Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Նոյեմբեր 23,2007 00:00

\"\"Գյումրիի թիվ 41 դպրոցի կոլեկտիվը արդեն երրորդ օրն է՝ հանրապետական մարզպետ Լիդա Նանյանից պահանջում է տնօրենի պաշտոնում վերականգնել դաշնակցական Արտակ Ավետիսյանին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Շիրակի մարզպետը պաշտոնից ազատել է ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Արտակ Ավետիսյանին, որն էլ անչափ զայրացրել է թե՛ կոլեկտիվին եւ թե՛ թաղի ծնողներին: Վերջիններս ստորագրահավաք կազմակերպելով ու անժամկետ դասադուլ հայտարարելով՝ մարզպետից պահանջում էին անհապաղ հետ վերցնել իր անօրինական որոշումը՝ վերջ տալով մարզի պաշտոնները «դաշնակաթափ» անելու ծրագրին:

«Հանգիստ թողեք մեր տնօրենին: Էդ ոնց է, որ Լիդա Նանյանը 60 տարեկան հասակում պաշտոնի պետք է ձգտի, բայց 33 տարեկան, համալսարանն ավարտած, մի քանի լեզուների տիրապետող երիտասարդը գործազուրկ պիտի դառնա ու տանը նստի: Իսկ ո՞ւր մնաց կոլեկտիվի կարծիքը»,- ասում էին 41 դպրոցի աշխատակիցները:

Արտակ Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե իր պաշտոնազուրկ լինելը արագացվել է այն պատճառով, որ ինքը «Գալայի» եթերից կասկածի տակ է դրել Սերժ Սարգսյանի բարձր վարկանիշը՝ կարծիք հայտնելով, որ նա միակ ու անկրկնելի նախագահացուն չէ: «Ինձ էլ նման ստվերային խոսակցություններ հասել են, որ պատճառներից մեկը վերջերս տեղական հեռուստատեսություններով մի քանի անգամ իմ հնչեցրած այն միտքն է, որ չեմ կարծում, թե ժողովուրդը սրտատրոփ սպասում է փետրվարի 19-ին, թե վերջապես երբ է արձանագրվելու վարչապետի՝ նախագահ դառնալու հանգամանքը: Ես ասել եմ, որ մենք ունենք մեր դաշնակցական թեկնածուն, որին սատարում ենք եւ, բնականաբար, սատարելու ճանապարհին հակադրվում ենք իշխանությունների հետ: Շիրակի մարզպետի հետ ես անձնական շփում երբեւիցե չեմ ունեցել, նրան տեսել եմ միայն հեռուստատեսությամբ, միշտ հարաբերվել են միջնորդավորող պաշտոնյաների միջոցով, այսինքն՝ մեր միջեւ անձնական խնդիրներ չեն եղել: Այնպես որ, ինձ աշխատանքից ազատելու միակ պատճառը իմ դաշնակցական լինելն է: Աշխատանքից ազատվող ամեն նոր դաշնակցականի հետ խնդրի քաղաքական լինելն ակնհայտ է դառնում: Արդեն յոթ դաշնակցականի են ազատել տարբեր պաշտոններից: Մեր կուսակիցները հանվել են նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների կազմից: Ընկնելով քաղաքական պատվերի հետեւից, բացարձակապես հաշվի չեն առել, որ ինձ ազատում են՝ խախտելով Աշխատանքային օրենսգրքի պահանջները»,- «Առավոտին» փոխանցեց ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը:

Նկատենք, որ Արտակ Ավետիսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր դեռեւս մարտ ամսին, սակայն գործատուն, այսինքն՝ մարզպետը, նրան այդ ժամանակ աշխատանքից չի ազատել՝ շարունակելով ուժի մեջ պահել նրա հետ կնքած պայմանագիրը: Իսկ Աշխատանքային օրենսգրքի 111 հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է. «Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրացնելուց հետո պայմանագիրը չի լուծվում, աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով»: Մինչդեռ Լիդա Նանյանը, առանց ուշադրություն դարձնելու օրենսգրքի այս կետին, Արտակ Ավետիսյանին ազատել է՝ պատճառաբանելով, որ լրացել է նրա պաշտոնավարման երեք տարին: Իսկ որ մարզպետը երկար ժամանակ ծանրութեթեւ է արել, թե ինչ ճանապարհով կարելի է ազատվել ՀՅԴ մարզային կառույցի ղեկավարից, այս մասին վկայում են Արտակ Ավետիսյանի՝ գաղտնի ճանապարհով ձեռք բերած որոշ փաստաթղթեր: Դրանցից ակնհայտ է, որ մարզպետը մեկ ցանկացել է Ավետիսյանից պրծնել նկատողություն տալու միջոցով (մենք ծանոթացանք տնօրենին կարգապահական տույժի ենթարկելու՝ մարզպետի կարգադրությանը, որն այդպես էլ իրականություն չէր դարձել), մեկ էլ մտածել է կարճ կապել՝ միանգամից ազատման հրաման տալով: Մարզպետարանի մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, այս հարցում մարզպետին օգնել կամ, որ ավելի ճիշտ է՝ կողմնորոշել է իրավաբանական բաժնի պետ Տիգրան Ղարիբյանը՝ սակայն տվյալ դեպքում ոչ ճիշտ մեկնաբանելով օրենքը: Կրթության վարչությունից փորձեցինք պարզաբանել, թե ո՞րն է օրենքը խախտելու իմաստը, մի՞թե սիրված տնօրենին ազատելը այդքան անհապաղ էր:

Կրթության վարչության կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանը պարզաբանեց, որ նրան կարող էին ազատել մարտ ամսին, սակայն փետրվար- մարտ ամիսներին նախարարի հրամանով կասեցվել է դպրոցներում տնօրենների ընտրությունը, որովհետեւ ԿԳ նախարարության կողմից մշակվում էր խորհուրդների ձեւավորման նոր կարգ: Այդ կարգը հաստատվելուց հետո կազմակերպվել են խորհուրդների նոր ընտրություններ, այդ ընթացքում նաեւ Շիրակի մարզպետի փոփոխություն է տեղի ունեցել, եւ մինչեւ նոր մարզպետի օրոք խորհուրդների նոր կազմերը հաստատվել են, հետաձգվել է նաեւ պայմանագրային ժամկետները լրացած բոլոր տնօրենների ազատումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել