Իսկ դրանք փոխանցվել են միջազգային կառույցներին
Դեռ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր ելույթում հրապարակելով առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին որոշումը, նաեւ հայտարարել էր՝ «այսուհետեւ իմ կողմնակիցների նկատմամբ գործադրված որեւէ բռնություն կամ հարկային ծառայության որեւէ ապօրինի պատժիչ գործողություն դիտվելու է որպես քաղաքացիների ընտրական իրավունքի հանցավոր խախտում եւ այդպես էլ ներկայացվելու է ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ միջազգային ատյաններին: Թո՛ղ յուրաքանչյուր ոստիկանապետ, թաղապետ կամ հարկահան ականջին օղ անի՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ կատարված որեւէ բռնարարք քրեական հանցագործություն է, եւ նրանք վաղ թե ուշ դատական կարգով պատասխան են տալու օրենքի առաջ»:
Նոյեմբերի 19-ին եւ 20-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին ու Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության երեւանյան գրասենյակի ղեկավարին էր փոխանցել նաեւ ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման եւ ոստիկանության բռնարարքների մասին «Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի» կողմից կազմված տեղեկանքների առաջին երեք թողարկումները։
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին փոխանցված այդ տեղեկանքները ներառում են հոկտեմբերի 22-ից մինչեւ նոյեմբերի 15-ը ընկած՝ ընդդիմության հանրահավաքներից առաջ եւ դրանց արանքում, ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների դեմ կիրառված ապօրինությունների, բռնարարքների եւ քաղաքական հետապնդումների մի ողջ ցանկ՝ կոնկրետ փաստերով: Այսպես.
1. Հոկտեմբերի 22-ին, ժ. 13-14-ը ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքում Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին հասարակությանը տեղեկատվություն տարածելու ընթացքում քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը խոչընդոտել է հանրահավաքի իրազեկման խմբին: Դեպքի վայր են ժամանել քաղաքի ոստիկանության ղեկավար ներկայացուցիչները, որոնց քաղաքապետը, առանց որեւէ իրավական հիմնավորման, հրահանգել է իրազեկման խմբից բռնագրավել բարձրախոսը, թռուցիկները եւ խմբի անդամներին տանել ոստիկանության բաժին: Ոստիկանները խմբի անդամներից պահանջել են չօգտագործել բարձրախոսը: Միայն այն բանից հետո, երբ խմբի անդամները մեջբերումներ են արել համապատասխան օրենքից՝ ցույց տալով, որ գիտեն իրենց իրավունքները, ոստիկանները, այնուամենայնիվ, տեղի են տվել:
2. Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, իրազեկման խմբի անդամներին խոչընդոտել են նաեւ Արտաշատ քաղաքի ոստիկանները: Նրանք պահանջել են բարձրախոս չօգտագործել՝ որպես տեղեկատվություն տարածելու միջոց: Ոստիկանության ներկայացուցիչները նաեւ խմբի ողջ տեղաշարժի ընթացքում հետեւել են նրանց գործունեությանը:
3. Հոկտեմբերի 23-ին, ժամը 17-18-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ոստիկանները ապօրինաբար եւ առանց իրավական հիմքերի բերման են ենթարկել ՀՀՇ-ի երիտասարդական թեւի չորս ներկայացուցիչներին՝ հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածելու համար: Ոստիկաններն ապօրինաբար ազատությունից զրկել են նաեւ «Հայք» թերթի ֆոտոթղթակից Դավիթ Ջալալյանին՝ առգրավելով նաեւ նրա մոտ եղած ֆոտոխցիկը: Եղած լուսանկարները ոչնչացնելուց հետո միայն ֆոտոխցիկը վերադարձվել է, իսկ ձերբակալվածներին 4 ժամ անազատության մեջ պահելուց հետո ազատ են արձակել:
4. Նոյեմբերի 5-ին, ժ. 20-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնի բաժնի ՊՊԾ աշխատակիցները առանց պատճառաբանության բերման են ենթարկել «Այլընտրանքի» համակիր Վարդգես Գասպարյանին, բայց մոտ ժամուկես անց ազատ արձակել՝ այն բանից հետո, երբ իմացել են, որ քաղաքական գործիչներ եւ լրագրողներ են գնալու ոստիկանության այդ բաժին:
Կենտրոնի ոստիկանության 2 այլ ապօրինությունների մասին մամուլում բազմիցս է գրվել:
Նոյեմբերի 8-16-ը ընկա ծ ժամանակահատվածին վերաբերող տեղեկանքում արձանագրված է.
1. Նոյեմբերի 9-ին, ժ. 17:45-ին, Մյասնիկյան պողոտայում՝ գազանանոցի ճանապարհի վրա գործող «Արաքս» բենզալցակայան են այցելել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները: Հիշեցնենք, որ բենզալցակայանի պատերին փակցված են եղել նոյեմբերի 16-ի հանրահավաքի մասին ազդարարող պաստառներ: Ոստիկանները կայանում եղած 5 աշխատակիցներից 4-ին ապօրինաբար իրենց հետ տարել են բաժին: Կես ժամ անց այնտեղ են գնացել բենզալցակայանի սեփականատերերը եւ նրանց հարազատները: Շուրջ 2 ժամ անց եկել է Նոր Նորքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ պահանջել է կայանի աշխատողների ցուցակն ու մնացած փաստաթղթերը: Նրան հիշեցրել են, որ ոստիկանությունը հարկային տեսչություն չէ, եւ մերժում ստանալով՝ ոստիկանապետը սպառնացել է, թե կքանդի բենզալցակայանի դիմացի ճանապարհը այնպես, որ ոչ ոք այլեւս չօգտվի դրանից: Նույնիսկ հայտարարել է, թե կայանը եւս կքանդի եւ պահանջել է պաստառները պոկել: Մերժում ստանալուց հետո նա ստիպված կայանի տերերին դուրս է հրավիրել իր աշխատասենյակից:
2. Նոյեմբերի 15-ին «Նոր ժամանակներ» կուսակցությունն է հայտարարություն տարածել, որում ասված է, որ հանրապետության տարբեր ոստիկանական բաժիններ բերման են ենթարկում ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց եւ բացահայտորեն զգուշացնում, որ առաջիկա նախագահական ընտրություններում իրենք պարտադրված են քարոզչություն տանել հօգուտ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նրանց շինծու մեղադրանքներ կառաջադրեն ու կպատժեն:
3. Նույն օրը Աշտարակի ոստիկանություն բերման էին ենթարկվել քաղաքի ՀՀՇ-ի, «Հանրապետություն» կուսակցության եւ ԵԿՄ կառույցների ղեկավարները, որոնց մի քանի րոպե հետո բաց են թողել:
Ներկայացված տեղեկանքներում առանձին եւ մանրամասնորեն շարադրված են նաեւ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում, «Սիլ» կոնցեռնում սկսված հարկային ստուգումների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները, նաեւ հոկտեմբերի 23-ի խաղաղ երթի մասնակիցների իրավունքների ու ազատությունների սահմանափակման փաստն ու նրանց նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնարարքները:
Մի բան հստակ է՝ ընդդիմության առաջին եւ երկրորդ հանրահավաքների արանքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ այսօրինակ ոտնձգությունները պակասել են, թերեւս, այն պատճառով, որ իրավապահները գիտակցում են իրավիճակի, քաղաքական հնարավոր զարգացումների եւ իրենց պատասխանատվության աստիճանի լրջությունն ու նման գործելակերպի անհեռանկարային լինելու փաստը: Ակնհայտ է նաեւ, որ մասնավորապես վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ի դեմս ոստիկանության, իրավապահների նման գործողությունները ոչ թե վախի, այլ գործող իշխանությունների դեմ ատելության մթնոլորտ են սերմանում: