Երեկ քաղաքական որոշ ուժեր այսպես են արձագանքել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական ուժերին ուղղված կոչին:
Նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ին՝ ի դեմս Հրանտ Մարգարյանի, Վազգեն Մանուկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին անվանապես, նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկնածուներին դիմելով՝ կոչ էր արել «միանալ քոչարյանա-սերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը: Մենք, այսինքն՝ անձամբ ես եւ իմ կողմնակիցները, մեզ ամբողջովին դնում ենք ձեր տրամադրության տակ: Մեզ պարզապես օգտագործեք որպես գործիք՝ հանցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրինական իրավունքն իրացնելու նպատակով, ինչի համար ձեզանից ընդամենը պահանջվում է համբերել երեք տարի, գուցե եւ ավելի քիչ: Եթե այս կոչն էլ մնա «ձայն բարբառոյ յանապատի», եւ եթե ընդդիմությունն ընտրություններին մասնակցի տրոհված շարքերով, ապա դա կծառայի միայն Սերժ Սարգսյանի շահերին: Կոչին չարձագանքելու պարագայում ձեր տված ոչ մի հիմնավորում ու բացատրություն երբեւէ հասկացողություն չի գտնի ժողովրդի սրտերում»:
Երեկ քաղաքական հիշյալ գործիչներից ոմանք, նաեւ քաղաքական այլ ուժեր հիմնականում բացասաբար են արձագանքել ՀՀ առաջին նախագահի այս կոչին:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն «Առավոտին» փոխանցեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկն ու կոչը կուսակցությունում չի քննարկվել այն պատճառով, որ «Ժառանգության» նախագահը հանրապետությունում չէ: Կուսակցությունում այդ հարցը, ըստ նրա, թերեւս, կքննարկեն, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնա: Իսկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ ասաց, թե այդ հարցին ավելի համապարփակ կանդրադառնա այսօր:
Փոխարենը Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությանն առաջիններից մեկը արձագանքել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ըստ նրա, կուսակցության ղեկավարությունը դրականորեն է բնութագրում Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը՝ ծառայելու որպես գործիք՝ ցանկացած ընդդիմադիր ուժի համար, խնդիր ունենալով ձերբազատվել այս իշխանություններից, եւ առաջիկայում կքննարկի՝ ինչպե՞ս օգտագործել ՀՀ առաջին նախագահի կարողությունները իրենց սեփական պայքարի զինանոցը հարստացնելու նպատակով: Միաժամանակ ԱՄ նախագահը «Ա1+»-ին փոխանցել է, թե մտահոգված է, որ «կրկին փորձ է կատարվում երկիրը բաժանել սեւի եւ սպիտակի, ինչը ներկա վիճակում մեր կողմից մերժելի եւ անընդունելի է եւ արդեն իսկ պատմության կողմից՝ դատապարտված»: Ա. Գեղամյանը, որը ոչ վաղ անցյալում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ էր, մերժելի է համարել եվրակառույցներին դիմելու ՀՀ առաջին նախագահի մտադրությունը: ԱՄ նախագահի ասելով, դա նշանակում է փաստացի ցույց տալ սեփական մտքի տկարությունը, սեփական կամք դրսեւորելու անվճռականությունը, «քանի որ նույն մարմինները եւ մարդիկ մայիսի 12-ի ԱԺ-ի խայտառակ ընտրությունները ամենաբարձր ամբիոնից բնութագրել էին որպես լուրջ առաջընթաց քայլ: Եվ, վերջին հաշվով, հարիր չէ մեր ազգային արժանապատվությանը դրսից արբիտր բերել մեր գործերին գնահատական տալու համար»:
ԱՄ առաջնորդի համար անընդունելի եւ մերժելի է նաեւ այն, որ «Տեր-Պետրոսյանն արդեն իսկ ինքնահռչակվում է որպես առանցքային ուժ եւ կենտրոն, իսկ նա, ով չի հարում առանցքային այդ ուժին, դատապարտվում է որպես այս վարչակազմին աջակցող, ինչը անթույլատրելի է, որովհետեւ տասնյակ հազարավոր ունակ ուժեր կարող են չհարել Լ. Տեր-Պետրոսյանի կազմակերպած շարժմանը, բայց լինեն ոչ պակաս, եթե ոչ ավելի հայրենասերներ»: Ա. Գեղամյանի ասելով, երկրում ստեղծված իրավիճակից ելքը քաղաքական երրորդ բեւեռի ձեւավորումն է, որը կլինի այլընտրանք թե՛ գործող, թե՛ նախկին իշխանություններին:
Լ. Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ հայտարարությունը որպես «շանտաժ» է որակել «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը՝ նկատի ունենալով մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներին ուղղված Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ պաշտպանել իր թեկնածությունը՝ այն դեպքում, երբ նրանցից շատերն արդեն հայտարարել են առաջիկա ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին: «ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ճիշտ գաղափարախոսություն եւ մեթոդներ է ընտրել ներկայիս իշխանությունների դեմ պայքարում, սակայն նա չպետք է պայքարի «եթե դուք ինձ սատարեք» սկզբունքով»,- «Արմինֆո»-ի թղթակցին ասել է Գ. Ղլեչյանը:
Ըստ նրա, «Դաշինքը» բացասաբար է վերաբերվում հեղափոխությանը՝ որպես պայքարի մեթոդաբանության: Մինչդեռ, ըստ նրա, նոյեմբերի 16-ին Լ. Տեր-Պետրոսյանի ելույթում «զգացվում էր մինչ առաջիկա նախագահական ընտրությունները երկրում հեղափոխական իրավիճակ ստեղծելու տրամադրվածությունը, ինչն առողջ քաղաքական ուժերը չեն կարող ողջունել»: