Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԱՏԱՄԱՐԴ» ԼԻՆԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ

Նոյեմբեր 21,2007 00:00

ՀՀ ոստիկանության համակարգում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելուց հավանական թեկնածուները ձեռնպահ են մնում:

Դեռ խորհրդային տարիներից ի վեր ոստիկան լինելը Հայաստանում ոմանց համար համարվել է «պրեստիժնի» աշխատանք, բայց ոչ այն պատճառով, որ հասարակությունը ոստիկանին մեծ ակնածանքով եւ վստահությամբ է վերաբերվում, ա

յլ այն պատճառով, որ դա ոմանց թույլ է տալիս այլոց «վերեւից» նայել, նրանց ղեկավարել եւ պետության, օրենքի անունից խոսել ու պատժել: Նորանկախ Հայաստանում ոստիկանի ուսադիրը, եթե, իհարկե, այդ ուսադիրի վրա մի մեծ կամ մի քանի փոքր աստղեր կան, շատերի համար «գործ դնելու» կամ եղած օբյեկտների «տանիք» լինելու եւ «լավ ապրելու» հոմանիշ է: Այդպես է նաեւ հիմա: Բայց վերջին վեց ամիսների ընթացքում այս իմաստով անհասկանալի բաներ են տեղի ունենում: Օրինակ՝ այսօր ՀՀ ոստիկանությունում առանցքային կամ ոչ այնքան «նկատելի» պաշտոններ կան, որոնք 1-6 ամիս շարունակ թափուր են մնում: Խոսքն ամենեւին էլ «դատարկ» պաշտոնների մասին չէ: Ասենք, հունիսի 11-ից՝ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի պաշտոնազրկումից այս կողմ, թափուր է մնում ՀՀ ոստիկանության առանցքային պաշտոններից մեկը՝ ՀՀ ոստիկանապետի՝ ծառայության գծով տեղակալի պաշտոնը: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ի՝ «Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները», 11-րդ կետով սահմանված է, որ «Ոստիկանության թափուր պաշտոնները համալրվում են 60 օրվա ընթացքում, ոստիկանի եւ տեսուչի (դրանց հավասարեցված) պաշտոններն առաջին անգամ ծառայության անցնող անձանցով համալրելու դեպքում՝ 6 ամսվա ընթացքում»: Բայց կոնկրետ այս՝ փոխոստիկանապետի պաշտոնը դեռ թափուր է: Մեր տեղեկություններով, այդ պաշտոնում հավակնորդներ կան, ովքեր վայելում են իշխանական ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունների ղեկավարների հովանավորությունը, բայց չեն նշանակվում, որովհետեւ «յուղոտ» պատառի համար մրցակցությունն է մեծ, իսկ հավակնորդների թվում են, օրինակ՝ ԲՀԿ-ի թեկնածու, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Ռուբիկ Ստեփանյանը, ՀՀԿ ղեկավարի հովանավորությունը վայելող Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Ալեքսանդր Աֆյանը, որի համար միջնորդում է նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Բայց, ըստ ոստիկանության մեր աղբյուրների, քանի որ ՀՀ փոխոստիկանապետի նշանակման հրամանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը, իսկ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի առաջնորդները չեն կարողանում իրենց թեկնածուի օգտին լուրջ հիմքեր ներկայացնել՝ այդ թափուր պաշտոնում նշանակումը հետաձգվում է: Չի բացառվում նաեւ, որ այդ պաշտոնն ընդհանրապես հանվի:

Բայց առավել հետաքրքիր է այն, որ, ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն շուրջ երեք ամիս է, ինչ թափուր է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քրեական հետախուզության պետի տեղակալի պաշտոնը, որը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետի հրամանով համակարգից հեռացված Մայիս Անտոնյանը: Շուրջ մեկուկես ամիս էլ թափուր են մնացել նաեւ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սեւանի ոստիկանապետի, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանապետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի պաշտոնները: Սեւանում միայն օրերս է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել՝ ոստիկանության փոխգնդապետ Յուրա Գեւորգյանը, որը մինչ այդ ոստիկանության Սեւանի բաժնի պետի օպերգծով տեղակալն էր:

Նույնքան կամ ավելի ժամանակ է, ինչ թափուր են Ոստիկանության Լոռու, Շիրակի մարզային վարչությունների քրեական հետախուզության մի քանի ավագ օպերլիազորների ու օպերլիազորների, տեղամասային տեսուչների պաշտոնները: Այդ մարզում նման իրավիճակ է մասնավորապես ոստիկանության Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի բաժիններում: Նույնպիսի թափուր պաշտոններ կան նաեւ Սյունիքի մարզում՝ Գորիսում, Կապանում, անգամ Երեւանում, կոնկրետ՝ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում: Հայաստանի տարածքում կան նաեւ ավելի քան 1-2 ամիս թափուր մնացած քննիչների եւ հետաքննիչների պաշտոններ եւ այլն:

Մեր տեղեկություններով, ոստիկանության համակարգում սպայական կազմում եւ այդ պաշտոններում նշանակումներ չանելու պատճառը ոչ թե կադրերի պակասն է, այլ այն, որ թեկնածուներն իրենք են հրաժարվում զբաղեցնել դրանք՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ առջեւում ընտրություններ են, ու իրենք «գլուխները ցավի տակ» դնել չեն ուզում, առավել եւս, որ նախընտրական զարգացումներն են թավագլոր ընթանում, եւ պարզ չէ՝ գործող իշխանությո՞ւնն է մնալու, թե՞ հնարավոր է, որ իշխանափոխություն լինի, եւ ընտրությունների արդյունքում երկրի նախագահ ընտրվի, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հենց այդ պատճառով է, որ ոստիկաններից ոմանք չեն ուզում, որ իրենց անունը կապվի Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, կամ որ իրենք դիտվեն որպես ՀՀԿ ղեկավարի համար «աշխատած» մարդիկ: Մեզ հետ զրույցում էլ որոշ ոստիկաններ նկատի ունենալով առաջիկա զարգացումները եւ ընդդիմության շրջանում «մարդաորսով» զբաղվելու հեռանկարը՝ ասացին, թե չեն ուզում իզուր վատամարդ լինել կամ, հանցագործությունների դեմ պայքարել-բացահայտելու կամ դրանք կանխելու փոխարեն, իրենց ասելով՝ «սանիտարի դեր տանել ու պոկել քաղաքի պատերին փակցված հակաիշխանական բնույթի թռուցիկները» ու հանրահավաքի մասնակիցներին բերման ենթարկել:

Ի դեպ, ոստիկանության մեր աղբյուրները նաեւ ակնարկում են, թե համակարգում ու մասնավորապես ոստիկանության բաժինների միջին ու ստորին մակարդակներում արդեն խմորումներ են սկսվել: Ոմանք հակված են պաշտպանելու ՀՀ առաջին նախագահի շուրջ համախմբված ընդդիմության գործողությունները՝ կախված այն բանից, թե որքանով ուժեղ ու հետեւողական կլինի վերջինս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել