Լրահոս
Օրվա լրահոսը

Փողերը հավաքել են, գազի մասին մոռացե՞լ

Նոյեմբեր 22,2007 00:00

«ՀայՌուսգազարդը» բնակիչներին գազ մատակարարելու սահմանված ժամանակացույցը խախտում է

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը պարտավոր է բնակարանների գազիֆիկացման աշխատանքներն ավարտել բնակչի հետ պայմանագիր կնքելուց հետո 40 օրվա ընթացքում: Սակայն Երեւան քաղաքում գազամատակարարում իրականացնող «Երեւան գազ» ընկերությունը վերջին ամիսներին մայրաքաղաքի բազմաթիվ բազմաբնակարան շենքերում իր աշխատանքներն իրականացնում է ժամանակացույցի խախտումներով:

Սա տեղի ունեցավ հատկապես այն բանից հետո, երբ այս տարի «ՀայՌուսգազարդը» մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ակցիա հայտարարեց, ըստ որի՝ այն բնակիչ-բաժանորդները, որոնք նշված ժամանակահատվածում ընկերության հետ գազամատակարարման պայմանագիր կկնքեն, նրանց գազի հաշվիչները կտեղադրվեն անվճար:

Բնակիչները պետք է վճարեին ներշենքային աշխատանքների, այսինքն՝ միայն գազի խողովակները մինչեւ բնակարան հասցնելու համար: Ընդ որում, այդ աշխատանքների համար բնակիչները միջինը 50 հազար դրամ վճարել են: Սակայն շատ պոտենցիալ բաժանորդներ, օգտվելով ակցիայից, սահմանված բոլոր մուծումները կատարելուց հետո, ամիսներ շարունակ սպասում են, որ իրենց բնակարաններում գազ ունենան:

Նկատենք, որ հատկապես այդ ամիսներին բազմապատկվել է ընկերության բաժանորդների թիվը՝ հասնելով մոտ կես միլիոնի: Այդ ամիսներին «Երեւան գազին» դիմած բոլոր բնակիչների հետ կնքվել են գազամատակարարման պայմանագրեր, եւ ընկերության աշխատակիցները շատ պարտաճանաչորեն կատարել են բազմաբնակարան շենքերի ներշենքային աշխատանքները: Բնակիչներն էլ մեկ ամիս հետո գազ ունենալու ակնկալիքով՝ մուծել են չափումների արդյունքում առաջացած բավականին մեծ գումարները, սակայն նրանց բնակարաններն ամիսներ շարունակ այդպես էլ չեն գազիֆիկացվել:

Այս առնչությամբ, «ՀայՌուսգազարդ» ընկերությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ բոլոր այն շենքերում, որտեղ աշխատանքներն արդեն ավարտվել են, բայց գազամատակարարում դեռեւս չկա՝ պետք է իրականացվի գազատար խողովակների փորձարկում, որից հետո միայն պարզ կլինի, թե երբ տվյալ շենքը կգազիֆիկացվի: Ինչ վերաբերում է սահմանված ժամանակացույցների խախտմանը, ապա ընկերության լրատվական ծառայության ներկայացմամբ. «Պայմանագրով նախատեսված 40 օր ժամկետը չի պահպանվում միայն առանձին դեպքերում, երբ գազամատակարարման աշխատանքների հետ կապված ինչ-ինչ խնդիրներ են առաջանում»: Իսկ թե ինչ կարգի խնդիրներ են առաջացել, որ ժամանակացույցից շեղվել են, ընկերությունից չհստակեցրին:

Բազմաթիվ բնակիչներ դժգոհում են, որ գազիֆիկացման աշխատանքներն սկսելու համար պահանջվող կանխավճարի մուծման մասին «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները բազմաթիվ անգամ տեղեկացնում են բնակիչներին, սակայն գումարի մուծելուց հետո չեն կատարում պայմանագրով նախատեսված պարտավորությունները:

Ըստ էության, բնակարանների գազիֆիկացման համար դիմող բնակիչների քանակն այնքան մեծ է եղել այդ ամիսներին, որ «ՀայՌուսգազարդը» պարզապես բավարար ներուժ չի ունեցել սահմանված ժամկետներում այդ ծավալով աշխատանքներ իրականացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել