ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանն «Առավոտին» երեկ հայտնեց. «Քանի որ նոյեմբերի 30-ին կայանալու է ՀՅԴ գերագույն ժողովը, որտեղ պիտի որոշենք՝ մեր թեկնածուն Վահան Հովհաննիսյա՞նն է, թե՞ Արմեն Ռուստամյանը, հասարակությանն ինչ-որ իմաստով այդ գործընթացին ներգրավելու, նաեւ մեր թեկնածուների հասարակական ընկալման վարկանիշը ստուգելու նպատակով մենք կիրառում ենք հետեւյալ մեթոդը: Երեւանի բոլոր համայնքների բանուկ խաչմերուկներում եւ հանրապետության բոլոր մարզկենտրոններում նոյեմբերի 24-29-ը կազմակերպում ենք հասարակական քվեարկություն:
Փողոցներում կտեղադրվեն վրաններ, որտեղ կլինեն հատուկ քվեատուփեր: Այդ «ընտրական տեղամասերում» կլինեն քվեաթերթիկներ, որոնց վրա նշված կլինեն Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի անունները: Քաղաքացին կարող է քվեարկել՝ այսպիսով իր կարծիքը հայտնելով, թե ինքն ում կուզենար, որ ՀՅԴ-ն ներկայացներ իբրեւ նախագահի թեկնածու: Նրանք այդ վրաններում կարող են նաեւ ծանոթանալ թեկնածուների ծրագրերին ու մոտեցումներին»: Մեր լուսաբանական հարցումին, թե Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանն առանձի՞ն ծրագրեր են ներկայացնելու՝ Ս. Սեյրանյանը պատասխանեց. «Առանձին ծրագրերով հանդես գալու մասին չէ խոսքը: Կլինեն նյութեր, որտեղ կներկայացվեն ՀՅԴ մոտեցումները ներքաղաքական իրավիճակի եւ այլ խնդիրների վերաբերյալ»: Նկատենք, որ ՀՅԴ երկու թեկնածուների քաղաքական մոտեցումներն իրարից չեն տարբերվում, եւ այս առումով դժվար է ենթադրելը, թե ինչպես պիտի քվեարկեն ոչ միայն քաղաքացիները, այլ նաեւ ՀՅԴ ԳԺ պատվիրակները:
Մեր հարցին, թե այս քվեարկության արդյունքները որեւէ կերպ անդրադառնալո՞ւ են ԳԺ պատվիրակների որոշման վրա՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ խոսնակը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»: Ուրեմն՝ իմաստը ո՞րն է այս քվեարկության հարցին էլ պատասխանեց. «Իմաստն այն է, որ մենք իմանում ենք հասարակության կարծիքը»: Հետո այն հաշվի չառնելու համար, այսինքն՝ ճիշտ իրական ընտրությունների պես: