Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ ԿՐԹԵԼ»

Նոյեմբեր 20,2007 00:00

«Ոսկե կլառնետ» նախագծի մասին այսպես արտահայտվեց երգիչ Արմեն Դարբինյանը, որի համոզմամբ՝ ռեստորանային երգիչների

մեծ մասը ավելի լավ է կենդանի երգում:

Շուրջ 1 ամիս Հ1-ով հեռարձակվում է Հայաստանի ռեստորանների երգիչների «Ոսկե կլառնետ» մրցույթը: Հետեւելով մրցույթի փուլերին, այդպես էլ չհասկացանք, թե ինչու հիշյալ մրցույթը գովազդելիս նշվում է, որ այս միջոցառման նպատակը ռեստորանների երգիչներին կրթելն է:

«Առավոտը» զրուցեց երգիչ Արմեն Դարբինյանի հետ, որի կարիերան սկսվել է 1987թ. երեւանյան ռեստորաններում, ինչը շարունակվում է մինչ օրս, իսկ 1991-ից, դրան զուգահեռ, նրան հանդիպում ենք պրոֆեսիոնալ բեմում, մասնավորապես՝ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ համերգների ժամանակ:

Ա. Դարբինյանը հիշելով 1980-ական թվականները, նշեց, որ ռեստորանային իր երգացանկում գերակշռել են հայ դասականների գործերը, այդ թվում՝ Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի եւ այլոց: Մեր զրուցակիցը հայտնեց, որ խորհրդային տարիներին իրենք ռեստորաններում աշխատելիս ստանում էին աշխատավարձ, երկրի անկախացումից հետո, մինչեւ 90-ականների կեսերը՝ 300 դոլարին համարժեք դրամ. «Տարբեր երաժշտական պարային ռիթմով երգերի պատվերների համար ստանում էինք նաեւ «շաբաշ»: Հետաքրքրությանը՝ դժվար չէ՞ր այն թվերին անուն հանած ռեստորանի երգչին երեւալ պրոֆեսիոնալ բեմում, Ա. Դարբինյանը պատասխանեց, որ մարդիկ միշտ էլ նորմալ են վերաբերվել ռեստորանի երգիչներին:

Անդրադառնալով Հ1-ով անցկացվող «Ոսկե կլառնետին», դիտարկմանը, թե «ռաբիս» մրցույթում հանդիպում ենք նաեւ բարձրագույն վոկալ դպրոց անցած երգիչների, այդ թվում՝ Հակոբ Գալստյան, Արմեն Դանիելյան եւ այլոց, դուք՝ որպես ռեստորաններում «ծառայած» երգիչ, հրավիրված չէի՞ք մասնակցելու մրցույթի փուլերին, Ա. Դարբինյանն ասաց. «Հյուրի կարգավիճակով մասնակցել եմ մրցույթին: Մեզ կրթելու պահը չեմ հասկանում, ինչպես նաեւ այն, որ յուրաքանչյուր ելույթից հետո երգչին մաղթում են հաջողություն: Պետք է ասեմ, որ ռեստորանների երգիչները բոլոր ժամանակներում էլ հաջողակ են եղել, նրանց երգացանկը կազմված է եղել ե՛ւ դասական կոմպոզիտորների երգերից, ե՛ւ անհարկի կլկլոցներից: Այստեղ ամբողջ խնդիրը Հ1-ով եւ արբանյակային հեռարձակմամբ կոլեգաներիս՝ եթերում երեւալու մոլուցքն է: Իհարկե, կան ձեր նշած պրոֆեսիոնալների կողքին մյուսները եւս: Ավելին, յուրաքանչյուր նախագիծ անպայման ավարտվում է շահույթով (խոսքը SMS-ների քվեարկության մասին է, դժվար չէ հասկանալ, որ ցանկացած ռեստորանի երգիչ ունի իր «կլիենտը»- Ս. Դ.): Եթե կուզեք իմանալ, «Ոսկե կլառնետը» մեծ բեմի նախաշեմն էլ չէ»: Հարցին՝ դուք դեկտեմբերին նախապատրաստվում եք համերգի, ինչո՞վ եք վստահ, որ «Ա. Խաչատրյան» համերգասրահում անշլագ կլինի, Ա. Դարբինյանը պատասխանեց. «Վստահությունս համերգի ծրագիրն է: Այն ես եւ Երվանդ Երզնկյանի ղեկավարած նվագախումբը նվիրում ենք կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ծննդյան 105-ամյակին: Ի դեպ, նրա 100-ամյակը չկարողացանք նշել, որովհետեւ «Լինսի» հիմնադրամը վերանորոգում էր մշակութային օջախները: Մենահամերգիս ծրագրում ընդգրկված են լինելու 1950-70թթ. հայ կոմպոզիտորների գրած երգերը: Գերխնդիրն այս համերգի, բնականաբար, շահույթը չէ: Կազմակերպիչներիս կարծիքով, դա մի գեղեցիկ անդրադարձ է ռետրոյին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել