Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՊԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆ

Նոյեմբեր 21,2007 00:00

\"\"Երեկ ակադեմիկոսների եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ հնչած ելույթներն ապացույց էին, որ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» երկն այսօր էլ արդիական է:

Երեկ գումարվել էր Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստը: Այս խորհուրդը ստեղծվել է 2007-ի օգոստոսին, եւ առաջին ընդլայնված նիստի հյուրը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր: Ահա երեկ էլ ակադեմիկոսները հյուրընկալել էին հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

Նիստում պիտի քննարկվեին Գիտության զարգացման հիմնադրամի ռազմավարական ծրագրի խնդիրները: Սակայն քննարկումը գերազանցապես վերածվեց Գագիկ Ծառուկյանի մեծարման երեկոյի: Առաջինը Գիտությունների ակադեմիայի նախագահ, Հոգաբարձուների խորհրդի համանախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էր, որը հայտարարեց. «Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտների մեջ պրն Ծառուկյանն ունի բավականաչափ զարգացած, բազմաճյուղ տնտեսություն: Եվ երբ նայում էինք՝ գտանք, որ պրն Ծառուկյանն այն տնտեսվարող օբյեկտներից է, որ կարող է մեր գիտության արդյունքները ներդնել իր տնտեսության տարբեր ճյուղեր»: Նշենք, որ ո՛չ նա, ո՛չ որեւէ այլ ակադեմիկոս այդպես էլ չհիշեց, թե Սահմանադրության համաձայն՝ ԱԺ պատգամավորը ոչ միայն չի կարող «տնտեսվարող օբյեկտ» լինել, այլեւ չունի ընդհանրապես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Ռադիկ Մարտիրոսյանը գովեստով նշեց, թե Ծառուկյանը 2 հազար ուսանողի ուսման վարձ է տալիս եւ այլն: Եվ ելույթի վերջում ասաց. «Հաշվի առնելով նրա հայրենանվեր գործը մեր մշակույթի, կրթության եւ այսօր էլ, հույս ունենք, մեր գիտության զարգացմանը, ուրեմն, աջակցելու՝ մենք որոշում ենք պրն Ծառուկյանին պարգեւատրել մեր ակադեմիայի ոսկե մեդալով»:

Գովեստի խոսքերի առումով, սակայն, առավել շռայլ էր ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը, որը Գագիկ Ծառուկյանի առատաձեռնությանն արժանացել էր դեռեւս բժշկական համալսարանը ղեկավարելու տարիներին՝ իր հոբելյանի կապակցությամբ արժանանալով ավտոմեքենայի: «Նա մեծ գործ է արել, եւ ուղղակի, բառիս բուն իմաստով, կարելի է ասել՝ լավ հայ է, մեծատառ հայ անձնավորություն է,- ասաց Վիլեն Հակոբյանը:- Ես ծանոթ եմ, թե նա ինչպես կարողացավ լինել գործարար՝ իր աշխատասիրությամբ, իր գործին նվիրվածությամբ, հետեւողականությամբ եւ անսահման մեծ աշխատասիրությամբ: Երեւի շատ քչերը գիտեն, թե որքան ծանր իրավիճակներում, եւ որքան մեծ աշխատանք է պահանջել 80-ականների վերջից եւ 90-ականների սկզբից, որպեսզի նա կարողանա ոտքի կանգնել: Բայց միաժամանակ, պետք է ասեմ նաեւ, որ ինքը, լինելով աստվածահաճո եւ շատ աստվածավախ անձնավորություն՝ երեւի Աստված էլ նրան կանաչ ճանապարհ է տվել, որ կարողացել է այդպիսի հաջողությունների հասնել: Եվ դրա արդյունքն էլ այն եկեղեցիներն են, որ նա կառուցել է: Եվ շուտով մի հսկա եկեղեցի նույնպես շահագործման կհանձնվի Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների շնորհիվ»: Վիլեն Հակոբյանը նաեւ ասաց, թե խորհրդարանական ընտրություններից առաջ «երբեմն չհիմնավորված քարեր էին շպրտվում պրն Ծառուկյանի հասցեին, թե նա ընտրությունների հետ կապված բարեգործություններ է անում: Ոչ ոք չգիտի, որ նրա բարեգործությունները սկսվել են 90-ական թվականներից: Լավ գիտեմ, որովհետեւ նա բարեգործություններից առաջինը սկսել է բժշկականով»: Այս ամենը Գագիկ Ծառուկյանը լսում էր իրեն բնորոշ ժպիտով: «Թող ինձ ներվի, ես երեւի ուրիշներին չգիտեմ, բայց երեւի չկա՛, չկա՛, ես չեմ կարող որեւէ մեկին համեմատել, որ այդքան մեծ բարեգործություններ է անում: Ես ուզում եմ պրն Ծառուկյանին համեմատել Մանթաշովի հետ. ես չգիտեմ՝ ինքն ինչքանով է դա ընդունում»,- ասաց Վիլեն Հակոբյանը: Եվ մեջբերեց Շիրվանզադեի ասածը Մանթաշովի մասին, թե վերջինիս բարեգործությունները չէին բխում «նրա սին փառասիրություններից, այլ նրա՝ հայ քրիստոնյային բնորոշ հոգու արձագանքն էր: Ես սա ուզում եմ վերագրել նաեւ պրն Ծառուկյանին»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կարճ ժամանակում համախոհներ ձեռք բերելն էլ Վիլեն Հակոբյանը պատճառաբանեց այսպես. «Գագիկ Ծառուկյանը շռայլորեն կարողանում է մարդկանց օգնել: Եվ ղեկավարվում է աստվածային այն թեզով, որ տուր ուրիշին՝ Աստված էլ քեզ կտա»:

Եվ նման ելույթներ լսելուց հետո, որոնց միջով նաեւ կարմիր թելի պես անցնում էին դժգոհությունները թերֆինանսավորումից, ու բողոքները, որ գիտությունը ծանր վիճակի մեջ է՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց այն, ինչը եւ նրանից սպասում էին ակադեմիկոսները. «Իմ մասնակցությունը կունենամ ամեն տարի: Այս տարի՝ գիտության զարգացման համար վաղը կփոխանցեմ 200 հազար դոլար»:

Ֆիզիոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Նահապետյանը պատմել էր, թե մայիսի 12-ի ընտրություններից առաջ հանդիպել է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին, արծարծել գիտության դոկտորների եւ թեկնածուների 50-10 հազար հավելավճարի հարցը, որից նրանք զրկվում են թոշակի գնալու դեպքում: Ու թեեւ Վահան Հովհաննիսյանը խոստացել էր բյուջեի քննարկման ժամանակ անդրադառնալ այդ խնդրին՝ թերեւս փոխտնօրենը հույսը կտրել էր, քանի որ այժմ էլ դիմեց Ծառուկյանին. «Չնչին, փոքրիկ գումար է: Երեւի շատ չեն գիտնականները: Գոնե դուք ակադեմիական համակարգը վերցնեք ձեր ուսերին»: ԲՀԿ ղեկավարը խոստացավ եւս 100 հազար դոլար փոխանցել՝ տրամադրելու թոշակառու վաստակաշատ գիտնականներին, մինչեւ այդ հարցը կլուծվի ԱԺ-ում:

Այս խոստումները Գագիկ Ծառուկյանը ուղեկցեց ելույթով, որի ընթացքում նա ակադեմիկոսներին մասնավորապես պատմեց, թե երբ է հիմնադրվել ակադեմիան, ու նշեց. «Երկրի վիճակը ծանր է: Ստեղծվել է անկախություն, որ ասենք թե՝ ֆինանսավորում, կազմակերպում: Այսօր մեր հանրապետությունը ո՛չ գազ ունի, ո՛չ նավթ, ո՛չ էլ մեծ պաշարների որեւիցե թանկարժեք բռիլյանտ-ադամանդներ ունի, այլ հիմնական պետք է մեր բոլոր ուղղվածությունը լինի գիտության եւ կրթության վրա»: Նաեւ ասաց. «Ոչ թե մարդը միայն իր մասին պետք է մտածի, որ փող աշխատեց, կերավ, եկավ, քնավ, բոլորն էլ մահկանացու են, ու կարեւորը՝ պետք է ինքը սիրի իր երկիրը, իր ժողովուրդը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել