Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՔՍՈՐՎԵ՞Լ» Է, ԹԵ՞ ՉԻ «ԱՔՍՈՐՎԵԼ»

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"Հայաստանի ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի՝ 1993 թվականին Ղարաբաղը լքելու փաստի առնչությամբ մեկնաբանությունները տարբեր են:

Նոյեմբերի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահը անդրադառնալով իրեն ուղղված հարցին, թե՝ ինչպե՞ս եղավ, որ նա Ղարաբաղից Հայաստան բերեց մասնավորապես Սերժ Սարգսյանին, ասել էր. «Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից: Ս. Սարգսյանը Ղարաբաղից աքսորված էր, նա այնտեղ ուներ խնդիրներ, ուներ լուրջ վեճեր: Որքան էլ հիմա այլ բան ասեն, բայց այդպես էր: Նա արդեն մեկ տարի ապրում էր Մոսկվայում, շատ օգտակար գործ էր անում. բանակի մատակարարման գործով շատ լավ համագործակցում էր եւ Վազգեն Սարգսյանի հետ, եւ Ղարաբաղի իշխանավորներից ոմանց հետ»:

Տեր-Պետրոսյանի այս հայտարարությանը, որը իշխանական մամուլը գնահատեց իբրեւ «խայտառակ սուտ», 10 օր ուշացումով, բայց արձագանքեց ոչ թե ինքը՝ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը՝ ինչպես ընդունված է, այլ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սեյրան Օհանյանը: Նա որպես «ոչ ճիշտ գնահատական» որակեց Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը. «Ասել, որ նա եղել է արտաքսված, այն տարիներին, որ նա կարճ ժամանակով բացակայել է կարեւոր խնդիրներ լուծելու համար, ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ, լուրջ չէ»:

Փոխարենը այդ տարիներին ՀՀ Գերագույն խորհրդի Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀ մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը, որը նաեւ ի պաշտոնե հաճախ ու պարբերաբար էր լինում ԼՂ-ում, այդ առնչությամբ «Առավոտին» ասաց. «Տեր-Պետրոսյանը բացարձակապես ճիշտ է ասել, եւ դա բոլորին է հայտնի՝ ամբողջ Ղարաբաղին: Հենց այդպես էլ եղել է: 1993-ին, այո, նա «աքսորված» էր Ղարաբաղից եւ ավելի քան 6-7 ամիս գտնվում էր Մոսկվայում՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը տեղակայված Ղարաբաղի ներկայացուցչության տրամադրության տակ, մինչեւ որ հետագայում, ինչ-ինչ բաներից ելնելով, վերադարձավ Հայաստան ու անմիջապես նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար»:

Ըստ որոշ տեղեկությունների, այն ժամանակ Ղարաբաղում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի (ԻՈՒԿ) նախագահ Ս. Սարգսյանի «մրցակիցն էր» պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, նրանց միջեւ լուրջ հակասություններ էին ծագել: Սակայն այժմ պարոն Բաբայանը հերքում է այդ տեղեկությունները: Այդուհանդերձ, Ե. Աբգարյանը, ըստ էության, հաստատեց այդ փաստը. «Նա հակասություններ ուներ ԼՂ պաշտպանության բանակի հետ՝ անկախ այն բանից, թե հիմա դա ով ինչպես է ներկայացնում: Սեյրան Օհանյանը այն ժամանակ բավականին հեռու էր այդ հարցերից, նա ընդամենը հրամանատարներից մեկն էր»:

Իսկ ո՞րն էր եղել դրա հիմնական պատճառը՝ Ս. Սարգսյանի եւ Ս. Բաբայանի միջեւ տնտեսակա՞ն, թե՞ բանակին վերաբերող հարցերի շուրջ էին հակասությունները: «Անկեղծ ասած, ես չէի ցանկանա խոսել այդ մասին, բայց ամփոփ ասեմ՝ կային ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, եւ դրանք նոր չէին: Երբ Սամվել Բաբայանը դարձել էր բանակի հրամանատար, այդ հակասությունների նշաններն արդեն կային»,- ասաց Ե. Աբգարյանը: Վերջինս ավելացրեց, թե Հայաստանն այդ հակասություններին չէր միջամտում: Ըստ նրա, ՀՀ իշխանությունները ոչ մի դեր դրանում չեն ունեցել, եւ ՀՀ ղեկավարության վերաբերմունքը այն էր, որ դա կատարվում է ԼՂ-ում, եւ ղարաբաղցիներն իրենք են որոշել իրենց անելիքները, ուստի՝ ճիշտ կլինի այդ պատմության առնչությամբ հարցը տալ այդ ժամանակ ԼՂ-ն փաստացի ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին:

«Ես ընդհանրապես չէի ցանկանա խոսել այս հարցի մասին, եթե իր պաշտոնական դիրքը հաշվի առնելով՝ Սեյրան Օհանյանն իրեն թույլ չտար միջամտել քաղաքական հարցերին, ինչը ճիշտ չէ»,- ասաց նախկին պատգամավորը: Իսկ մեր այն հարցին, թե՝ ինչո՞վ է զբաղվել Ս. Սարգսյանը Մոսկվայում, պարոն Աբգարյանը չկամեցավ ասել. «Դուք ինձ դժվար հարցեր եք տալիս, որոնց ես կարող եմ պատասխանել, թերեւս, փետրվարի 19-ից հետո միայն»:

Մեր մեկ այլ աղբյուր, որը եւս ի պաշտոնե քաջատեղյակ էր այդ տարիների անցուդարձին՝ «Առավոտի» համար մանրամասնեց, որ ղարաբաղյան բանակի ձեւավորումից հետո, երբ Ս. Բաբայանը դարձել էր բանակի փաստացի հրամանատար, իսկ Ս. Սարգսյանը մնում էր ԻՈՒԿ նախագահ, նրանց միջեւ հակասությունները խորացել էին: «Դա բնական էր, որովհետեւ երկու առաջին դեմքերի առկայություն բանակում չէր կարող լինել»,- նկատեց մեր աղբյուրը, որը չցանկացավ ներկայանալ: 1993-ի փետրվարին՝ Քելբաջարի ազատագրումից հետո, երբ պատերազմական գործողություններում հարաբերական անդորր էր, Ս. Սարգսյանի եւ Ս. Բաբայանի հակասությունները նոր թափ էին ստացել, քանի որ Ս. Բաբայանը՝ օգտվելով կարճ հրադադարից, սկսել էր նաեւ քաղաքականությամբ զբաղվել: Հե՛նց այդ ժամանակ էլ Վազգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին տարել էր Մոսկվա, ծանոթացրել էր ռուսական բանակի բարձրաստիճան սպաների հետ, որոնց հետ համագործակցելով՝ նա օգնում էր բանակի մատակարարման կարեւորագույն խնդիրներին, թեեւ այդ ամենը, ի վերջո, համակարգում էր ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանը:

Բնականաբար, այս «պատմական» հարցում պարզություն կարող է մտցնել ինքը` վարչապետ Սերժ Սարգսյանը: Շատ ցանկալի կլիներ, որ նա այս ընտրարշավի ընթացքում հանդես գար նաեւ այս թեմայով, քանի որ, կարծում ենք, հասարակությունը իրավունք ունի իմանալու նախագահի թեկնածուի կենսագրության բոլոր մանրամասները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել