում, թող հիմիկվանից շարք կանգնեն, որ որոշեն, թե առաջինն ով է Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելու՝ շնորհավորելու իմաստով: Սրանք մոռանում են, որ խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի թիմը՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ, մոտ 70 տոկոս է ստացել եւ մարսել է: Ի՞նչը պիտի խանգարի հիմա նրանց 50 տոկոս հավաքել: Ինչքա՜ն երջանիկ են՝ ճառում են հպարտ-հպարտ, խոստանում են հետո իրար պաշտպանել… Էս գժերի ձեռքն է, հա՞, մնացել մեր ազգի ճակատագիրը»,- առանց անունների՝ ընդդիմադիր դաշտը նկատի ունենալով, ասում է Հայրիկյանը: Համենայնդեպս՝ «Բացառիկ երջանիկ են նրանք, ովքեր կարծում են, որ առանց միավորվելու կարող են երկրորդ փուլի հասնել. չեմ ասում հաղթանակի: Ես բոլոր այն ողորմելիներին, ովքեր բոլշեւիկյան տարիներին ապրել են իբրեւ ստրուկներ եւ երջանիկ են եղել՝ հնարավորություն եմ տվել, բայց նրանք չկարողացան օգտվել, դրանով ապացուցելով իրենց ով լինելը: Ամիսներ շարունակ հետեւողական աշխատել ենք՝ մեկին շնորհք սովորեցնելով, մյուսին՝ խելք, բայց… Համո Սահյանն ասում էր՝ «Ես եզ էի ծնվել լոկ ամուլի համար, բայց մաճկալը եզ էր՝ չհասկացավ»,- այսպիսի լիրիկական զեղումով ընդդիմության մասին իր կարծիքը եզրափակեց Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ վերջնական որոշումը կարտահայտվի դեկտեմբերի 1-ին կայանալիք կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում:
Առաջին նախագահին Հայրիկյանը չի պատրաստվում սատարել: Վիրավորական է համարում նրա՝ «եթե չմիավորվեք իմ շուրջ՝ երեք տարուց հրաժարական չեմ տա» արտահայտությունը: «Եթե ծրագիր ես առաջարկում, այնպիսի ծրագիր առաջարկիր, որ քո կամ մեկ այլնի իրագործելու դեպքում շահեն քո որդիները»,- ասում է ԱԻՄ նախագահը: