Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՈՂԱՄԻՏ ԵՂԵՔ

Նոյեմբեր 20,2007 00:00

\"\"Առաջարկում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց տներից զրկված ու համարժեք փոխհատուցում չստացած Կենտրոնի բնակիչներին:

Նոյեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր այն անձանց, որոնց սեփականությունն օտարվեց այդ պողոտայի կառուցման համար. «Կարծում եմ, ներողամիտ պետք է լինեն մարդիկ, որոնք համարում են, թե բավարար չափի չեն ստացել փոխհատուցում: Առաջին քայլերն էին, եւ եթե այն ժամանակ մենք վախենայինք ու կանգնեինք՝ այս պատկերը շինարարության ոլորտում ընդհանրապես չէինք ունենա: Կարեւոր է նաեւ, որ այդ փորձի վրա մենք բարելավեցինք օրենսդրությունը, եւ վստահ եմ, որ հետագայում այս դժվարությունները շատ ավելի քիչ են լինելու: Բայց նաեւ իմացեք, որ չկա երկիր, որտեղ իրացման հետ կապված դժվարություններ չլինեն: Նույնիսկ մեր երկիր այցելող մասնագետներն ասում են, որ մեզ մոտ այս ճանապարհը շատ ավելի հարթ է եղել»: Ռոբերտ Քոչարյանը հավելել էր, թե այն դեպքերում, երբ պահանջները դուրս են գալիս ողջամտության սահմաններից՝ ուղղակի հնարավոր չէ բավարարել դրանք. «Կրկնում եմ, որ նման խնդիրներ լինում են ամենազարգացած երկրներում: Եվ այն, ինչ արվեց, կարծում եմ, արվեց իսկապես Երեւանի ու Հայաստանի համար: Ամբողջ շինարարության բնագավառը ծաղկեց Հայաստանում: Կարող է՝ մի քանի ընտանիք դժգոհ են, կփորձենք ինչ-որ բան անել: Պատրաստ ենք իրավական հարթության վրա այս հարցերը քննարկել, բայց տասնյակ հազարավոր ընտանիքներ օգտվեցին»:

Ուշագրավ է, իհարկե, «կարող է՝ մի քանի ընտանիք դժգոհ են» արտահայտությունն այն բանից հետո, երբ իրենց տներից զրկված ու համարժեք փոխհատուցում չստացած մարդիկ մինչ այժմ էլ շարունակում են ամեն հինգշաբթի ցույցեր անել կառավարության դիմաց, եւ Հյուսիսային պողոտայի բացման արարողության օրն էլ էին փորձել իրենց դժգոհությունը հասցնել ՀՀ նախագահին, եւ միջամտել էին ոստիկանները:

Այնուամենայնիվ՝ արդյոք ընդունո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի կոչը՝ ներողամիտ լինելու վերաբերյալ: Մեր այս հարցին «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը, որը նույնպես զրկվել է իր տնից, պատասխանեց. «Ներողամտությունն, իհարկե, շատ լավ բան է: Բայց ներողություն խնդրելը քիչ է: Մարդկանց վնաս են պատճառել ու հետո ասում են՝ դե լավ, ներողամի՞տ եղեք: Ես դա չե՛մ ընդունում: Եվ անհասկանալի է. փաստորեն, ՀՀ նախագահն ընդունում է, որ սխալներ են արվել, բայց չի ուզում մարդկանց իրավունքները վերականգնել: Սխալվել եք՝ բարի եղեք, կառավարություն, չէ՞ որ դուք եք արել՝ վերականգնե՛ք մեր իրավունքները»: Մեր հիշեցմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Եթե իրացման ընթացքում սխալներ ենք թույլ տվել, ապա, իհարկե, հարգելու ենք Եվրոպական դատարանի որոշումը՝ եթե որոշվի, որ փոխհատուցումը համաչափ չէր», պրն Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Այսինքն, ինչպե՞ս բացատրենք սա: Մենք էինք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան չէինք դիմել: Հետո՞: Սա անհասկանալի եւ անընդունելի տրամաբանություն է»:

Այս տարվա ապրիլի 13-ին վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել էր Կենտրոնի այն բնակիչներին, որոնց իրավունքները խախտվել էին Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, եւ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Նկատի ունենալով խնդիրների մեծ ծավալը, ինչպես նաեւ նախընտրական շրջանում զանազան շահարկումներից խուսափելու նպատակով, Սերժ Սարգսյանը խոստացել է նրանց հետ մեկ անգամ եւս հանդիպել խորհրդարանական ընտրություններից հետո՝ մայիսի կեսերին: Իսկ մինչ այդ հանձնարարել է Երեւանի քաղաքապետին՝ այս ընթացքում ընդունել քաղաքացիներին, քննարկել հնարավոր լուծումները եւ ամրագրել փոխադարձաբար ընդունելի մոտեցումներ»: Սակայն երբ սեպտեմբերի 12-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վարչապետին հիշեցրեց, որ այդ մարդկանց խոստացել է, թե նրանց խնդիրները կլուծվեն՝ պրն Սարգսյանը պատասխանեց. «Խորհուրդ կտայի գնալ եւ խոսել այդ մարդկանց հետ, ոչ թե մամուլից տեղեկություններ քաղել այդ մասին, որովհետեւ դուք կրկնում եք հայտնի մամուլի հայտնի տեղեկատվությունը: Ես որեւէ հանդիպման ժամանակ չեմ խոստացել, որ կմտնեմ այն գործերի մեջ, որոնցով դատարանները որոշումներ են կայացրել: Հայաստանի կառավարությունը, վարչապետը իրավունք չունեն մտնել դատական գործընթացների մեջ եւ զբաղվել այն խնդիրներով, որոնց հետ կապված՝ կայացվել են դատական որոշումներ»: Սեդրակ Բաղդասարյանը մեր հարցին, թե իրենք փաստորեն սխա՞լ էին հասկացել վարչապետին՝ նա այս խնդիրները լուծելու որեւէ խոստում չէր էլ տվել, պատասխանեց. «Մենք շատ լավ էինք հասկացել: Եվ մենք ողջունեցինք վարչապետի այդ քայլը, քանի որ միակ պաշտոնյան էր, որն անձամբ ընդունեց մեզ: Այդ հանդիպմանը ներկա եմ եղել հենց ես եւ ինձ հետ միասին Բուզանդի փողոցի մի բնակիչ ու «Սեփականության իրավունքի պաշտպանություն» կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը: Եվ լրագրողների, նաեւ քաղաքապետ Երվանդ Զախարյանի ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի ներկայությամբ Սերժ Սարգսյանն ասաց, թե ընտրություններից հետո խոստանում է լուծել մեր հարցը. ընդ որում՝ 2 անգամ ասաց»: Հավելենք, որ այդ ժամանակ դեռեւս պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը հենց այդ պատրվակով էլ հետ կանչեց իր ստորագրությունը, եւ մայիսի 4-ին ՍԴ-ում չքննարկվեց «Հասարակության եւ պետության կարիքների սեփականության օտարման մասին» օրենքի սահմանադրականությունը: Էմմա Խուդաբաշյանը «ՀԺ»-ին ասել էր, թե ինքն իր ստորագրությունը հետ է վերցրել, քանի որ Սերժ Սարգսյանը խոստացել է լուծել այդ հարցը:

«Դրանից հետո անցել է 6 ամսից ավելի, սակայն հարցը չի լուծվել,- ասաց «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավարը:- Եթե ապրիլի 13-ից հետո մենք մտածում էինք, թե ինչ կլինի մեր հալը, եթե վարչապետը խորհրդարանական ընտրությունների արդյունքում չմնա իր պաշտոնում, ապա հիմա հակված ենք մտածել՝ վա՜յ մեզ, եթե փետրվարի 19-ին վարչապետն ընտրվի նախագահ. մի մարդ, որը խոսք տվեց ու չկարողացավ կամ չուզեց կատարել իր խոստումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել