Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է 1991-92-Ի ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոյեմբեր 22,2007 00:00

\"\"Ասում է Թբիլիսիից վերադարձած ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն օրերս եռօրյա այցով գտնվում էր Վրաստանում: Առիթն արդեն 2-րդ հանդիպումն էր, որի ընթացքում հայկական ու վրացական կողմերը փակ շրջանակով՝ առանց լրագրողների, քննարկում են ջավախահայության խնդիրները: Վրաստանն այս քննարկումների ընթացքում ներկայացրել է Գիա Նոդիան, որը Կովկասի Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտի ղեկավարն է, իսկ հայկական կողմը՝ Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտը:

Սակայն Շավարշ Քոչարյանի հետ զրուցեցինք ոչ վիրահայության խնդիրների, այլ Վրաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Մեր հարցին, թե իր կարծիքով, այն, ինչ կատարվեց Վրաստանում՝ արդյոք առի՞թ է հիասթափվելու հեղափոխական ճանապարհից, պրն Քոչարյանը պատասխանեց. «Սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնին հեղափոխությունն ընդամենը որոշ դեպքերում՝ նույնիսկ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկիրը ժողովրդավարական ուղիով զարգացնելու համար: Կարելի էր կանխատեսել այսպիսի ընթացքը Սահակաշվիլիի հենց առաջին քայլերից: Գալով իշխանության, նա փաստորեն ընդօրինակեց Հայաստանի 1995-ի Սահմանադրությունը՝ իր բոլոր թերություններով: Վրաստանի հիմնական օրենքը փոփոխեց եւ օգտագործելով ոչ լեգիտիմ, հեռացող խորհրդարանը՝ ստացավ գերլիազորություններ, առանց որեւէ պատասխանատվության, ու նաեւ վերացրեց տեղական ինքնակառավարումը: Իսկ սա արդեն հղի էր նման հետեւանքներով: Պիտի գիտակցենք, որ չափազանց էական է այն մեխանիզմը, որը դրվում է պետության կառավարման հիմքում»: Այս կապակցությամբ զուգահեռ տարավ. «Վիկտոր Յուշչենկոյին, ինձ թվում է, «արձան կդնեն», որ լինելով Ուկրաինայի նախագահը՝ անցկացնում է ընտրություններ, որոնց ընթացքում չեն կիրառվում վարչական լծակներ, ու նախագահի կուսակցությունը հայտնվում է 3-րդ տեղում: Այս տեսակետից՝ մենք մի ծայրահեղությունից մյուսն ենք ընկնում: Չի կարելի Վրաստանի օրինակով ասել, թե ժողովրդի ընդվզումը չի բերում դրական արդյունքի: Ո՛չ, հասարակությունը միշտ պետք է ակտիվ լինի: Բայց պիտի լինի հստակ գիտակցում՝ հանուն ինչի՞ են գնում, այլ ոչ թե՝ ո՞ւմ դեմ եւ ո՞ւմ հետեւից»:

Մեր դիտարկմանը, թե շարքային վրացիներն այնուամենայնիվ առավել բողոքում են Վարդերի հեղափոխությունից հետո իրենց կյանքում էական փոփոխությունների բացակայությունից, այլ ոչ թե Սահակաշվիլիի ավտորիտարիզմից՝ ԱԺԿ նախագահը չհամաձայնեց. «Դա այդքան էլ այդպես չէ, որ չի հաջողվել իրականացնել փոփոխություններ: 4 տարի է անցել հեղափոխությունից, եւ այդ ընթացքում Վրաստանի բյուջեն, որը Շեւարդնաձեի օրոք հավասար էր Հայաստանի բյուջեին՝ 2007-ին դարձավ 2,5 մլրդ դոլար, այսինքն՝ մեր բյուջեից գրեթե կրկնակի ավելին: 20 անգամ ավելացան ռազմական ծախսերը. Վրաստանի այս տարվա ռազմական ծախսերը ՀՀ-ից 2 անգամ ավելին են՝ 530 մլն դոլարին համարժեք: Ակնհայտ է, որ այնտեղ իրոք ընթանում է պայքար կոռուպցիայի դեմ, եւ ստորին օղակներում այդ կոռուպցիան էապես նվազել է»: Շավարշ Քոչարյանը նկատեց, թե դժգոհությունները իրականում երկու բնույթի են. «Մի՝ շատ առողջ հատվածը Վրաստանի ապագայով մտահոգվածներն են, որոնց զգալի մասը Սահակաշվիլիի հետ եկել էին իշխանության եւ հետո՝ տարանջատվել: Նրանք համարում են, թե բռնապետական մեթոդներն իրենց սպառում են եւ հետո չարիք են դառնալու Վրաստանի համար: Մյուս մեծ հատվածը դժգոհ է, քանի որ ցանկացած փաստաթուղթ ստորագրելիս ահ ու սարսափի մեջ է, թե վաղը-մյուս օրը կարող է հայտնվել բանտում»: Մեր նկատառմանը, թե շրջանցեց Ռուսաստանի ազդեցության գործոնը՝ ԱԺԿ նախագահն ասաց. «Իհարկե, ՌԴ-ն միշտ խնդիր ունեցել է եւ կունենա Վրաստանի հետ: Բայց այստեղ ընդդիմությունն ամենեւին էլ պրոռուսական չէ: Նույնիսկ ավելի արեւմտյան է՝ այն առումով, որ գտնում է՝ Վրաստանը պետք է ոչ թե ավտորիտար մեթոդներով տանել առաջ, այլ ժողովրդավարական: Այնպես որ, չեմ կարծում, թե Ռուսաստանի ազդեցությունն է բերել այս վիճակին»:

Շավարշ Քոչարյանը նաեւ ասաց. «Ինձ համար ցավալի էր, բայց այն, ինչ Վրաստանում կատարվում է՝ հիշեցնում էր Հայաստանը 1991-92 թվականներին, երբ ժողովրդի ոգեւորությունը եւ վստահությունը նոր իշխանության նկատմամբ սկսեց մարել, մաշվել ու ի վերջո՝ եղավ հակառակ վերաբերմունքը»: Հարցին, թե սրանից հետեւո՞ւմ է, որ Սահակաշվիլին շանս չունի հաղթելու նախագահական ընտրություններում՝ պրն Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ, ինքը դեռ ունի հաղթելու բավական լուրջ հնարավորություն, քանի որ նոր է սկսվել այդ համատարած հիասթափությունը: Եվ կարծում եմ, որ արտահերթ ընտրություններ նշանակելն իր կողմից ինչ-որ չափով նաեւ մտածված էր, քանի որ սկսվել էր իր հեղինակության անկման փուլը: Առանց անուններ նշելու՝ պետք է ասեմ, որ մեր զրույցների ընթացքում ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները համարում էին, թե այնուամենայնիվ՝ նա կվերընտրվի: Ընդդիմադիրների հիմնավորումն է, թե նա չի կազմակերպելու նորմալ, ժողովրդավարական ընտրություններ: Իսկ դրա ապացույցները բազմաթիվ են. նույնիսկ այն հանգամանքը, որ հունվարի 5-ին են նշանակվել ընտրությունները, ուրեմն՝ դեկտեմբերի 25-ից սացիվի, գինի եւ այլն… Այսինքն, լրիվ այլ մթնոլորտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել