Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԸ ԿՍԿՍԵՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՈՎ

Նոյեմբեր 22,2007 00:00

\"\"Ըստ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության նորանշանակ գործադիր տնօրեն Նիկոլայ Դավթյանի, առավոտյան Արցախի նախագահը կողջունի, իսկ երեկոյան՝ բարի գիշեր կմաղթի իր ժողովրդին:

«Միր» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Նիկոլայ Դավթյանն այլեւս Արցախի հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենն է: Բազմափորձ մասնագետն ասաց, որ որոշել է ոչ միայն եթերային ժամանակահատվածը երկարացնել, այլեւ բովանդակային փոփոխություններ անել: «Առավոտը» նորանշանակ տնօրենից հետաքրքրվեց՝ անձերի եւ թեմաների առումով սահմանափակումներ լինելո՞ւ են: Ն. Դավթյանը բացասական պատասխան տվեց՝ տաբուներ չեն լինելու: Նրա մշակած ծրագրի համաձայն՝ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության եթերում ցուցադրվող ամենամեծ նյութը չի գերազանցելու 10 րոպեն, քանի որ նպատակը դինամիկ եւ ակտիվ ծրագիր ունենալն է: Դառնալով սահմանափակումներին, տնօրենն ասաց, որ առաջիկայում, այնուամենայնիվ, սպասվում են որոշ փոփոխություններ: «Եթե զգամ, որ որեւէ հաղորդում հեռուստադիտողին դուր չի գալիս, կարգելեմ ցուցադրել: Շեշտը դրվելու է ճաշակի ու որակի վրա, այլ չափանիշներով չենք առաջնորդվելու: Խուսափելու ենք միօրինակությունից, եթերը կլինի բազմաժանր ու բազմաբնույթ, կցուցադրվեն քաղաքական, մանկական, երիտասարդական եւ այլ հաղորդումներ»,- խոստացավ պրն Դավթյանը:

Հետո էլ հավելեց. «Ամենեւին մտավախություն չունեմ, որ պաշտոնավարմանս ժամանակ իմ առջեւ ինչ-ինչ սահմանափակումներ ու պայմաններ կդրվեն: Ինձ հրավիրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ առաջարկել մասնակցել գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Հաղթելուց հետո նախագահին խնդրեցի բացատրել, թե ինքն ինչպիսի՞ հեռուստատեսություն է ուզում, որպեսզի հասկանամ՝ ինչը փոխեմ կամ թողնեմ նույնությամբ: Նախագահն ասաց, որ կուզենար Արցախի հեռուստատեսությունը ժողովրդին՝ ղեկավարության հետ կապող օղակ ծառայեր»:

Չնայած 12 օր է, ինչ Ն. Դավթյանը ստանձնել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն, ինչպես ինքն է ասում, վայրկյան առ վայրկյան նախագծել է, թե ինչ է լինելու եթերում. «Ամեն ինչ պատրաստ է նոր եթերի համար, սակայն գործի հիմնական մասը դեռեւս կախված է բյուջեից: Մինչ այժմ հեռուստատեսությունը աշխատել է օրական 3 ժամ, սակայն ես որոշել եմ դարձնել 5: Իսկ ժամային երկարացումը պահանջում է հավելյալ ծախսեր: Դեռ չգիտեմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ կլինի՞ այդ ծախսերը հոգալ: Չգիտեմ՝ Արցախի Ազգային ժողովը ճիշտ կհամարի, ասենք, հիվանդանոց կառուցե՞լը, թե՞ հեռուստատեսություն զարգացնելը: Անկախ այն բանից, որ հեռուստաեթերը կհեռարձակվի 3 թե 5 ժամով՝ այդ ժամանակահատվածը կվարի մեկ հոգի, որն էլ կանդրադառնա ղարաբաղցուն հետաքրքրող բոլոր թեմաներին»:

Արցախի հանրային հեռուստատեսության կադրերի մասին էլ տնօրենն ասաց. «Առայժմ կադրային փոփոխություններ չեն լինի: Չեմ կարող ինչ-որ մեկին զրկել չնչին՝ 20 հազար դրամ աշխատավարձից: Բայց մյուս կողմից էլ, այն գործը, որ արվում է 118 աշխատողով, կարելի է անել ընդամենը 15 հոգով»: Խոսելով եթերում անընդմեջ ցուցադրվող գովազդային հոլովակներից, պրն Դավթյանն ասաց, որ Արցախում այլ կերպ է լինելու. «Գովազդը կլինի պարզապես մեկ տիտրով՝ ընդամենը հիշեցնելու համար հովանավորին»: Տնօրենն անդրադարձավ նաեւ Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին ու առաջիկա նախագահական ընտրություններին. «Մենք ոչ մի բանի չենք խառնվելու, որովհետեւ ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապ չունենք: Իսկ ինչ վերաբերում է Արցախի բնակչության տեղեկացված լինելուն, ապա իրենք դիտում են Հ1, Հ2, «Արմենիա», այնպես որ՝ ես Ղարաբաղում նստած՝ ոչ մի ավել բան չեմ կարող ասել: Նույնիսկ խնդրել եմ լուրերից հանել բոլոր միջազգային նորությունները, որովհետեւ ղարաբաղցուն ավելի շատ կհետաքրքրեն նորություններ, ասենք, Մարտակերտի շրջանից, քան Արգենտինայի նախագահից»: Ն. Դավթյանը տեղեկացրեց, որ թեկուզ շաբաթական մեկ օր, չի պատրաստվում իրենց սահմանափակ եթերից որոշակի ժամանակահատված հատկացնել հեռուստասերիալներին:

Նա փոխանցեց, որ մի նորամուծություն էլ է մտցրել. «Այսուհետեւ ամեն առավոտ եթերից Արցախի նախագահը ժողովրդին ողջունելու է, իսկ երեկոյան՝ բարի գիշեր է մաղթելու: Այ, այսքան մոտիկ կլինենք ժողովրդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել