Լրահոս
Օրվա լրահոսը

Գալաջյանը վերականգնվեց

Նոյեմբեր 22,2007 00:00

\"\"Անսպասելի շրջադարձ՝ «ապտակի» գործով

Նոյեմբերի 20-ին Հրանտ Խաչատրյանը ներկայացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ որպես ամբաստանյալ: Պարոն Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 136 հոդվածով՝ տուժող Հայկ Բաբուխանյանին սույն թվականի փետրվարի 8-ին ապտակելու համար: Գործով դատական նիստը սկսվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ ՍԻՄ կուսակցությունում Խաչատրյան-Բաբուխանյան «փոխհրաձգությունը» սկսվեց դեռ տարեսկզբին. կողմերը միմյանց մեղադրում էին «պատվեր կատարելու» ու «կուսակցությունը պառակտելու» մեջ: Նախաքննությամբ սույն «ապտակը» որակվել էր որպես Բաբուխանյանին հասցված նպատակային վիրավորանք՝ իր համախոհների եւ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ:

Նիստի ընթացքում Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց մեղադրանքը: «Այս տարվա փետրվարի 8-ին եղել է խուլիգանական հարձակում ՍԻՄ կուսակցության գրասենյակի, «Իրավունք», «Արգումենտի ի ֆակտի», «Կոմսոմոլսկայա պրավդա» եւ մի շարք այլ թերթերի խմբագրությունների վրա, որը գլխավորում էր այն ժամանակ ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը: Օգտվելով իր պատգամավորական մանդատից, անձեռնմխելիությունից եւ այն հանգամանքից, որ իր կողքին գտնվում էր շուրջ 20 ոստիկան, նա կատարեց մի շարք արարքներ, որոնց համար այսօր պատասխան է տալու: Նա համոզված էր իր անձեռնմխելիության եւ անպատժելիության մեջ, քանի որ այդ ամենի պավիրատուները հավանաբար երաշխիքներ էին տվել, սակայն այսօր գտնվում է այսպիսի ամոթալի վիճակում»,- «Առավոտին» փոխանցեց պարոն Բաբուխանյանը:

Դատարանը լսեց վկաներին, ովքեր միաբերան պնդում էին, թե Խաչատրյանը «թիկունքից եւ բռունցքով» է խփել Բաբուխանյանին: Հակառակ կողմն էլ իր հերթին մեջբերումներ էր ներկայացնում Բաբուխանյանի՝ հոկտեմբերի 11-ին տված ցուցմունքից, որով վերջինս խոստովանում էր, որ Խաչատրյանն իրեն ապտակել է: Դատական նիստը հետաձգվեց՝ վկաների ներկայությունը դատարանում ապահովելու պատճառաբանությամբ: Մյուս վկաների վկայությունները կլսվեն դեկտեմբերի 4-ին: Ամբաստանյալ Հրանտ Խաչատրյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ ի սկզբանե չի ցանկացել, որ «ապտակի» գործը նախաքննությամբ կարճվի, ուստի գործին վերաբերող որոշ տեղեկություններ եւ առարկություններ նախաքննության մարմնին չի ներկայացրել. «Ես ցանկանում էի, որ այս գործի քննությունն ընթանա բաց դատավարությամբ, որպեսզի եւ ես, եւ դատարանը հերթական անգամ ազատ լինենք այս գործը որպես «պատվերով գործ» որակելու կեղծ մեղադրանքից»:

Խաչատրյանը դատարան էր ներկայացել միայնակ եւ ասաց, որ չի ցանկանում ու չի թույլատրի իր մտերիմներին գալ դատարան, առավել եւս՝ ելույթներ ունենալ, կարծիքներ հայտնել. «Խնդիրն այն է, որ ես ստորացնելու, վիրավորելու եւ որեւէ այլ հակաօրինական խնդիր լուծելու նպատակ չեմ ունեցել: Ես հիմա էլ համարում եմ, որ այդպես պետք է վարվի յուրաքանչյուր ազնիվ մարդ: Գալիս է պահ, երբ սուբյեկտիվ տպավորություն է ստեղծվում, որ հարցի լուծման բոլոր օրինական ճանապարհներն արդեն փակված են: Իսկ այդ պահին ես այդպիսի զգացողություն ունեցա: Ես ընտրել եմ իմ պատիվը պաշտպանելու ամենաարժանապատիվ տարբերակը: Ես ուրիշի պատվի վրա, առավել եւս գոյություն չունեցող պատվի վրա, ոտնձգության որեւէ նպատակ չեմ ունեցել եւ այսօր էլ չունեմ»:

Հ. Գ. 1- Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկվա նիստում որոշել է Հովհաննես Գալաջյանին վերականգնել ՍԻՄ-ի «Իրավունք» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի, իսկ Գեղամ Գրիգորյանին՝ տնօրենի պաշտոններում։ Մյուս կողմը դիմել է Վերաքննիչ ատյան՝ վճիռը բողոքարկելու համար։ Հ. Գ. 2- Նույն դատարանը մեկ այլ նիստում որոշել է փոխել «ՆԺ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցի բովանդակությունը՝ ընդամենը պետք է հերքում տպագրվի «Իսկական իրավունքում»։ Հիշեցնենք, որ նա թերթին դատի էր տվել այն նյութի համար, որտեղ Կարապետյանը մեղադրվում էր $10.000-ով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղեր վաճառելու մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել