Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Նոյեմբեր 20,2007 00:00

Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ այլ հասարակական-քաղաքական գործիչներ այցելեցին «Գրանդ Հոլդինգի» թղթի արտադրամաս եւ նույն կազմակերպության կազմում գործող «Ար» եւ «Հայրենիք» հեռուստաընկերություններ: Արտադրամասում հյուրերը ծանոթացան, թե ինչ տեխնոլոգիաներով են այսօր Հայաստանում թուղթ ստանում, իսկ շրջելով հեռուստաընկերություններում, տեղեկացան, թե ինչպիսի նոր սարքավորումներով են վերազինվել դրանք: «Ար» եւ «Հայրենիք» հեռուստաընկերությունների վերազինվան ծախսերը կազմել են 3 մլն ԱՄՆ դոլար: Դրանք հագեցել են լավագույն տեխնիկայով եւ համակարգչային սարքավորումներով: Մեկ տարվա ընթացքում 50 տոկոսով աճելու է այս հեռուստաընկերությունների սեփական հաղորդումների թիվը: Երեկվա միջոցառման ընթացքում քաղաքական գործիչները զարմանալիորեն ջերմ էին միմյանց հետ: Օրինակ՝ քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը զրուցելով ծանոթանում էին նորամուծություններին, Սերժ Սարգսյանը մտերմիկ զրուցում էր իր դաշնակցական մրցակիցների՝ Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի եւ նրանց գաղափարակիցների հետ: ՀՀ վարչապետը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Լրագրողներին, օրինակ, հետաքրքրում էր, թե հարկային պետական ծառայությունը, որը արդեն սկսել է մյուս խոշոր գործարարների մոտ էլ ստուգումներ իրականացնել, ինչո՞ւ ոչ ոքի չի ձերբակալել: «Հարկային պետական ծառայությունը ոչ թե սկսել է ստուգումներ իրականացնել, այլ այն մշտապես է դրանով զբաղվում: Ես ամեն օր զեկուցագիր չեմ ստանում, թե տնտեսական հանցագործությունների մասով որ գործարարը կամ որ աշխատողն է ձերբակալվել: Եթե դիմեք դատախազություն կամ հարկային ծառայություն, այլ ձերբակալվածներ էլ կգտնեք»,- ասաց Ս. Սարգսյանը: Նա անդրադարձավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ուզում է պաշտոնավարել երեք տարով. «Երեւի համարում է, որ 3 տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար: Ինձ համար չափազանց տարօրինակ մտքեր հնչեցին նրա ելույթում, բայց մեզնից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչ ասի եւ ինչ առաջարկություններ անի: Կարծում եմ՝ պերճախոսությամբ հնարավոր չէ մարդկանց աչքին թոզ փչել: Ու եթե որեւէ մեկը փորձում է ապացուցել անապացուցելին եւ ասել, որ այսօր ավելի վատ ենք ապրում, քան 10 տարի առաջ, սա արդեն ոչ թե իմ, այլ այդ մարդու խնդիրն է, քանի որ նա գործ ունի բոլորի հետ, իսկ բոլորի աչքերը հո չե՞ս կարող փակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել