Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ «Ստրատֆորի», Բաքուն «զինվում է», իսկ Երեւանը՝ «ուշադիր հետեւում»

Նոյեմբեր 23,2007 00:00

Էներգակիրների հարցում Ադրբեջանը Ռուսաստանի մրցակիցն է դառնում: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, այսպիսի կարծիք են հայտնել «Ստրատֆոր» հեղինակավոր հետազոտական կենտրոնի վերլուծաբանները՝ բխեցնելով, թե «Մոսկվան առավել նկատելի դարձած հետաքրքրություն ունի ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինելու, այլեւ անկայուն Ադրբեջան տեսնելու հարցում, ինչը վերջինիս հակամարտության մեջ ներքաշելու հնարավորություն կտար»:

«Ստրատֆորի» մեկնաբանների վկայությամբ, նախօրեին Վրաստանում տեղի է ունեցել ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության մեկնարկի արարողությունը. Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները Կուլեւի նավահանգստում նաեւ բացել են նավթային տերմինալ, որը հնարավորություն է տալիս ավելի շատ նավթամթերքներ առաքել Արեւմուտք, ինչը Բաքվին ավելի մեծ գումարներ կբերի: Ադրբեջանի նավթային պետական ընկերության՝ SOCAR-ի կառուցած տերմինալի տարողությունը օրական 100 հազար բարել է, իսկ ապագայում ակնկալվում է կրկնապատկել այն:

Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի ու Եվրոպայի էներգետիկ համագործակցությունը իրականացվում է Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթատարով, վերջերս շահագործման հանձնվեց նաեւ Թուրքիան Հունաստանին միացնող գազատարը, որի միջոցով ադրբեջանական գազը կմղվի Եվրոպա` հասնելով Իտալիա: Կուլեւիի տերմինալը երրորդ հնարավորությունն է ադրբեջանական նավթամթերքները առաքելու համար: «Այդ տերմինալը Ադրբեջանին մեծ հաջողություններ կբերի, հատկապես ֆինանսական առումով»,- գրում են «Ստրատֆորի» մեկնաբանները, նշելով, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործման առաջին տարին Ադրբեջանին 3 միլիարդ դոլար բերեց, եկամուտներ են սպասվում նաեւ Թուրքիա- Հունաստան գազատարից: «Էներգակիրներից Ադրբեջանի ստացած եկամուտների կրկնապատկումը մեծ անհանգստություն է պատճառում հարեւանին, որովհետեւ դրանց մեծ մասն ուղղվում է սպառազինությանը»,- ասված է «Ստրատֆորի» վերլուծականում: «Ադրբեջանի պաշտպանության բյուջեն մի քանի հարյուր միլիոն դոլարից անցած տարի հասավ մեկ միլիարդի: Ադրբեջանն իր միջոցներով սպառազինվում է, եւ հարեւան Հայաստանը ուշադրությամբ հետեւում է այդ զարգացումներին: Ադրբեջանի սպառազինումը հարց է առաջացնում՝ արդյոք Բաքուն մեկ այլ զինված բախո՞ւմ է պլանավորում հարեւան երկրի հետ, որը դուրս է մնացել տարածաշրջանի էներգետիկ հարստություններից»,- շարունակում են «Ստրատֆորի» վերլուծաբանները՝ հավելելով. «Կա նաեւ մեկ այլ խաղացող` Ռուսաստանը: Վերջինս Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների մաս է կազմում: Ու եթե հակամարտությունը նորից բռնկվի, Ռուսաստանը, անկասկած, կմիջամտի՝ որպես «հզոր միջնորդ»:

«Ստրատֆորի» վերլուծաբանները եզրակացնում են, թե Մոսկվան հիմա երկակի խաղ է խաղում՝ Ադրբեջանին ու Հայաստանին ապահովելով սպառազինություններով, «չնայած Բաքուն ակնհայտորեն իր սեփական միջոցներն ունի սպառազինությունների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել