Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԲ-ն ու «Երեւան ջուրը» փողե՞ր են կերել

Նոյեմբեր 23,2007 00:00

Հայաստանում իրականացրած ապօրինությունների համար Ռոբինսոնին ու Վոլքինգին հնարավոր է Անգլիայում դատեն:

«Համաշխարհային բանկը, ըստ էության, կոռումպացված է ու իր տրամադրության տակ եղած ֆինանսական միջոցների չարաշահումներով զբաղվող կառույց է»,- երեկ այսպիսի սենսացիոն հայտարարություն արեց անգլիացի վերլուծաբան Բրյուս Թասկերը, որը Հայաստան է եկել դեռեւս 2003-ին՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հրավերով: Հազարավոր բնակիչների բողոքների հիման վրա նա ուսումնասիրել է ՀԲ վարկով իրականացվող մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն ու հայտնաբերել է գումարի յուրացման ու կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր:

Հիշեցնենք, որ դեռեւս 2000-ին Երեւանի ջրամատակարարման համակարգը բարելավելու համար ՀՀ կառավարության հայտարարած մրցույթում հաղթող է ճանաչվել իտալական «Էյ Յութիլիթիի» ընկերությունը: Ծրագրի իրականացման համար վերոնշյալ ընկերությանը $32 միլիոն տրամադրել է ՀԲ-ն, $5 միլիոն սուբսիդիա էլ տրամադրել է ՀՀ կառավարությունը: Անգլիացի վերլուծաբանը մի հսկայական թղթապանակում հավաքել էր բոլոր այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ ՀԲ-ն եւ «Երեւան ջուրը» վարկից յուրացրել են անգամ $37 միլիոնից էլ ավելի գումար: Գումարային չարաշահումները կատարվել են ի հաշիվ բնակիչների, քանի որ վարկային ծրագրով նախատեսված է եղել, որ մայրաքաղաքի բոլոր բնակիչների ջրաչափերը պետք է տեղադրվեին անվճար եւ «Երեւան ջուրը» շուրջօրյա ջրամատակարարումը մայրաքաղաքում պետք է արդեն հասցրած լիներ 94%-ի: Ըստ Բ. Թասկերի, «Երեւան ջուր» ընկերության փաստաթղթերում բազմաթիվ անհամապատասխանություններ կան: Նրա խոսքերով՝ «Մի տեղ նշված է, որ մայրաքաղաքի բնակչության 50%-ը շուրջօրյա ջուր ունի, մեկ այլ փաստաթղթում՝ այդ թիվը 20%-ով ավելի է»: Բ. Թասկերը բոլոր ապացույցներն ու փաստաթղթերն ուղարկել է ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցչության նախկին տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին, սակայն նա խնդիրը ականջի հետեւ է գցել ու այս հարցով չի զբաղվել: Խնդրի առնչությամբ անգլիացի վերլուծաբանն օրերս հանդիպել է նաեւ ՀԲ-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայիս տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին, նա էլ է, այսպես ասած՝ իր գլխից խնդիրը ցրել ու հորդորել է բոլոր փաստաթղթերն ուղարկել ՀԲ-ի ենթակայությամբ գործող ինստիտուցիոնալ անաչառության վարչություն, որը պետք է քններ խնդիրն ու պարզեր՝ չարաշահումներ իրականում եղե՞լ են, թե՞ ոչ: Վերջիններիս պատասխանը սա է եղել. «Խնդիրը միջին բարդության է»:

Բ. Թասկերը կարծում է, որ շատ ծիծաղելի ու հակասական պատկեր է ստացվում՝ ե՛ւ մեղադրյալի, ե՛ւ դատավորի դերում հանդես է գալիս ՀԲ-ն, ու բնական է, որ բանկի ենթակայությամբ գործող կառույցը բանկի պաշտոնական կարծիքից տարբեր դիրքորոշում չի կարող ունենալ: Վերլուծաբանը վերջերս դիմել է Վաշինգթոնի «GAP» կազմակերպությանը, որը ԱՄՆ-ի կառավարությանը հաշվետու հանձնաժողով է եւ զբաղվում է մարդու իրավունքների ոտնահարման եւ կոռուպցիային առնչվող խնդիրներով: Օրերս Հայաստան է ժամանել «GAP»-ի միջազգային ծրագրերի ղեկավար Բեատրիս Էդվարդսը, որը երեկ կայացած ասուլիսի ժամանակ խիստ զարմացած էր այս կարեւոր հարցի հանդեպ ՀՀ կառավարության եւ ՀԲ-ի ղեկավարների վերաբերմունքից: Նրա խոսքերով՝ «Երբ մենք Վարուդակիսին ներկայացրինք գումարային ապօրինությունները բացահայտող շատ իրեղեն ու ակնհայտ փաստաթղթեր, նա պարզապես ասաց, որ դրանք անհիմն են: Իսկ նույն ԱԺ փոխնախագահ Վ. Հովհաննիսյանը, որի նախաձեռնությամբ էլ ըստ էության սկսվել է այս գործընթացը, չցանկացավ հանդիպել ինձ հետ՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը»:

Ի դեպ, քանի որ ՀԲ-ի ֆինանսավորումը պետք է կատարվեր համայնքների զարգացման ծրագրերի իրականացման գործակալության (ԾԻԳ) միջոցով, ապա ՀԲ-ի եւ ԾԻԳ-ի միջեւ պետք է համապատասխան պայմանագիր կնքվեր, սակայն, ըստ պարոն Թասկերի, այդ պայմանագրում ԾԻԳ-ի ստորագրությունը կեղծ է, դեռ ավելին՝ պայմանագիրը ստորագրելու պահին ԾԻԳ-ը ստեղծված չի եղել:

Ներկայումս այս գործով զբաղվում է նաեւ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, քանի որ Ռ. Ռոբինսոնը եւ Ռ. Վոլքինգը ազգությամբ անգլիացիներ են, եւ, ըստ բրիտանական օրենսդրության, անկախ նրանից, թե իրենց հայրենակիցները որ երկրում եւ ինչ կազմակերպության համար են աշխատում՝ պատասխանատու են իրենց երկրի օրենքի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել