Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՍԱԾԸ «ՌԱԶՎԱԴՆՈՅ ԿԼՅՈՒՉՆ» ԷՐ

Նոյեմբեր 23,2007 00:00

«Ամեն մարդ իր մակարդակի, իր կրթական ցենզի սահմաններում կարող է հասկանալ «գործիք» ասածը:

Մարդ կա, որ իրեն ավելի հասկանալի լինի, գործիք ասելով պատկերացնում է «կվալդ» կամ «ռազվադնոյ կլյուչ»: Մեկ ուրիշը կհասկանա, որ պետությունը գործիք է ազգի ձեռքին: Խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր արտահայտվում են, իրենց ուղեղներն իբրեւ գործիք օգտագործեն, որ որեւիցե հոդաբաշխ նախադասություն կարողանային արտահայտել: Այնպես որ, մարդ կա, որի ուղեղն է գործիք, մարդ էլ կա, որ ժանգոտած «ռազվադնոյ կլյուչից» դենը որեւէ գործիք չի տեսել»,- երեկ «Ազդակ» ակումբում նկատել է ՀՀՇ վարչության անդամ եւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարության շատ ինքնատիպ մեկնաբանությանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ առաջին նախագահը հայտարարել էր. «Անձամբ ես եւ իմ կողմնակիցները մեզ ամբողջովին դնում ենք ձեր տրամադրության տակ: Մեզ պարզապես օգտագործեք որպես գործիք՝ հանցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրինական իրավունքն իրացնելու նպատակով»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե՝ «Տեր-Պետրոսյանը, գուցե, երեք տարին բավարար է համարում Ղարաբաղը հանձնելու համար», ՀՀ ԱԳ նախկին նախարարը «լկտի սուտ» եւ «զրպարտություն» է որակել բարձրաստիճան բոլոր այն պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր ասում են, որ Լ. Տեր-Պետրոսյանը, իբր, երբեւէ համաձայնվել է ԼՂ-ն տեսնել որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում: «Ես կրկնում եմ, նման որեւէ փաստաթուղթ չի եղել: Գնացեք եւ Վարդան Օսկանյանից պահանջեք, որ ձեզ ներկայացնի որեւէ փաստաթուղթ, որում Ղարաբաղը նշված է որպես ինքնավարություն: Նման բան գոյություն չունի: Կարծում եմ, նման զրպարտանքներն այսօր տարածողները ժամանակին պատասխան են տալու արդարադատության առաջ»,- հայտարարել է Ալ. Արզումանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել