Հաղորդել ենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը նախապատրաստել է 2008-ի բյուջեի նախագծի վերլուծությունը: Այստեղ նշված է, թե 2.5 մլրդ դոլարին համարժեք մեր հաջորդ տարվա բյուջեի նախագծում առկա են «եկամուտների ուռճացվածության, բյուջետային միջոցների աննպատակ, ոչ ծրագրային վատնման բազմաթիվ փաստեր»։
«Ժառանգությունն» աննպատակահարմար է համարել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության ստեղծումը, «ինչը զգալի ռեսուրսներ է կլանում պետբյուջեից»։ Այս նախարարության պահպանման ծախսերը կազմելու են 200 մլն դրամ: Փաստաթղթում «անտրամաբանական եւ չհիմնավորված» են համարվել նախատեսված որոշ ծախսեր. «Այսպես, «Հանգիստ, մշակույթ եւ կրոն» խմբի ընդհանուր 14.6 մլրդ դրամ ծախսերի շարքում թվարկելով տարբեր մշակութային ծառայությունների գծով ծախսերը, առանձնացվում են 702.4 մլն դրամի ծախսեր «այլ մշակութային հիմնարկներ» տողով, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս: Թվարկվածներից բացի՝ ուրիշ ի՞նչ այլ մշակութային հիմնարկներ կարող են լինել։ Այստեղ մեծ է նաեւ այդ միջոցների օգտագործման կոռուպցիոն ռիսկը»: Խմբակցությանը «խիստ կասկածելի» է թվում նաեւ Երեւանի թիվ 11, 32, 131, 170, 180 դպրոցներին վերանորոգման համար արդեն 3 տարի անընդմեջ հատկացվող գումարների «ճակատագիրը»։
«Ժառանգությունը» նկատել է, որ ծառայողական ավտոմեքենաների քանակը 2007-ի համեմատ աճել է 14-ով, եւ ամեն մեքենայի վրա տարեկան ծախսվելու է 4.876 դոլարին համարժեք դրամ. «Նման շքեղությունը որքանո՞վ է արդարացված մի երկրում, որտեղ միջին վիճակագրական թոշակառուն տարեկան ստանում է 900 դոլարին համարժեք թոշակ»: Խմբակցությունը առաջարկել է՝ ծառայողական մեքենաների ընդհանուր թիվը կրճատել 400-ով, ինչի արդյունքում կտնտեսվի մոտ 2 մլն դոլար։ Նաեւ առաջարկել են ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչների շրջագայությունների եւ գործուղումների ծախսերը կրճատել 20%-ով, ինչի հաշվին կտնտեսվի 841.4 հազար դոլար. «Վերոհիշյալ միջոցառումների արդյունքում տնտեսված միջոցները պետք է ուղղվեն հանրապետությունում աղքատության հաղթահարման ծրագրերին»: