Լրահոս
Օրվա լրահոսը

Սա՞ էր ներողությունը

Նոյեմբեր 20,2007 00:00

Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ըստ որոշ քաղաքական գործիչների

«Քանի գնում՝ ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկապես ապաշխարության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար: Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, ապա խոստովանում եմ՝ սա իմ ամենամեծ սխալն է: Ավելին, սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին: Ուրեմն՝ թույլ տվեք, օգնեք ինձ՝ ձեզ ազատելու այդ փորձանքից»,- նոյեմբերի 16-ի հանրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կանխելու համար շատ կասկածներ, նաեւ հայտարարեց, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց երեք տարի հետո պատրաստ է ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից՝ հնարավորություն տալով «լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:

«Առավոտը» փորձեց տարբեր քաղաքական գործիչներից ճշտել՝ արդյո՞ք առաջին նախագահից սպասված ներողությունն էր սա: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը կարեւորում է դրա հասարակական ընկալումը. «Դեռ բավականին ժամանակ կա, ես էլ չէի ցանկանա առաջ ընկնել եւ ժողովրդի փոխարեն կարծիք հայտնել»: Մինչդեռ ՀԴԿ նախագահ Արամ Գասպարիչը Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողությունները չի հասկանում։ «Պատրաստվում է քաղաքական պայմանագի՞ր ստորագրել, որ երեք տարով է գալիս կամ որ նույն սխալները չի՞ գործի»,- զարմանում է նա եւ արձանագրում, որ առաջին նախագահի մեղքերի ու սխալների շարանն այնքան երկար է, որ ինքն այլեւս երբեք չի վստահի Տեր-Պետրոսյանին՝ թեկուզ սեփական սխալները սրբագրելու համար: «Նրա դարն անցավ, մի՞թե ինքը չի հասկանում»,- տարակուսում է Արամ Գ. Սարգսյանը:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այս անգամ էլ չկարողացավ չընդգծել սեփական մեծությունը. «Տեր-Պետրոսյանը ապացուցում է իր ասածը. նա ժամանակին ասել էր, որ Հայրիկյանն իմ իդեալն է»: Հայրիկյանը հիշեցնում է, որ անցումային նախագահ ունենալու գաղափարն առաջարկել է ինքը՝ դեռ 4-5 տարի առաջ, ապա դա Վազգեն Մանուկյանը սկսեց շրջանառել, հիմա էլ՝ Տեր-Պետրոսյանը: «Ճշմարտությունը մարդկանց ստիպում է գալ ընդհանուր հայտարարի»,- ասում է Հայրիկյանը՝ շատ բաներ, այդուհանդերձ, պայմանավորելով Տեր-Պետրոսյանի հետ այսօր կայանալիք հանդիպման արդյունքներով: Իսկ ըստ «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի՝ «Եթե քաղաքական գործիչը վերաիմաստավորում է իր անցած ուղին, ինքնաքննադատությամբ է զբաղված՝ դա հասարակության վրա իր դրական անդրադարձը կունենա»: Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ գտնում է, որ առաջին նախագահը պետք է ներողություն խնդրեր դեռ առաջին հանրահավաքի ժամանակ եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին բերելու համար, այլեւ՝ «որ չի կարողացել ղեկավարել երկիրը՝ ինչպես որ պետք էր: Նա պիտի ժողովրդին բացատրի՝ իր անտարբերությա՞ն, թողտվությա՞ն, անգիտությա՞ն, թե՞ ինչի արդյունքում երկիրը թալանվեց: Այլապես, 1988-ից հետո ընկած ժամանակաշրջանը ժողովրդի մեջ կմնա թալանի, աղքատության, ցրտի ու մթի շրջան»:

Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի ինքնատիպ երեւալու փորձն ավելի հիշեցրեց երազկոտ թռչունի եւ կորեկի մասին հայկական ասացվածքը. «Կարծում եմ, որ վերջում, որպես իսկական ընդդիմադիր գործիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ հանդես կգա եւ կպաշտպանի Արամ Կարապետյանի թեկնածությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել