Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼ

Նոյեմբեր 23,2007 00:00

Մանկատան տղաներն ուզում են գեներալ դառնալ, աղջիկներն էլ՝ մանկատան դաստիարակչուհի

\"\"Երբ լուսանկարում էինք Հովհաննեսին, նա խնդրեց, որ իր գլխավերեւում կախված Հիսուս Քրիստոսի նկարն էլ երեւա. «Ես Աստծուն շատ եմ սիրում, նա մեզ ամեն օր ուտելիք է տալիս»:

 

\"\"Արգիշտին վերջերս քեռի է դարձել, ուստի այդ պատճառով նրա քույրը չի կարողանում եղբորն այցելել:

 

\"\"Կարինեն հույս ունի, որ երբ մայրիկը հնարավորություն ունենա՝ իրենց անպայման մանկատնից կտանի:

 

\"\"Քրիստինեն չի հիշում, թե երբ եւ ինչպես է հայտնվել մանկատանը:

 

 

 

«Պապաս վատ մարդ էր: Մի օր մեզ տնից դուրս հանեց, մենք էլ տեղ չունեինք գնալու, դրա համար էլ մամաս մեզ մանկատուն բերեց»,- իր երկվորյակ եղբոր՝ Կարենի հետ մանկատնում հայտնվելու պատճառն այսպես ներկայացրեց 10-ամյա Կարինեն: Նրանց մյուս քույրը եւս նույն ճակատագրին է արժանացել, սակայն մայրը նրան այլ մանկատուն է հանձնել, քանի որ մեծ է: Կարինեն եւ Կարենն արդեն 4 տարի ապրում են Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը:

Կարինեի մայրը հաճախ է երեխաներին այցելության գալիս. «Ամեն անգամ խոստանում է, որ հենց հնարավորություն ունենա՝ երեխաներին այստեղից կտանի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեցին մանկատան դաստիարակչուհիները։ Երեխաները նույնպես մեծ ցանկություն ունեին մայրիկի հետ ապրելու, սակայն, ինչպես իրենք ասացին, առանց դաստիարակների էլ իրենց կյանքը չէին պատկերացնում. «Եթե շատ մեծանամ, էլի գալու եմ մանկատուն նրանց տեսակցության, ես նրանց շատ եմ սիրում»։ Կարինեի ապագայի ծրագրերն էլ մանկատան հետ էին կապված. «Որ մեծանամ՝ մանկատան դաստիարակ եմ դառնալու, անցած տարի ուզում էի բժիշկ դառնալ, բայց միտքս փոխեցի ու արդեն որոշել եմ՝ դաստիարակ»։ Կարինեն դաշնամուրի եւ ժամանակակից պարերի է հաճախում: Այս մանկատունը նախատեսված է նաեւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:

9-ամյա Քրիստինեն չէր հիշում, թե որքան ժամանակ է մանկատանը: Նա եւ 8-ամյա Հովհաննեսը հաճախում են հանրակրթական դպրոց, չնայած մտավոր խնդիրներ ունեն: Հովհաննեսը, մանկատան տնօրինության նախաձեռնությամբ, կարատեի պարապմունքների ու երաժշտական դպրոց էլ է հաճախում՝ ջութակի: Ի տարբերություն մյուս մանուկների, Հովհաննեսը չէր ուզում տուն՝ մայրիկի մոտ վերադառնալ. «Մեր տան բակում լողավազան ունենք, ես այնտեղ մի անգամ խեղդվել եմ: Ես մեր հին տունն էի շատ սիրում, այնտեղ ջուր չկար»: Տղայի ամենամեծ երազանքը հայկական բանակի գեներալ դառնալն է:

Ըստ մանկատան աշխատակիցների, քանի որ այս երեխաների մեծ մասը ծնողներ ունի, ամռանը մանկատունը գրեթե դատարկվում է. ծնողները ամռան ամիսներին երեխաներին տուն են տանում: Այս տարի ամռանը իր քույրիկի տանն է անցկացրել 8-ամյա Արգիշտի Գերանյանը: Նրա հայրը զոհվել է արցախյան պատերազմում: Արգիշտիի սիրած զբաղմունքը սողուններ որսալն ու խաղալիք ավտոմեքենաներով, կոնստրուկտորով խաղալն է. «Մի հատ մեծ թագավորական պալատ եմ հավաքում, որպեսզի այնտեղ մորաքրոջս ու քույրիկիս ընտանիքի հետ ապրենք»։ Արգիշտին նույնպես շաբաթը 3 անգամ մասնակցում է բասկետբոլի պարապմունքներին, ինչպես նաեւ հաճախում է բոքսի, կարատեի ու դհոլի դասընթացների: Արգիշտին եւս ցանկություն ուներ գեներալ դառնալ: Այն, որ մանկատան տղաների մեծ մասը գեներալ դառնալու ծրագրեր ունի, մանկատան աշխատակիցների խոսքերով, պատահական չէ. «Երեխաների մեջ դա ինքնապաշպանական ռեակցիայի դրսեւորում է: Նրանք ուզում են հզոր մարդ դառնալ, որպեսզի իրենք իրենց ամեն ինչից պաշտպանեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել