Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ

Նոյեմբեր 23,2007 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2008 թվականի եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարն ավարտեց սեփական հարկի տակ Ղազախստանից կրած 0:1 հաշվով պարտությունով:

Վերջին շրջանում մեր թիմի ցուցադրած արդյունավետ խաղերի ֆոնի վրա այս անհաջողությունը սառը ցնցուղ էր հայ ֆուտբոլասերների համար: Ճիշտ է, բառացիորեն մի քանի օր առաջ մեր տղաները արտագնա ծանր հանդիպում էին ունեցել Պորտուգալիայի հետ, որից հետո վերադառնալով Երեւան՝ չէին հասցրել վերականգնել ուժերը, ինչն էլ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում համարել էր պարտության հիմնական ու միակ պատճառը:

Վարդան Մինասյանի կարծիքը հիմնականում կիսում է նաեւ «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը: Բայց երեկ «Առավոտի» հետ զրույցում նա նաեւ ավելացրեց. «Մեր հավաքականի թերություններից մեկն էլ այն է, որ թիմը չի կարողանում իր խաղը խաղալ, երբ մրցակիցը գերադասում է զանգվածային պաշտպանության տակտիկան: Այդ ժամանակ գրոհները մարում են հիմնականում տուգանային հրապարակի մատույցներում: Բացակայում են կատարողական վարպետության պահանջվող մակարդակը, այն ֆուտբոլիստը կամ ֆուտբոլիստները, որոնք ի զորու լինեն խաղը վերցնել իրենց ձեռքը: Վերցնենք, թեկուզ, ստանդարտ դիրքերի արդյունավետ օգտագործումը, մրցակցի կիսադաշտում կամ տուգանային հրապարակում պաշտպանների համար գրոհների անսպասելի շարունակություն գտնելը, վերջնական դիպուկ հարված կատարելը: Իմ կարծիքով, սրանք խնդիրներ են, որոնց վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել հավաքների ժամանակ»:

Ինչեւէ, բավականին երկար ժամանակ 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանի ազգային հավաքականը 2007 թվականի իր պաշտոնական վերջին խաղից հետո այն զիջեց ղազախներին, որոնք դեռ նոյեմբերի 24-ին մրցակցի դաշտում մեկ հանդիպում ունեն Սերբիայի հետ, որի արդյունքը, սակայն, թիմերի վերջնական դասավորության վրա այլեւս չի ազդի:

Այսպիսով, հայտնի դարձան այն հավաքականները, որոնք իրենց ենթախմբերում գրավեցին առաջին երկու տեղերը եւ 2008 թվականի ամռանը Ավստրիայի ու Շվեյցարիայի թիմերի հետ (նրանք եզրափակիչի ուղեգիր ստացել են որպես կազմակերպիչ երկրներ) պետք է վիճարկեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Դրանք են:

«A» խումբ. Լեհաստան եւ Պորտուգալիա, «B» խումբ. Իտալիա եւ Ֆրանսիա, «C» խումբ. Հունաստան եւ Թուրքիա, «D» խումբ. Չեխիայի Հանրապետություն եւ Գերմանիա, «E» խումբ. Խորվաթիա եւ Ռուսաստան, «F» խումբ. Իսպանիա եւ Շվեդիա, «G» խումբ. Ռումինիա եւ Նիդեռլանդներ: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել