Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ ՉԵ՞Ն ՀԱՐՈՒՑՈՒՄ

Նոյեմբեր 23,2007 00:00

\"\"Օպերատորը նույնպես սեղմել էր կոկորդը

Չնայած Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունում տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքից՝ հարկային տեսչության օպերլիազոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակվելուց անցել է ուղիղ կես ամիս, սակայն մարզի ոստիկանության քննչական բաժնում փաստի առթիվ դեռեւս քրգործ հարուցված չէ:

Ինչպես հայտնի է, հեռուստաընկերությունում ստուգումներ անցկացնող վերոհիշյալ հարկայինի պաշտոնյան խախտել էր Քրեական օրենսգրքի 164 հոդվածը՝ մասնագիտական պարտականությունները իրականացնելիս հարձակվել էր օպերատոր Գրիգոր Շաղոյանի վրա՝ նրանից փորձելով խլել տեսախցիկը, սակայն դիմադրության արժանանալով՝ բռնել էր կոկորդից: Օպերատորն էլ իր հերթին սեղմել էր նրա կոկորդը ու դիմել էր ոստիկանություն:

Սկանդալն ավարտվել էր հարկայինի պաշտոնյաների հեռուստաընկերությունից ընդմիշտ հեռանալով, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց «Գալային», իբրեւ թե խախտումներ անելու համար, տուգանել էին 26 միլիոն դրամով: «Գալայի» սեփականատերն էլ վստահ լինելով, որ իր գլխին սարքել են, խախտումների մասին արձանագրությունը բողոքարկել է ստուգող հանձնաժողովի վերադասին: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ ընթացքում են հեռուստաընկերության գործերը, արդյոք վերեւներից չե՞ն փորձում մինչեւ վերջ ոտնահարել նրանց իրավունքները, պարզվեց, որ մինչեւ այժմ ժուռնալիստի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու համար քրգործ հարուցված չէ, մարզի քննչական բաժնում դեռ նյութեր են նախապատրաստում ու քրգործ հարուցելու համար սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որը, ըստ էության, պետք է պարզի, թե փոխադարձաբար կոկորդ սեղմելիս ով եւ ինչպիսի մարմնական վնասվածքներ է ստացել: Նույն անորոշ վիճակում է նաեւ հեռուստաընկերության՝ հարկային պետական տեսչությանը ուղղված բողոքարկումը, որով սեփականատեր Վահան Խաչատրյանը չհամաձայնելով օպերլիազորների «նկարած» տուգանքի չափին, ապացուցում է, որ «Գյումրիի չորս հեռուստաընկերությունները միասին վերցրած այդքան բյուջե չունեն, որ կարողանան մի մասն էլ թաքցնել, ընդ որում, այդ կարգի գումար»: Սակայն հարկայինում եւս գործի վերանայումը ձգձգում են, համենայնդեպս, այստեղից եւս որեւէ լուր չկա: Այնպես որ, հեռուստաընկերության գործերը հետաքրքրում են միայն շարքային հեռուստադիտողներին, որոնք ոչ միայն ակտիվորեն մասնակցում են հեռուստաընկերության համար կազմակերպված ստորագրահավաքին, այլեւ անձամբ ներկայանում են ստուդիա ու իշխանություններից պատիվ պահանջում: Նրանց հատկապես զայրացրել էր երկրի նախագահի՝ երեկ «Գալայի» հասցեին հնչեցրած ռեպլիկը, համաձայն որի՝ հեռուստաընկերությունը «հիստերիկայի ու վայնասունների միջոցով ինքնառեկլամ է լինում»: Իմիջիայլոց, մենք փորձեցինք այդ մեղադրանքի շուրջ լսել նաեւ հեռուստաընկերության դիրքորոշումը: «Ինքնագովազդ կամ ռեկլամ անելը անիմաստ է դառնում այն դեպքում, երբ բոլոր գովազդատուներին հրահանգված է չհամագործակցել հեռուստաընկերության հետ: Դա անժխտելի փաստ է. մինչեւ հարկայինի ստուգումներ անցկացնելը մենք ունեինք մոտ երեսուն գովազդատու, իսկ երեք օրվա ընթացքում մնաց մեկ- երկուսը, սա երեւում է նույնիսկ հեռուստաէկրանից, ճչացող փաստ է: Իսկ եթե ֆինանսական մուտքեր չկան հեռուստատեսություն, PR-ի մասին մտածելն անիմաստ է, բոլորն էլ գիտեն, որ վարկանիշը ուղիղ համեմատականի մեջ է ֆինանսական մուտքերի հետ: Մենք պատրաստ ենք մեր վարկանիշը կիսել ցանկացած հեռուստաընկերության հետ, ով պատրաստ է ելույթ ունենալու հնարավորություն ընձեռել բոլոր քաղաքական ուժերին՝ առանց խտրականության»,- ասաց «Գալայի» գլխավոր խմբագիր Էդուարդ Մխիթարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել