Վուլգար ներկայացումներն ու հեռուստանախագծերը շատացել են
Մեր մշակույթը, չնայած երկրի բարգավաճմանը, անկման եզրին է:
Վերջերս ներկա գտնվեցի մի բեմադրության, որի թեման ինձ չէր կարող չհուզել. խոսքս Երեւանի երաժշտական թատրոնում տեղի ունեցածի մասին է՝ «Սերոժիկ» վերնագրով: Ի՞նչ ենք մենք ուսուցանում եւ մատուցում մեր սերունդներին, ի՞նչ օրինակ ենք ծառայում նրանց: Մի՞թե կարելի է նման ներկայացումներ բեմադրել: Սերգեյ Դանիելյանը շնորհալի դերասան է եւ լավ մարդ: Ես այսօր ցավ եմ ապրում, երբ նա ներկայացում է խաղում, որի հիմնական թեման տղամարդկանց ու կանանց սեռական «բարեմասնություններն» են: Պարոն Դանիելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր արարքը, որով ապականում եք հայ ժողովրդի դաստիարակությունը եւ բարոյականությունը: Առանց այն էլ անտանելի շատացել են նման աններելի եւ անընդունելի մոտեցումները թե հեռուստատեսությամբ, թե թատրոնում եւ մասամբ թերթերում: Փառք Աստծո, որ թերթերի խմբագիրներից շատերը դաստիարակված եւ գրագետ մարդիկ են, իսկ ի՜նչ է կատարվում հեռուստաընկերություններում, ինչպիսի «շոուներ» ու հեռուստածրագրեր են պատրաստվում: Այնպիսի տպավորություն է, որ կազմակերպիչները կամ երեխա չունեն, կամ էլ տանը՝ հեռուստացույց: Հերիք է: Առանց այն էլ ազգի գեղեցիկ աղջիկների մի մասն ապականված է. ժամը 24-ից հետո երկրում կատարյալ անառակություն է տիրում: Դա քիչ է, հիմա էլ թատրոնո՞վ եք ուզում մեզ ապականել: Իսկ հեռուստատեսությո՞ւնը՝ «P. S. քլաբ», «32 ատամ», «Բլեֆ»… գումարած երգիչների ու չերգիչների առատությունը: Դա նրանից չէ, որ մշակույթն է զարգացում ապրում, պարզապես «հովանավորներն» են շատանում՝ «ինչ-ինչ» ծառայություններ մատուցելու նախապայմանով: Երգիչ-երգչուհիներ կան՝ որոնց վառելն էլ քիչ է: Երբ պետք է լինում, առիթը բաց չեք թողնում գոռալու, որ արվեստագետ եք, մի՞թե անբարոյականությունն այսուհետեւ արվեստ է: Անբարոյական բառն այսքան շատ եմ գործածում, որ այդ մարդիկ կարդան ու ամաչեն իրենց մատուցածից ու իրենց մտավոր կարողությունների սակավությունից: Ես չեմ ուզում վիրավորել որեւէ մեկին, բայց երբ դուք վիրավորում եք հանրությանը, ուստի պետք է արժանանաք նրա համապատասխան արձագանքին: Մի՞թե չեք խղճում մեր երիտասարդ սերնդին, ախր մեր ազգը շատ շուտ է ընդօրինակում վատը:
Ժամանակին քննադատում էինք ռուսներին, թե 10 տարեկանից դառնում են սանձարձակ, բայց այսօր մեր ազգը նրանցից առաջ է անցել: Հայկական ավանդականն արդեն հնամաշ է համարվում, ընդունվում է նորը, բայց այլասերվածը:
Եկեք յուրաքանչյուրս քայլ անենք, որպեսզի մեր ժողովուրդը դառնա առաքինի, առողջ՝ մտածելակերպով ու դատողությամբ: