Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաղթելու է ավտորիտար համակարգի թեկնածուն»

Նոյեմբեր 21,2007 00:00

Ալեքսանդր Աղամալյանը հոռետես է

Երբ 2003 թվականին ընդդիմությունը ձախողվեց՝ Ալեքսանդր Աղամալյանն իր համար արձանագրեց. «Քաղաքական կյանքը Հայաստանում մեռնում է, քաղաքական գործընթացներն այդպիսով Հայաստանում վերջանում են: Այնուհետ ինչ էլ որ լինի, դրանք լինելու են իմիտացիոն: Այսինքն՝ ընդդիմությունն այլեւս չի հետապնդելու իր հիմնական նպատակները, այլ իշխող խմբի համար ընդամենը շղարշ է լինելու, իբր Հայաստանում ժողովրդավարություն կա: Իսկ իրականում, այն ժամանակ Հայաստանում վերջնականապես ձեւավորվեց տիպիկ ավտորիտար կարգ»: Սա էր պատճառը, որ ղարաբաղյան շարժման ակտիվիստ, 90-ականների հայտնի գործիչ Ալեքսանդր Աղամալյանը որոշեց հեռանալ քաղաքականությունից: Այսօր նա նույնպես չի պատրաստվում վերադառնալ ակտիվ քաղաքականություն. «Եթե հանդես գալ՝ լավագույն դեպքում, որպես քաղաքագետ»:

Առաջին նախագահի վերադարձի մասին այսպես է ասում. «Հավանաբար, հիմա ինքը եւ իր թիմը մտածեցին, որ ժամանակն է. իշխող կողմն այնքան է ժողովրդին հոգնեցրել, որ կարելի է հանդես գալ այդ ամենի քննադատությամբ»: Միաժամանակ, վերլուծելով առաջին հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանի ելույթը, մեր զրուցակիցն արձանագրում է. «Ամեն ինչ ճիշտ է ասված: Եթե առանձնացնենք Ղարաբաղին վերաբերող հատվածը, որի հետ ես այդքան էլ համաձայն չեմ, մնացածի տակ ես կարող էի ստորագրել»:

Մեր զրուցակցի համար անհասկանալի է իշխանության վերաբերմունքը «նախկիններին». «Ըստ իշխանության, եղել է մի սեւ դարաշրջան՝ Տեր-Պետրոսյանի իշխանությունը, հետո միանգամից արեւը դուրս եկավ, բոլորս երջանկացանք եւ բարեհաջող ապրում ենք այս հրաշք երկրում: Իհարկե՝ այդպես չէ: Իշխանությունն էլ իր հերթին իրավունք չունի քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ նրանք Տեր-Պետրոսյանի գործի շարունակողներն են: Նրանք իրար ավելի հարազատ են, քան մնացյալ ուժերը. ինչո՞ւ են միմյանց վրա այդպես ցեխ շպրտում»: Մեր զրուցակիցը վերհիշում է 1998-ի դեպքերը, երբ Ռ. Քոչարյանին պաշտպանած ուժերից ստեղծված քաղաքական խորհուրդը պահանջում էր քաղաքական գնահատական տալ առաջին նախագահի եւ նրա թիմի գործունեությանը: Մամուլում տպագրվեց բավականին կոշտ մի փաստաթուղթ, որի տակ ստորագրեցին միայն ԳիԱրՔՄի-ն, Դեմկուսը եւ ՍԻՄ-ը: Փաստաթղթի իրավական տարբերակը, որը պաշտպանեցին Ռ. Քոչարյանն ու նրան սատարողները, շատ ավելի մեղմ, որոշ գնահատականներով նույնիսկ «լղոզված» էր: Այս ամենից հետո մեր զրուցակիցը հարց է ուղղում գործող նախագահին. «Եթե այն ժամանակ դուք չքննադատեցիք, չցանկացաք գնահատական տալ, ինչո՞ւ եք այսօր դա անում: Ունե՞ք դրա իրավունքը: Ես համարում եմ, որ ես ունեմ դրա իրավունքը, բայց ես դա չեմ անում. ինչո՞ւ եք դուք անում»: Ամեն դեպքում, Ալ. Աղամալյանը փաստում է, որ Տեր-Պետրոսյանի վերադարձով քաղաքական կյանքում փոքր-ինչ աշխուժություն առաջացավ, այլապես «գորշ» իրավիճակ էր: Բայց նա համամիտ չէ, որ այդպիսով գործընթացները քաղաքական որակ են ստանում. «Գործընթացները շատ ավելի խորն են գնացել եւ հանգել են. դժվար թե Տեր-Պետրոսյանը կարողանա դրանք վերակենդանացնել: Նա, իրոք, փորձում է ծրագրային դաշտում գործել, բայց դժվար թե դա ինչ-որ բան փոխի: Նույն ապաքաղաքական վիճակը շարունակվելու է եւ ընտրվելու է ավտորիտար համակարգի թեկնածուն, այն պարզ պատճառով, որ այդ համակարգի արմատները խորն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել