Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ն ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱՍԱՄԲ

Նոյեմբեր 23,2007 00:00

\"\"Արթուր Բաղդասարյանն այնուամենայնիվ առաջադրվելու է նախագահական ընտրություններում, եւ նրան պաշտպանելու է «Արդարությունը»:

Երեկ երեկոյան գումարվեց «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում, ի շարս այլ հարցերի, քննարկվեցին նոյեմբերի 16-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկները՝ իրեն՝ որպես նախագահի թեկնածու, միանալու եւ ընտրախախտումները կանխելու համար ընտրական օրենսդրությունը կատարելագործելու վերաբերյալ: ՕԵԿ մամուլի ծառայությունը կայացած քննարկումների վերաբերյալ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Նիստում ընդգծվեց, որ «Օրինաց երկիր» կուսակցության վարչությունն արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում՝ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ եւ այն հրապարակվել է դեռեւս մեկ ամիս առաջ:

Քաղխորհուրդը միաժամանակ կարեւորեց Արթուր Բաղդասարյանի շտաբի եւ այլ ընդդիմադիր թեկնածուների շտաբների, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա նախընտրական շտաբի միջեւ շփումներն ու համագործակցությունը՝ ուղղված արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը եւ ընտրախախտումների դեմ պայքարին:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, նպատակ ունենալով պայքարել հնարավոր ընտրակեղծիքների դեմ, հանձնարարել է ՕԵԿ պատգամավորական խմբակցությանը՝ Ազգային ժողովում հանդես գալ «Ընտրական օրենսգրքի» վերջին քննարկումների ընթացքում ՕԵԿ եւ ընդդիմադիր մյուս ուժերի մերժված առաջարկություններն արտահայտող օրենսդրական նոր նախաձեռնությամբ՝ դրանում ներառելով նաեւ քվեաթերթիկներն արտերկրում տպագրելու եւ քվեարկությանը մասնակցող ՀՀ քաղաքացիների մատները թանաքոտելու տարածված կարգի կիրառման առաջարկությունները: Կուսակցության քաղաքական խորհուրդը կարեւորում է նաեւ միջազգային կառույցների փորձագիտական գնահատականներն առաջարկվող նոր նախագծի առնչությամբ: Եվ այդ նպատակով նախագիծը կուղարկվի նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով, ԵԱՀԿ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վարշավյան գրասենյակ»:

Հավելենք, որ ՕԵԿ քաղաքական խորհրդի մեկ այլ որոշմամբ՝ նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել ՕԵԿ փոխնախագահ, ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը:

Նշենք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին առաջիկա նախագահական ընտրություններում աջակցության պատրաստակամություն է հայտնել «Արդարություն» կուսակցությունը: Վերջինիս նախագահ Արթուր Բալոյանը հայտնեց, որ իրենց կուսակցությունը հիմնադրվել է 1999 թվականին. «2000-ին կուսակցության նախագահ եմ ընտրվել ես: Այսօր մեր կուսակցության շարքերում կա 3200 անդամ»: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը մասնակցում էր 2003-ի ընտրություններին, եւ որոշակի շփոթ էր առաջացել «Արդարություն» կուսակցության եւ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած համանուն դաշինքի միջեւ:

Մեր հարցին, թե ինչո՞ւ նախապատվությունը տվեցին Արթուր Բաղդասարյանին՝ պրն Բալոյանը պատասխանեց. «Մինչ այս քայլը մենք անցկացրել ենք հատուկ ակցիա, երբ մեր կուսակիցները փակ արկղերով շրջում էին տուն առ տուն եւ մարդկանց առաջարկում գրել այն թեկնածուի անունը, ում կցանկանային տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում: Արդյունքները ցույց տվեցին, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ավելի շատ համախոհներ եւ շանսեր ունի: Ավելի՛ն, քանի որ նախագահի հավանական թեկնածուներից ամենաընդունելին, ամենակրթվածն ու մեր պատկերացումներին ամենաշատ համապատասխանողը ՕԵԿ ղեկավարն է, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ամենաերիտասարդն է, իսկ մեր կուսակցությունը, կարելի է ասել, երիտասարդական է՝ որոշեցինք նախագահական ընտրություններում աջակցել պարոն Բաղդասարյանին: Այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ունի ՕԵԿ-ը, որոնք իրականացրել է ե՛ւ իշխանության մեջ գտնվելու տարիներին, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ այսօր՝ մեզ հավատ են ներշնչում: Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք անցնել համատեղ ճանապարհ»:

«Արդարություն» կուսակցության ղեկավարը նաեւ ասաց. «Կուզենայի, որ պայքարն ընթանար գաղափարական դաշտում, եւ մարդիկ կարողանային լսել թեկնածուների առաջարկներն ապագայի վերաբերյալ, այլ ոչ թե անցյալի մասին: Անցյալը եւ ներկան բոլորս էլ գիտենք. պետք է ներկայացնել առաջիկայի եւ ապագայի ծրագրերը, որ մարդիկ կարողանան կատարել ճիշտ ընտրություն: Պետք է ընտրել ոչ թե փողը, այլ այն անձնավորությանը, ում կվստահենք մեր ապագան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել