Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ԴԱՏԱՓԵՏԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ

Նոյեմբեր 23,2007 00:00

\"\"Արձանագրելով, որ 1995-96թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ կեղծիքներ են եղել, նա փաստորեն ընդունեց իր մեղքը:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում անհրաժեշտ էր համարել ու առաջարկել էր ընտրակեղծիքներից խուսափելու, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար «Ընտրական օրենսգրքում» երկու փոփոխություն անել՝ բոլոր ընտրությունների քվեաթերթիկները, միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ, տպագրել արտասահմանում՝ բացառելու համար հավելյալ քվեաթերթիկների տպագրման հնարավորությունը, եւ կիրառել քվեարկության ընթացքում ցուցամատի թանաքոտման կարգը, ինչը միակ միջոցն է թույլ չտալու միեւնույն ընտրողի կողմից կրկնակի կամ բազմակի քվեարկություն:

Նոյեմբերի 19-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը «Արմենպրես» գործակալության միջոցով արձագանքեց ու յուրովի հակադարձեց այդ առաջարկությանը. «Ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հմտությանը մենք բազմիցս ականատես ենք եղել 1995թ. խորհրդարանական եւ 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Այնպես որ, ավելի ճիշտ կլինի իր խորհուրդներն ուղղի իր շրջապատի ընտրակեղծարարներին»: Զավեշտական է, բայցեւ՝ փաստ, որ սույն հայտարարությունը պարոն Ազարյանն արեց նաեւ ինքն իր դեմ: Այս «ինքնաքննադատությունը», թերեւս, ավելի ամբողջական կլիներ, եթե պարոն Ազարյանը միաժամանակ մատնանշեր, որ ինքը 1995-96 թթ. վիճահարույց ընտրությունների ժամանակ ՀՀՇ-ի անդամ կեղծարարներից մեկն է եղել եւ մասնավորապես 1995թ. ԱԺ ընտրությունների ժամանակ լինելով Մաշտոցի շրջանի ընտրատարածքում տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահը, իսկ 1996-ին՝ Մաշտոցի շրջանի ղեկավարը, հետո հայտարարել է, թե այդ ընտրություններն իդեալական են եղել: Այս մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը Գ. Ազարյանին ճանաչում է դեռեւս 1994-ից:

Իհարկե, այս եւ իր կենսագրության այլ մութ խութերի մասին ԿԸՀ-ի պաշտոնական կայքում տեղադրված Գ. Ազարյանի կենսագրականում ոչինչ չկա: Փոխարենը կան փաստական սխալներ, եթե չասենք՝ կեղծիքներ: Օրինակ, այնտեղ նշված է, որ Գ. Ազարյանը 1992-1997թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջանի ղեկավար, մինչդեռ Պ. Մակեյանի ասելով, նա այդ պաշտոնը զբաղեցրել է ընդամենը մի քանի ամիս՝ 1996-ի փետրվարից մինչեւ 96-ի հոկտեմբերը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր մինչեւ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի ընդունումը, որով սահմանվում էր, որ համայնքի ղեկավարները այլեւս ոչ թե նշանակվելու, այլ ընտրվելու են:

«Իմ ունեցած տեղեկություններով, նա իր պաշտոնավարության կարճ ընթացքում բավականին շատ կրիմինալ «հերոսություններ» էլ է արել՝ կապված բնակարանների, տարածքների բաշխման հետ»,- ասաց Պ. Մակեյանը: Իհարկե, Ազարյանը մինչեւ 1997-ը մնացել էր ՀՀՇ-ում, իսկ 1997թ.-ին, երբ ՀՀ ԱԺ-ում Էդուարդ Եգորյանի գլխավորությամբ ձեւավորվեց «Հայրենիք» պատգամավորական խումբը, ԿԸՀ ներկայիս նախագահը դարձել էր այս խմբի փորձագետը: Գ. Ազարյանի կենսագրության այս մի դրվագը, թերեւս, միայն արձանագրելու համար նրա՝ պետական կարեւոր գերատեսչությունում աշխատած լինելու հանգամանքը, ԿԸՀ կայքում ներկայացված է այսպես՝ «աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես ավագ խորհրդատու»: Ավելին, Պ. Մակեյանը նաեւ փոխանցեց. «1998-ի նախագահական ընտրություններում «Հայրենիք» խումբը հայտարարեց, որ չի պաշտպանելու որեւէ թեկնածուի եւ չեզոք է լինելու՝ միաժամանակ իր համակիրների միջոցով փորձելով ընտրական տեղամասերում կանխել հնարավոր ընտրակեղծիքները: Այդ գործընթացի ակտիվ մասնակիցն էր նաեւ Գ. Ազարյանը: Հետագայում, եթե հիշում եք, ԱԺ-ում մենք հրապարակեցինք մեր ձեռքի տակ եղած տվյալները, ըստ որոնց, 450 հազար քվեաթերթիկ լցոնվել ու կեղծվել է հօգուտ Քոչարյանի: Այդ տվյալները, որոնք, ի դեպ, ամրագրված էին փաստացի հաշվարկով եւ կատարված կեղծիքի մեխանիզմով, կազմել էր Գ. Ազարյանը: Նա էր այդ ամբողջ փաստաթղթի հեղինակը եւ նա էր կեղծիքների հայտնաբերման տեխնիկական մասն ապահովողը»: 1999-ի մարտին արդեն պարոն Ազարյանը անդամակցել է լուսահոգի Էդուարդ Եգորյանի գլխավորած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը: Բայց քանի որ, ըստ Պ. Մակեյանի, Գ. Ազարյանը միշտ է եղել ուժեղի «հավատարիմ զինվորիկը», արդեն 99-ից հետո ու առավել եւս՝ Էդ. Եգորյանի մահից հետո աստիճանաբար, սակայն հետեւողական քայլերով սկսել է ճամբար փոխելու գործընթացը: «2000-ին, երբ կուսակցությունը պիտի նախագահ ընտրեր, ներկուսակցական խմորումներ էին սկսվել: Կուսակցության հիմնադիրներից 3-4-ը առաջարկում էին Գ. Ազարյանի թեկնածությունը: Նա գալիս էր ինձ մոտ ու ասում՝ պարոն Մակեյան, գիտե՞ք, ես չեմ ուզում նախագահ դառնալ, բայց ինձ այսինչ մարդիկ են առաջարկում: Հետո, երբ 2002-ին Ազարյանը հայտնվեց Ռ. Քոչարյանի թիմում, իսկ 2003-ի նախագահական ընտրություններում դարձավ նրա լիազոր ներկայացուցիչը ԿԸՀ-ում՝ կուսակցությունից ուղղակի հեռացվեց: Ես այն ժամանակ էլ հայտարարեցի, որ նա իշխանությունների գործակալն է եղել մեր կուսակցությունում՝ դեռ 99-ից»,- պատմեց «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահը:

Վերջինս, ի դեպ, համոզված է, որ նոյեմբերի 19-ին իր նախկին կուսակից Գ. Ազարյանի արած հայտարարությունը իրականում նրա նախաձեռնությունը չի եղել: «Դա նրա կերպարին հատուկ չէ: Նա նախաձեռնություն դրսեւորելու համարձակություն չունի, նրա բնույթն է այդպիսին: Կարծում եմ, հայտարարության տեքստը գրել ու նրան տրվել է համապատասխան կենտրոնից, ինքն էլ կարդացել է: Բացի այդ, եթե 95-96 թվականներին ընտրությունները կեղծվել են, ինչպես ինքն է պնդում, ապա ինքը միանշանակ եղել է այդ կաթսայում»,- հայտարարեց Պ. Մակեյանը: Նա նաեւ չի կասկածում, որ Գ. Ազարյանը միշտ լինելու է ուժեղի կողքին, չի էլ բացառում, որ փորձի անցնել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմ, թեեւ դա անցանկալի է համարում՝ նկատի ունենալով, իր ասելով՝ Ազարյանի մարդկային որակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել