Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ շտապեցին

Նոյեմբեր 23,2007 00:00

Ընտրությունների նախօրեին «Ընտրական օրենսգրքում» կատարված հապճեպ փոփոխություններն էին պատճառը, որ երեկ Երեւանի մամուլի ակումբը, «Ընտրությունը քոնն է» եւ «Տրանսպերենսի ինտերնեյշնլ- Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Նրանց հուզել էին ոչ այնքան կատարված բուն փոփոխությունները, որովհետեւ դրանք հիմնականում դրական որակվեցին, որքան դրանց իրականացման գործընթացը: «Տրանսպերենսի ինտերնեյշնլ-Հայաստանի» ղեկավար Ամալյա Կոստանյանին վրդովեցրել է հատկապես այն, որ ԱԺ նախագահը «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարում հայտարարել է, թե չնայած ժամանակի սղությանը եւ միջազգային կառույցների պարտադրանքներին, ԸՕ փոփոխություններն այնուհանդերձ հասարակական քննարկումների փուլ անցել են: Չեն մանրամասնվել, սակայն, թե հատկապես որ կազմակերպությունների հետ են այդ քննարկումները եղել: Տիկինը զարմանում է, թե ինչո՞ւ որեւէ անգամ իրենց կազմակերպությանը հրավեր չի ուղարկվել, առավել եւս, որ իրենք տեւական ժամանակ եւ բավականին ակտիվ աշխատել են ԸՕ փոփոխությունների վրա եւ մշտապես ներկայացրել իրենց առաջարկները: Ավելի անկեղծանալով, Ա. Կոստանյանը հիշեց դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ իրականացված ԸՕ-ի փոփոխությունների առիթով մի հանդիպում եւ մասնավոր զրույց, որի ժամանակ «ներքին կարգով» իրեն ասել էին, թե Թորոսյանն ասել է՝ «ոչ մի հ/կ»: «Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը «հապճեպության» արդյունք է համարում այն, որ 2007-ի հունվարին «բարեփոխված» որոշ դրույթներ նորից են փոփոխվել եւ դարձյալ անհասկանալի հարցեր են մնացել:

«Տրանսպերենսի ինտերնեյշնլ-Հայաստանի» փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը շտապողականությունը որակում է «քաղաքական կոռուպցիա», ինչը թույլ տրվեց քաղաքական մեծամասնության շահը սպասարկելու համար: Նա արձանագրում է, որ ընդհանրապես ընդունված է դարձել միջազգային չափանիշներին հարիր դրույթների ամրագրումը մեր օրենսդրությունում, սակայն հաշվի չի առնվում, որ մեր տիպի երկրներում դրանք սկզբունքորեն կիրառելի չեն, ավելին, չարաշահումների առիթ են տալիս: Այս դեպքում նա նման օրինակ է համարում քվեարկություն իրականացնելը ոչ թե անպայման գրանցման վայրում, այլ՝ բնակության. «Մի քանի տեղ կընդգրկվեն ցուցակներում ու մի քանի տեղ կքվեարկեն: Անձնագրերում կնիք դնելն ինչ-որ չափով թուլացնում է այդ վտանգը, բայց դրա հակաքայլերն էլ կան»: Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Մեսրոպ Հարությունյանն էլ թերություններից առանձնացրեց՝ «Իսկ նախընտրական շրջանին նախորդող ամբողջ ժամանակաշրջանում հեռուստաընկերությունների գործունեությունն այս առումով ինչպե՞ս է կարգավորվում: Պաշտոնական նախընտրական շրջանին դեռեւս կա մոտ երկու ամիս, բայց արդեն վեց ամիս հայաստանյան բոլոր լրատվամիջոցներում նախընտրական քարոզչություն է գնում: Ես ցավով արձանագրում եմ, որ այսօր արդեն հեռարձակվող լրատվամիջոցները դարձել են ոչ թե հասարակական բանավեճի միջնորդ, այլ հասարակական բանավեճի մի կողմ: Բանավեճի մյուս կողմերը այդ լրատվամիջոցներում չեն մասնակցում բանավեճին: Հեռարձակվող լրատվամիջոցները նաեւ իրենց թղթակիցների բերանով դառնում են հասարակական բանավեճի կողմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել