Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տուժողից մատնահետքեր են վերցնում

Նոյեմբեր 21,2007 00:00

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, հոկտեմբերի 14-ին Զեյթուն թաղամասի թռչնի շուկայում բռնարարքի էր ենթարկվել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:

Վերջինս «Առավոտին» տեղեկացրել էր, որ իր վրա բռնարարք կազմակերպողն ու իրականացնողը «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկան Գագիկ Կոստանդյանն էր:

Նույն օրը Սիմոնյանի բնակարան էին եկել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության աշխատակիցները, որոնց հայտարարություն էր տվել Սիմոնյանը:

Երեկ Սիմոնյանից փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ ընթացքի մեջ է գտնվում նրա գործը: Նրա տեղեկացմամբ, դեպքից 22 օր հետո Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քննչական բաժնում (քննիչ Ա. Վանյան) ընդունվել է որոշում՝ քրեական գործ հարուցելու եւ վարույթ ընդունելու մասին: Ըստ այդ որոշման նկարագրական մասի. «Հոկտեմբերի 14-ին, ժ.16-ի սահմաններում, ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել Ագաթանգեղոսի փողոցի 7-րդ շենքի 124 բնակարանի բնակիչ Ռ. Սիմոնյանից, որ նույն օրը նա վիճաբանության մեջ է մտել Գագիկ Կոստանդյանի հետ, որի ընթացքում նրա մտերիմները ծեծի են ենթարկել իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ»: Հարուցվել էր քրեական գործ՝ Քրօրի 118-ի հատկանիշներով, այն է՝ «Ծեծելը կամ բռնի գործողություններ կատարելը» մի անձի կողմից կատարված:

Ռ. Սիմոնյանը, որը ստացել էր գանգուղեղային վնասվածքներ, այտոսկրի, ատամների, աջ կողոսկրի, քթի միջնապատի կոտրվածքներ, նստատեղի ճաք, թոքի վնասվածք, ըստ դատաբժշկական փորձագիտական եզրակացության, համաձայն չէ տվյալ որակման հետ: «Տվյալ գործը հարուցվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ, ոչ անհապաղ: Հանցագործության որակումը սխալ է, քանի որ կազմակերպված էր, զինված խումբ է հարձակվել իմ վրա, փորձ է արվել ինձ առեւանգել, մահափորձ է կատարվել իմ նկատմամբ, որի հետքերն առկա են»,- ասում է տուժողը:

Ռ. Սիմոնյանը նշեց նաեւ, որ 22 օրվա ընթացքում ոստիկաններն ու քննիչը եկել են իր տուն եւ «տարբեր պահանջներ ներկայացրել: Նրանք հորդորում էին ինձ վերջ տամ բողոքներիս: Ասում էին՝ Կոստանդյանը կգա հաշիվները կփակի»:

Մինչ քրեական գործ հարուցվելը, Ռ. Սիմոնյանը դիմել է գլխավոր դատախազին, պահանջելով՝ անհապաղ քրեական գործ հարուցել կատարված հանցագործության առթիվ: Դատախազությունը գրություն էր ուղարկել Քանաքեռ-Զեյթուն համայնքի դատախազին՝ քննելու, համապատասխան ընթացք տալու մասով: «Որեւիցե պատասխան Քանաքեռ-Զեյթուն համայնքի դատախազից չեմ ստացել»,- հավելեց Ռ. Սիմոնյանը:

Վերջինս նախաքննության մարմնի գործողությունների դեմ միաժամանակ բողոքարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Բողոքը դեռ գտնվում է դատավոր Խ. Բաղդասարյանի վարույթում: Նոյեմբերի 14-ին, ժ. 11-ին նշանակվել էր նշված գործի դատաքննությունը: Նախաքննության մարմինը ոչ միայն չի ներկայացել, այլեւ նյութեր չէր ներկայացրել դատարան, օրենքով սահմանված կարգով՝ իր բացակայության մասին չէր իրազեկել դատարանին:

Դատաքննության օրը, դատական նիստից 1 ժամ առաջ, Կենտրոնի ոստիկանությունից 2 ոստիկան են գնում Սիմոնյանի բնակարան, նրան հայտնում, որ բերման են ենթարկելու, արդարանալով. «Պետը կարգադրել է»: Սիմոնյանին նրանք ցույց չեն տալիս բերման մասին դատարանի (եթե այդպիսին եղել է) որոշումը: Ոստիկանները զանգում են դատարան, համոզվում, որ նշանակված է դատաքննություն. «Բայց ես տուժող եմ, ինձ բերմա՞ն եք ենթարկում»: Դատավորը նախաքննության մարմնին պարտավոր էր իրազեկել այդ մասին, ինչը չի արել:

Տուժողը ասաց նաեւ, որ իրեն հրավիրել են բաժին. «Գնացի: Զոռով տարան քննչական բաժին ու մատնահետքեր վերցրին: Մինչ օրս, սակայն, չգիտեմ, թե ինչի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել