Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՍՊԱՆԵ՞Լ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"Վերջինիս պնդումը, թե նախկին իշխանության օրոք իրեն ցանկացել են վերացնել, իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչները համարում են ինքնագովազդի միջոց:

ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը վերջերս իր լուման ներդնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության գործին, «Իրավունքին» ոչ միայն ասել էր, թե առաջին նախագահի իշխանության օրոք էր, «որ Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն ամիսը մեկ գնում էր Շվեյցարիա, հայտնի չէ՝ ինչու», կամ «Սեփական իշխանությունը պահելու համար եկավ մի պահ, որ նախկին իշխանությունները պատրաստ էին անգամ Մեղրին հանձնել։ Դա իմ անձնական համոզմունքն է», այլ նաեւ արել էր հետեւյալ բացահայտումը. «Եթե հիշում եք, դեռեւս ՀՀՇ իշխանության տարիներին ես անընդհատ խոսում էի գործող վարչակազմի թույլ տված ապօրինությունների մասին։ Դա էր պատճառը, որ ծրագրել էին նույնիսկ ֆիզիկապես վերացնել ինձ: Կար այդպիսի ներքին որոշում»։

«Առավոտը» խնդրեց Ռաֆիկ Պետրոսյանին պարզաբանել, թե այդ ո՞վ էր ցանկացել սպանել նրան. «Դա ՀՀՇ-ի ժամանակ էր: Այն ժամանակ ներքին գործերի նախարարությունում գոյություն ուներ, հիմա էլ կա՝ 4-րդ վարչությունը, որն իբր թե կոչված էր պայքարելու նարկոմանիայի դեմ: Բայց այդ վարչությունը փաստորեն օգտագործվում էր ուրիշ նպատակներով: Հատուկ խումբ էր ստեղծված՝ տեռորի ենթարկելու մարդկանց: Ի՞նչ էր այն մարդու ազգանունը, որին երկար տարիներ նստեցրին, հետո բաց թողին…»: Նրա այս հարցին ի պատասխան՝ ենթադրեցինք, թե խոսքը ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի մասին է: «Ես չգիտեմ՝ Վահա՞նը պիտի աներ, թե՞ ով պիտի աներ: Բայց ինձ եկան, ասացին գիշերը՝ իմ նախկին ուսանողներից մեկը, որ քո դեմ էսպիսի որոշում կայացրին, վաղը զգույշ եղիր»,- պատմեց Ռաֆիկ Պետրոսյանը:

Նախկինում ՆԳՆ կադրերի վարչության պետ, իսկ այժմ՝ ՀՀՇ վարչության անդամ Մասիս Այվազյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ որքանո՞վ են լուրջ այս մեղադրանքները. «Կարծում եմ, ծերունական զառամախտի կամ վեհության մոլուցքի վկայություն են նման պնդումները,- ասաց նա:- Սա հեքիաթ է, որի միջոցով այս մարդը երեւի ինքն իրեն արժեւորելու խնդիր ունի: Վաղուց նրա մասին չէր խոսվում, մոռացվել էր, անգամ իր կուսակցությունում իրեն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահից իջեցրին շարքային պատգամավորի կարգավիճակի՝ դրա համար ուզում է երեւի «վերակենդանանալ», չգիտեմ»:

Նշենք, որ Ռաֆիկ Պետրոսյանն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է: Մասիս Այվազյանն այս հանգամանքը նկատի առնելով՝ զարմացած էր. «Եթե գիտեր, թե իրեն ուզում են վերացնել՝ ինչո՞ւ չէր հայտնել դատախազությանը կամ այլ իրավապահ մարմինների: Կամ՝ 10 տարի է անցել, ինչ փոխվել է նախկին իշխանությունը. թող գոնե մի անգամ այդ մասին հայտարարություն աներ: Ի դեպ, որքան հիշում եմ, այդ տարիներին Ռաֆիկ Պետրոսյանը ՀՌԱԿ անդամ էր, իսկ այդ կուսակցությունը նախ համագործակցում էր ՀՀՇ-ի հետ, իսկ հետո էլ՝ մեղմ ասած, արմատական ընդդիմություն չէր՝ ՀՌԱԿ-ը որեւէ առումով խնդիրներ չէր առաջացնում: Այդ ի՜նչ էր անում Ռաֆիկ Պետրոսյանը, որ խանգարում էր իշխանություններին: Կրկնում եմ՝ երեւի մարդն ուղղակի մեծացել է, տարիքն առել… Կամ էլ երեւի ինչ-որ բան է ուզում խնդրել իշխանություններից, կամ էլ՝ հատուկ հրահանգ է կատարում»:

Ռաֆիկ Պետրոսյանի բացահայտման մասին զրուցեցինք նաեւ իր նախկին ուսանողի հետ, որն աշխատել է դատախազությունում եւ քաջածանոթ է պրն Պետրոսյանին՝ ուստի խնդրեց չհրապարակել իր անունը: «Ռաֆիկ Պետրոսյանը ՀՀՇ-ի իշխանության տարիներին՝ 1988-1996-ին, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանն էր: Այդ պաշտոնն այդ ժամանակահատվածում այդքան գիտական չէր, որքան՝ քաղաքական,- նկատեց մեր զրուցակիցը:- Չեմ հասկանում, թե նախկին իշխանության օրոք ղեկավար դիրք զբաղեցրած մարդն ինչո՞ւ է այժմ նման հայտարարություններ անում, երեւի ընդամենը գովազդո՞ւմ է իրեն: Նա եթե որեւէ խնդիր ունենար իշխանության հետ՝ այդ մասին կիմանար իրավաբանական ամբողջ ֆակուլտետը: Ես հենց այդ տարիների ուսանող եմ, դրանից հետո անցա դատախազական համակարգ աշխատանքի»:

Մեր հարցին, թե հիշո՞ւմ է, որ նախկինում պրն Պետրոսյանը նման պնդում արած լինի, թե իրեն ցանկացել են վերացնել՝ ասաց. «Ո՛չ: Երեւի սա ուղղակի սադրանք է: Ես միայն մի դեպք եմ հիշում, երբ Ռաֆայել Գարեգինիչն առնչվել է ՆԳՆ-ի ղեկավարի հետ: Այդ ժամանակ ներկուսակցական պայքար էր ընթանում Ռուբեն Միրզախանյանի եւ ՀՌԱԿ դիվանի մյուս անդամների միջեւ: Այդ ժամանակահատվածում մի անգամ հանդիպում է եղել՝ Ռաֆիկ Պետրոսյանը եւ դիվանի մյուս անդամները հանդիպել են ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին, որի ընթացքում նրանց ասել են, թե կուսակցության գրասենյակը գրավելով որեւէ արդյունքի չեն հասնի: Հանդիպումից հետո ՀՌԱԿ գրասենյակը նորից հանձնվել է Միրզախանյանին»: Կեսկատակ ենթադրենք, որ գուցե վերջինիս համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու համար էլ որոշվել էր վերացնել ՀՌԱԿ դիվանի մյուս մասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել