Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓԱՌԱԲԱՆԵՑ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ

Նոյեմբեր 22,2007 00:00

\"\"Եվ, ինչպես միշտ, մեծ «բարությամբ» խոսեց առաջին նախագահի մասին

Նախագահի այցին շիրակցիները պատրաստվում էին դեռեւս մեկ շաբաթ առաջ, նույնիսկ նրա պատվին լվացել էին Շիրակի մարզպետարանի բոլոր ջահերն ու փայլեցրել էին հատակը, այնպես որ, երբեմնի փնթի կառույցը անճանաչելիորեն փոխվել էր: Սակայն նախքան Գյումրի գալն ու մարզպետարան մտնելը, նախագահը իր շքախմբով՝ մի քանի թիկնապահ-նախարարների ուղեկցությամբ, կանգնեց Արթիկի «Լինսի» փողերով վերանորոգված կամուրջը տեսնելու: Այստեղ թեեւ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Քըրքորյանին՝ ինը գյուղերը իրար միացնող ճանապարհը վերանորոգելու համար, սակայն հիմնականում մեծարեց ինքն իրեն՝ շեշտելով, որ սա իր նախընտրական խոստումներից մեկն էր, որը, փաստորեն, նախքան պաշտոնաթող լինելը հասցրել է ավարտել: Արթիկում Քոչարյանը «կարճ կապեց»՝ պատճառաբանելով անբարենպաստ եղանակը: Դրանից հետո եկավ Շիրակի մարզպետարան, որտեղ մարզպետի առանձնասենյակում տեղի ունեցավ բավականին երկար խորհրդակցություն: Այդ ընթացքում ամբողջ Գյումրին հավաքվեց մարզպետարանի առջեւ՝ բարձրաձայն քննադատելով նախագահի հետ եկած որոշ պաշտոնյաների ու նախագահից պահանջելով իրենց պրոբլեմներին վերջ դնել: Չնայած ոստիկանների քրտնաջան աշխատանքին՝ նրանց այդպես էլ չհաջողվեց ցրել բազմությունը, այնպես որ, նախագահի՝ մարզպետարանից դուրս գալն ու նրան վրա տալը մեկ եղավ: Քոչարյանը կանգնեց ու միգուցե վերջին անգամ հավաքեց բողոք-նամակները: Նա հարկ համարեց «գովաբանել» նաեւ մեկ այլ բարերարի՝ արգենտինահայ Էռնեկյանի նախաձեռնությունը, որը «խելացի» վարվեց՝ գյումրեցիների համար սեփական փողերը ծախսելով: Այցելելով Գյումրիի օդանավակայան, երկրի ղեկավարն ասաց. «Մառախուղները ուղղակի ստիպեցին արագացնել այս ծրագիրը, թռիչքուղին ամբողջապես վերանորոգվեց, շատ ժամանակակից սարքավորումներ են տեղադրված այստեղ: Կարծում եմ, լավ գործ է արված, տրամադրված էինք բյուջեով անել, բայց բանակցություններ վարելուց հետո համաձայնության եկանք, եւ ինքը շատ ճիշտ, լավ քայլ արեց՝ իր վրա վերցրեց ծախսերը, թեկուզ բիզնեսի առումով, կարծում եմ, մեզ համար էդքան էլ շահավետ չէր»:

Ռ. Քոչարյանը օդանավակայանում անդրադարձավ նաեւ առաջին նախագահի ելույթին՝ ասելով. «Գիտեք, մտածում եմ պատասխանե՞մ, թե՞ ոչ, երբ չես պատասխանում, ասում են՝ բան չունի ասելու՝ խուսափում է, երբ պատասխանում ես, ասում են՝ ավելորդ ուշադրություն է, արժեքավորում է գործող նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Ես իմ կյանքում չեմ հանդիպել իմ շրջապատում հարգանք վայելող մարդու, որն առաջարկի իրեն որպես գործիք որեւէ մեկին որեւէ մյուսի դեմ: Դա՝ առաջինը: Մեր Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը կարող է գործիք լինել եւ օգտագործման ենթակա ուրիշների կողմից: Դա՝ երկրորդը: Երրորդը. պատկերացրեք օտար ուժերի կողմից ինչ ցանկություն պետք է առաջանա օգտագործել մարդու, որը ինքն իրեն գործիք է համարում եւ իր ծառայություններն է առաջարկում, եւ որը պատրաստ է օգտագործված լինել: Հերի՞ք ա այսքանը, թե՞ մի հատ էլ ասեմ: Բայց հայտնի է, որ եթե որեւէ գործիք տասը տարի պարապուրդի է մատնված, սովորաբար ժանգոտվում է, բարոյապես մաշվում է, իսկ հնամաշ գործիքները մեծ պահանջարկ երբեք չեն ունենում ոչ մի տեղ: Սրանով եզրափակենք»:

Ոչ պակաս կոպիտ էր նախագահի պատասխանը Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության մասին՝ նա մի լավ շշպռեց «Գալայի» ներկայացուցչին: «Գրեթե տեղյակ չեմ, գիտեմ, որ ինչ-որ խնդիր կա, ինչքան գիտեմ՝ խնդիրները հարկային դաշտի հետ են կապված: Իհարկե, առաջին հերթին ինձ հետաքրքրում էր՝ թե միայն ա՞յդ, թե՞ այլ ընկերություններն էլ են հարկային ստուգումների ենթարկվել, պարզվեց, որ այս տարվա ընթացքում հինգ հեռուստաընկերություններ հարկային ստուգումների են ենթարկվել: Նաեւ այլ հեռուստաընկերություններում են ակտեր գրվել, խախտումներ եղել, բայց իրենք ընդունելով այդ խախտումները, ուղղակի փակել են իրենց պարտքերը պետության առջեւ՝ առանց հիստերիկաների: Ինձ համար հասկանալի չի՝ ինչ որ կատարվում է այդտեղ: Բայց ես վերադառնալով կհետաքրքրվեմ»,- խոստացավ Քոչարյանը: Ի դեպ, նախագահն այս անգամ ոչ միայն «Գալայի», այլեւ կապիտալ շինարարության մասին իր պատասխանով հիասթափեցրեց գյումրեցիներին. նա անօթեւաններին ուղղակիորեն հասկացնել տվեց, որ հույսներն այսուհետեւ իրենից կտրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել