Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 17,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ քսանհինգերորդ

ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Եվ ահա Վերայի Կարինեից Սարյանի էդ ասածը լսելով՝ միանգամից հասկացա, որ Սարյանն էդ երկուսուկես բառանոց նախադասությունն ասելով՝ ասել է այն, ինչն իմ էս հարյուրավոր նախադասություններով չկարողացա ասել, եւ Կարինեի ու Սարյանի էդ նախադասությունից հետո անմիջապես հիշեցի էս վերջին շաբաթվա ընթացքում տեսածներս, որ ուրիշ ժամանակ կարող էի չտեսնել ու չնկատել. այսինքն, ասածս էն է, որ երբ շարունակաբար մահվան մասին ես մտածում, սկսում ես նկատել բաներ, որ նախկինում էլ տեսել՝ բայց չես նկատել, ու անցած շաբաթ տեսածս ու նկատածս տեսարաններից մեկը մեր ֆահլաբազարի ամենօրյա ու մշտական տեսարաններից մեկն էր. գործ ուզողներն էնպես էին հարձակվել մի ջիպավոր մեծահարուստի վրա, որ էդ մեծահարուստ գործատերը պապանձվել ու շիվարել էր, եւ երբ գործ ուզողներից երջանիկ չորսն արդեն հաջողացրել էին «Ջիպ» սողոսկել, մեծահարուստն ուշքի գալով՝ սկսեց հրել մյուս վրա տվողներին ու մեկին նույնիսկ ապտակեց, ու էսպես վստահաբար իրեն «մեծահարուստ» եմ անվանում, որովհետեւ «Ջիպը» չափազանց խոշոր էր ու միանգամայն թարմ տեսք ուներ, եւ ապտակից հետո միայն մյուս գործ ուզողները ցրվեցին, եւ մեծահարուստն իր մեքենայի ղեկի ու նստատեղի արանքում մի կերպ տեղավորվելով՝ մեքենան տեղից պոկեց, ու էդ պահին պիտի տեսնեիք՝ ի՜նչ երջանիկ էին էդ չորս սողոսկածները, ու էդ պահին դժվար չէր նկատել նաեւ, որ էդ ցմփոր ջիպատերն, ի տարբերություն իր «Ջիպը» սողոսկած էդ չորս երջանիկների, միանգամայն հուսահատ ու դժբախտ էր, եւ հիմա Վերայի Կարինեից Սարյանի ասածը լսելով՝ էդ չորս սողոսկածների երջանիկ ու ճպճպան աչքերն եմ հիշում, ու Սարյանի ասածը Հակոբյան Վերայի Կարինեից լսելով՝ նաեւ Կոմայգու չորս բոմժերի երջանիկ ու ինքնաբավ հայացքներն են դեմս գալիս, ու էդ էլ է անցած շաբաթվա դեպք, ավելի ճիշտ՝ ոչ թե դեպք էր, այլ՝ առօրյա ու սովորական մի իրողություն, իսկ ավելի ստույգ՝ ամեն ինչ տեսած իմ աչքերի համար էր էդ իրողությունը սովորական, մինչդեռ իրենց համար դա ոչ թե իրողություն էր, այլ՝ իսկական իրադարձություն, որովհետեւ մի լիքը շիշ արաղ ճարած ու Ֆրանսիայի դեսպանատան հետեւի խոտերին նստոտած էդ չորս ցեխոտ դեմքերից էլ երջանկությունն ուղղակի չռռում էր, բայց էդ պահի իրենց երջանկությունը հիմա եմ միայն գիտակցում ու ըմբռնում, որովհետեւ ընդամենը մի քանի րոպե առաջ Սարյանից ու Վերայի Կարինեից իմացա, որ երջանկությունն ապրելն է, ու էդ պահին չորսն էլ միանգամայն երջանիկ էին, որովհետեւ արաղի շիշը միանգամայն լիքն էր, ու ես, որ էդ իրիկուն Կոմայգով մտամոլոր շարժվում էի դեպի «Առավոտ», էդ չորսի երջանկությունը տեսա, բայց չըմբռնեցի, որովհետեւ էդ պահին ոչ թե ապրում էի, այլ ընդամենը մահվան մասին էի մտածում, ավելի ճիշտ՝ ապրելս չէի զգում ու չէի գիտակցում, ընդ որում՝ ոչ միայն ի՛մ ապրելը չէի գիտակցում, այլեւ՝ էդ բոմժերինը, ընդ որում՝ ոչ միայն էդ բոմժերի ապրելը չէի ըմբռնում, այլեւ՝ իրենց երջանկությունը, որը բաղկացած էր մի լիքը շիշ արաղից, չորացած հացի կտորտանքներից ու մի քանի կտոր դեղնամոխրագույն առարկաներից, որոնք, ըստ ամենայնի, պանիր էին, եւ չորսից երկուսն, ըստ ամենայնի, կանայք էին, եւ ցելոֆանի միջից էդ չորացած հացի կտորտանքը հանողն, ըստ ամենայնի, ռուս կին էր, եւ չնայած Պելեից մի քիչ բաց ու Ռոնալդոյից ահագին մուգ էր, բայց հաստատ ռուս էր, որովհետեւ չորսից միակն էր, որ առանց ակցենտի էր ռուսերեն խոսում, եւ երկրորդ կինն ու երկու տղամարդիկ, որ նույնպես սեւամորթ էին, ըստ ամենայնի, մեր հայրենակիցներն էին, որովհետեւ ընդգծված հայկական ակցենտով էին ռուսերեն խոսում, եւ հիմա էդ տեսարանը հիշելով՝ սկսում եմ մտածել, որ հայերս նույնիսկ ռուս բոմժերին ենք ճգնում հաճելի ու հասկանալի լինել իրենց իսկ մայրենի լեզվով, եւ մինչ ռուս նեգրուհին տիրաբար դասդասում էր հացի ու պանրի կտորտանքները, իգական սեռի հայ սեւամորթը խուրջինից հանեց պլաստմասսայե բաժակները, եւ ես Սունդուկյանի թատրոնի ու Ֆրանսիայի դեսպանատան արանքում կանգ առել եւ իրենց էի նայում, եւ առաջինն ինձ նկատեց սեւամորթ ռուսն ու ինձ նկատելով՝ սիրալիր ժպտաց ու հրավիրեց՝ «համեծե՛կ», եւ երբ ինձ սիրալիր ժպտաց ու հրավիրեց, ես անմիջապես շրջվեցի եւ, կարելի է ասել, փախա, եւ երբ արդեն այգուց դուրս էի եկել, Ֆրանսիայի դեսպանատան դռների մոտի հերթը տեսա ու հիշեցի, որ անցած աշնանն էլ ինքս էի էդ հերթի մեջ ու էդ հերթի մեջ ինձ չափազանց դժբախտ էի զգում, որովհետեւ դեսպանատանը մեզ մի ամիս չլեցին՝ մինչեւ վիզաներս խփեցին, ու ամենավատն էն էր, որ չէի էլ կարող հրաժարվել Հուրիի էդ հրավերից, որովհետեւ նախնական փաստաթղթերի, վիզայի ու ապահովագրության վրա արդեն երկու հարյուր դոլարից ավելի էի ծախսել. այսինքն, եթե հրաժարվեի, էդ ծախսածս լրիվ ջուրն էր ընկնում, եւ ես ստիպված վեր կացա ու էդպես նվաստացած մեկնեցի Փարիզ, մինչդեռ կարող էի ե՛ւ չնվաստանալ, ե՛ւ Փարիզ չմեկնել, մանավանդ որ՝ իննսունչորսին պոետների խմբի հետ Փարիզն արդեն տեսել էի, եւ չնայած էս անգամ էլ էի պոետների հետ, բայց, կարելի է ասել, էս անգամվա Փարիզն ավելի սրտամոտ ու հաճելի էր ո՛չ միայն էն պատճառով, որ էս անգամ հետս Փարիզ եկած պոետները հակառակ սեռի էին, այլեւ է՛ն պատճառով, որ էս անգամվաններն անհամեմատ ջահել էին, ու նաեւ է՛ն պատճառով, որ, չնայած էս անգամ էլ էի որպես պոետ հրավիրված, բայց իրականության մեջ արդեն պոետ չէի եւ արդեն Փարիզին ու ամեն ինչին արձակագրի աչքերով էի նայում, եւ չնայած էս անգամ էլ Լուվրը չտեսա, բայց կորցրածս երկու հարյուր ու ավելի դոլարները հեչ չեմ ափսոսում, որովհետեւ երբ ջահելների հետ ճամփա ես գնում, ինքդ էլ ես քեզ ջահել զգում, եւ չնայած էս երկրորդ այցելությանս ժամանակ ուղիղ տասներկու տարով մեծացած էի, բայց ջահելների մեջ ինձ լավ էլ ջահել էի զգում, ու նաեւ էդ էր պատճառը, որ ինքնաթիռի մեջ արդեն դեսպանատան էդ ստորացուցիչ միամսյակը միանգամայն խորը անցյալ էր թվում, ու էդ ճամփորդության ամբողջ ընթացքում մահվան մասին չմտածեցի, եւ մահվան մասին չէի մտածում նույնիսկ Մոնպառնասի գերեզմանոցում Մարինեի հետ դեգերելու ամբողջ ընթացքում, եւ մահվան մասին ընդամենը մի քանի ժամ մտածեցի «Արմավիայով» Փարիզից Երեւան վերադառնալիս, եւ հիմա, մի քանի ամիս անց, վերստին ու տեւականորեն մահվան մասին եմ մտածում, ու կարծես հույս էլ չկա, թե՝ երբեւէ կդադարեմ էդ մասին մտածել, եւ «Քլիվլենդից», ոստիկաններից ու երազիցս հետո մահվան մասին մտածելով՝ ոչ միայն ի՛մ մահվան մասին եմ մտածում, այլեւ՝ ձեր, եւ եթե էս անպատեհ ժամին հատուկենտ ընթերցողներիցս մեկնումեկը մեռնի, ես անչափ կվշտանամ ո՛չ թե էն պատճառով, որ հատուկենտ ընթերցողներիցս մեկին էլ կորցրի, այլ է՛ն պատճառով, ինչ պատճառով որ անձամբ իմ կյանքի վրա եմ դողում՝ կապված բարգավաճ Հայաստանի տեսլականի եւ, ինչպես Սահակյան Գալուստը կասեր, նմանատիպ այլ գործառույթների հետ, եւ ահա էս պահին էս բաները մտածելով՝ հենց էս պահին սկսում եմ նաեւ հասկանալ, որ հիմնականում երկրորդական ու անկարեւոր բաների համար եմ էս մինուճար կյանքիս վրա դողում, ու նաեւ հասկանում եմ, որ եթե նորմալ մարդ լինեի, կմտածեի՝ մինչեւ էս աշխարհի արդարությունը վերականգնված չտեսնեմ՝ չեմ մեռնելու, եւ եթե նորմալ հայր լինեի, կմտածեի՝ գոնե թոռներիս ծնունդը տեսնեմ ու նոր մեռնեմ, եւ եթե նորմալ հայ լինեի, կմտածեի՝ մինչեւ ողջ աշխարհն ու թուրքերն էլ ներառյալ Ցեղասպանությունը չճանաչեն՝ ա՛ռը թե կմեռնեմ, եւ եթե նորմալ հայ ու նորմալ իգդիրցի լինեի, կմտածեի՝ գոնե Իգդիրը տեսնեմ ու նոր մեռնեմ, եւ եթե նորմալ քրիստոնյա լինեի, պիտի մտածեի՝ մարդկանց համար մի քանի լավ բան անեմ ու հետո նոր մեռնեմ, ու հիմա նաեւ մտածում եմ՝ եթե ուղեղս ավելորդություններից ազատեմ ու էս տեսակ կարեւոր բաներով լցոնեմ, ուղեղիս մեջ արդեն մահվան գաղափարի համար ազատ տեղ չի գտնվի՝ մանավանդ Սարյանի ու Վերայի Կարինեի էդ ասածից հետո, եւ իրենց էդ ասածից հետո արդեն հստակորեն հասկանում ու գիտակցում եմ, որ սրանից հետո ոչ թե մահվան մասին պիտի մտածեմ, այլ միայն ու միայն՝ կյանքի, ու էս հասարակ բանը հասկանալով ու գիտակցելով՝ սկսում եմ կյանքի մասին մտածել, բայց էլի աչքերիս առաջ «Բարգավաճի» ու Հանրապետականի տոկոսներն են, ինչպես նաեւ՝ Գրողների միության նախագահության հերթական նիստը, ինչպես նաեւ՝ Սյունյաց մոտալուտ ճակատամարտը՝ Բաբայան Սամոյով ու Սարգսյան Սաշիկով, եւ չնայած լավ էլ հասկանում եմ, որ բոլորն էլ, ի վերջո, իրար հետ լեզու կգտնեն, այդուհանդերձ, ոչ մի կերպ մտքիցս դուրս չեն գալիս, ու հիմա արդեն սկսում եմ հասկանալ, որ հեչ կարեւոր չէ՝ մահվան մասի՞ն ես մտածում, թե՝ կյանքի, եւ կարեւորն այն է, թե մահվան ու կյանքի մասին մտածելով՝ կոնկրետ ի՞նչ ես մտածում, եւ եթե մահվան մասին մտածելիս սարսափում ու սարսռում ես, էդ նրանից է, որ կյանքի մասին մտածելիս է՛լ ես սարսափում ու սարսռում, եւ էս մտքիս վրա հիմա հիշեցի, թե՝ էս անգամվա Փարիզում ո՜նց էի սարսափել էդ հրաշք քաղաքում կորելու վախից, եւ հիմա էդ տագնապներս որ հիշում եմ, հեչ հավատս չի գալիս՝ որ էդ հանիրավի սարսափածը ես եմ եղել, ու հիմա սկսում եմ նաեւ հասկանալ, որ եթե մարդու վախը բռնում է՝ դրա համար առանձնապես լուրջ պատճառներ հարկավոր չեն, եւ էդ վախ կոչվածն առանց որեւէ լուրջ պատճառի ու հանկարծակի է բռնում, ու Փարիզում էլ ինձ միանգամայն հանկարծակի կալմեջ արեց, եւ չնայած Փարիզի էդ վախս առանց պատճառի չէր, բայց հիմա որ մտածում եմ՝ էդ պատճառը պատճառ համարելն անգամ ծիծաղելի է, որովհետեւ Մոնպառնասից մեր «SAPHIR» հյուրանոց գալով եւ չորրորդ գիրքս հապշտապ ավարտելով՝ ես դուրս եկա հյուրանոցից, որպեսզի Փարիզն առանց որեւէ ուղեկցողի՝ մենմենակ ու ինքնուրույն տեսնեմ, ու մեր հյուրանոցի Դագուեր նեղ ու կարճ փողոցով դուրս եկա Գեներալ Լոտիեի պողոտա, եւ մեր հյուրանոցի էդ պստիկ փողոցի ու Գեներալ Լոտիեի պողոտայի հատման կետում Ծառուկյան Գագիկի «Մուլտի գրուպի» առյուծի գլխով մի առյուծի արձան կար, եւ ես ամեն օր էդ առյուծով էի կողմնորոշվում ու մեր հյուրանոցը գտնում, ու էդ պահին էդ առյուծին նայելով՝ մի անգամ եւս մտածեցի, որ «Մուլտի գրուպի» էմբլեմի նկարիչը հենց էս առյուծի գլուխն է մեկին մեկ արտանկարել, եւ էդ բանը մտածելով ու Գեներալ Լոտիեի պողոտայով իջնելով՝ մի քանի խանութ մտա ու վերստին համոզվելով, որ Երեւանում ամեն ինչ անհամեմատ էժան է, պողոտայով իջա ու մտա հաջորդ խաչմերուկի վրա գտնվող եկեղեցին, եւ էդ եկեղեցին էլ էր ամեն օր ինձ կողմնորոշում, որ նախ առյուծի արձանը գտնեմ ու այնուհետեւ՝ մեր հյուրանոցի նեղլիկ ու կարճլիկ Դագուեր փողոցը, եւ եկեղեցում ոտս մի քիչ կախ գցելով ու «Հայր մերն» ասելով՝ վերստին դուրս եկա Գեներալ Լոտիեի պողոտա, ու մտքինս էն էր, որ էդ պողոտան ծայրեծայր կգնամ ու կտեսնեմ՝ որտեղ ու ոնց է վերջանում, ու միաժամանակ մտքինս էն էր, որ էդ պողոտայից ու հարակից վտակներից շատ չշեղվեմ, որպեսզի հեշտությամբ գտնեմ հյուրանոցիս ճանապարհը, ու էդ ամենը մտածելով՝ ուղիղ ու վստահ էնքան գնացի՝ մինչեւ դեմս հառնեց Գեներալ Լոտիեի արձանը, եւ արդեն ահագին հոգնել էի ու նստեցի Գեներալի արձանը շուրջկալող պուրակի նստարաններից մեկին, եւ չնայած Գեներալ Լոտիեից որեւէ գաղափար չունեի, բայց պարզ ու հասկանալի էր, որ ֆրանսիացիների համար ինքը չափազանց կարեւոր ու երեւելի գեներալ է, որովհետեւ իր անվամբ կոչվող էդ լայնահուն պողոտան իսկապես անծայրածիր էր, ու ես արդեն էդ պողոտայի ամենավերջում էի, ավելի ճիշտ՝ ամենասկզբում, որովհետեւ, ըստ ամենայնի, Գեներալի անունով կոչվող էդ պողոտան Գեներալի արձանից պիտի սկսվեր եւ ոչ թե՝ էդ, ուրեմն, արձանով ավարտվեր, եւ արդեն ահավոր հոգնած էի, որովհետեւ մի էդքան էլ Մարինեի հետ Մոնպառնասի գերեզմանոցում էի քայլել, եւ ահավոր հոգնած ու էդ արձանը շուրջկալող պուրակի նստարաններից մեկին նստած՝ էդ տարօրինակ ու արտասովոր արձանն էի ուսումնասիրում, ու էդ արձանի տարօրինակությունն էն էր, որ Գեներալը հենակներով էր ու կարծես մի ոտքից էլ կաղ էր, ու էդ հենակներով Գեներալը կանգնած էր չափազանց բարձր պատվանդանին, որը երեւի Երեւանի հրապարակի Լենինի արձանի պատվանդանի բարձրության կլիներ, ու հաստատ Գեներալը ֆրանսիացիների համար շատ կարեւոր գեներալ էր, որովհետեւ էդքան Փարիզում ֆռֆռացել ու առաջին անգամ էի կոնկրետ մարդու արձան տեսնում՝ Բաբայան Դավիթի քանդակած Կոմիտասի արձանը չհաշված, ու հընթացս նաեւ մտածում էի, որ ֆրանսիացիք կարող էին իրենց էդ հերոսին առանց հենակների ու միանգամայն անթերի արտաքինով հավերժացնել կամ, ասենք, ընդամենը կիսանդրին դնել, որպեսզի, հասկանում եք, սերունդներն էդ մարդու ոտքի սախատությունը չտեսնեն, բայց հետզհետե խորանալով արձանի էության ու բովանդակության մեջ՝ քիչ անց սկսեցի ճիշտ հակառակը մտածել. այսինքն, սկսեցի մտածել, որ, ի տարբերություն ուրիշ շատ գեներալների, որոնք իրենց տաքուկ շտաբներից ու վրաններից են ճակատամարտերն ուղղորդել ու ղեկավարել, էս Գեներալ Լոտիեն ճակատամարտի ամենաթեժ պահին ոչ միայն մարտադաշտի առաջին գծում է գտնվել, այլեւ աջ ոտքից էլ վիրավորվել է, եւ քանդակագործն ու արձանի պատասխանատուներն իրենցից կախված ամեն ինչ արել են, որ սերունդներն ու մանավանդ օտարերկրացիներն առանց Ֆրանսիայի պատմության գրքերը քչփորելու՝ էդ հանգամանքներն իրենց իսկ աչքով տեսնեն ու ինքնուրույն գլխի ընկնեն, ու ես էլ, ահա, Գեներալի հաշմանդամության էդ միանգամայն հարգելի պատճառը ենթադրելով ու կռահելով՝ նստածս տեղից վեր կացա ու մոտեցա պատվանդանին, որպեսզի Գեներալի ծննդյան ու մահվան թվականները ճշտեմ եւ իր ապրած ու կռված ժամանակների մասին ստույգ պատկերացում կազմեմ, եւ երբ արդեն մոտեցել էի պատվանդանին, հանկարծ նկատեցի, որ պատվանդանի հենց հետեւի նստարանին մի երիտասարդ զույգ է կրքոտ ու ինքնամոռաց համբուրվում, եւ կրքի ու ինքնամոռացության հանգամանքն ակնհայտ էր, որովհետեւ իրենց էդ ինքնամոռացության մեջ էդ երկու ջահելները չէին զգացել, որ իրենց ուսանողական տետրակները պուրակի կարմիր ավազին էին թափթփվել, ու իրենց նկատելով՝ անմիջապես վերադարձա ու նստեցի տեղս, որովհետեւ կանգնած վիճակում իրենց տեսադաշտի մեջ էի, եւ առանց Գեներալի ծննդյան ու մահվան թվականները ճշտելու՝ վերադարձա ու նստեցի նստարանիս ամենածայրին, որտեղից համբուրվողները որոշ չափով երեւում էին, բայց, ըստ ամենայնի, ես իրենց չէի երեւում, որովհետեւ պատվանդանի հակառակ կողմում էի, եւ, բացի այդ, իրենք իրենց համբույրով էնքան էին կլանված, որ այլ մեկի գոյությունը չէին էլ պատկերացնի, եւ էդ պահին հիշեցի, որ ջահել ու հատկապես ուսանողական տարիքում ինքս է՛լ եմ Երեւանի տարբեր զբոսայգիներում տարբեր աղջկերքի հետ համբուրվել, ու նաեւ հիշեցի, որ էն թվերին մեր զբոսայգիներում էլ էր ճիշտ էդպիսի կարմիր ավազ փռած, ու էդ կարմիր ավազը հիշելով՝ մտածեցի՝ էդ կարմիր ավազը Կոմայգում ու Կիրովի այգում հիմի է՞լ կա, թե՝ տեղը ուրիշ բան է, ու էդ մասին մտածելով՝ ոչ մի կերպ չէի կարողանում էդ հանգամանքը հիշել ու ճշտել, եւ Գեներալի կերպարն էլ էր միանգամայն անորոշ ու անհստակ, որովհետեւ նստածս տեղից ոչ մի կերպ չէին նշմարվում իր ծննդյան ու մահվան թվականները, իսկ որ էդ թվականները մարդու ու մանավանդ արվեստագետի կյանքում ամենակարեւորն են, ես արդեն գիտեի փարիզցի աբստրակցիոնիստ Արշակ Գառնիից, որի հետ ընկերություն եմ արել ու անում միմիայն Երեւանում, որովհետեւ ճամփորդություններիս ժամանակ սովորություն չունեմ զանգել տվյալ երկրներում ապրող ընկերներիս ու անհանգստացնել, քանի որ ինքս էլ չեմ սիրում՝ երբ սփյուռքահայ ընկերներս Երեւան ժամանելով՝ ինձ զանգում ու գործից կտրում են, եւ, իմ կարծիքով, երկքաղաքացիության օրենքի դրականն էն է, որ մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերն այսուհետ իրենց հյուր չեն զգա իրենց իսկ հայրենիքում եւ ամեն պատահածի չեն զանգի, բայց էս ասածս փարիզցի աբստրակցիոնիստ Արշակ Գառնիին բացարձակապես չի վերաբերում, որովհետեւ ութսունութից սկսած՝ ինքը Երեւանում իրեն հյուր չի զգում ու տարվա համարյա կեսը Երեւանում է ապրում՝ տուն վարձելով ու ընկերներից որեւէ մեկին չանհանգստացնելով, եւ եթե իմանա, որ Փարիզում եմ եղել ու իրեն չեմ զանգել՝ շատ փիս է նեղանալու, չնայած ինքը որեւէ մեկին անհարկի չի զանգում եւ չի անհանգստացնում, իսկ ինձ էլ զանգում ու անհանգստացնում է միայն ցուցահանդեսների ժամանակ, որովհետեւ ինքն ինձ արվեստ ու մանավանդ գեղանկարչություն հասկացող է համարում, մանավանդ որ՝ իննսուներկուսի մթնով Թումանյանի թանգարանում ի՛նքս կազմակերպեցի չորս աբստրակցիոնիստների՝ Խաթլամաջյան Սեյրանի, Թադեւոսյան Վիգենի, Խարազով Էդիկի եւ իմ փարիզցի ընկեր Արշակ Գառնիի համատեղ ու չափազանց լուսավոր ցուցահանդեսը, եւ էդ ցուցահանդեսի շնորհիվ շատերն առաջին անգամ տեսան ու հասկացան, որ Թումանյանի թանգարանի ցուցասրահը գեղանկարչական ցուցահանդեսների իմաստով մեր մայրաքաղաքի լավագույն ցուցասրահն է, եւ ամեն անգամ, երբ խոսակցություն է գնում մեր նորանկախ երկրի մշակույթի մասին, Արշակն ինձ ասում է՝ «մենք հիմքը դրինք, բայց, փաստորեն, շարունակություն չեղավ», ու էդ միտքն Արշակն, իհարկե, արեւմտահայերեն է ասում, բայց, ինչպես երեւի էս հինգ հատորներիս ընթացքում արդեն զգացել եք, ինձ չի հաջողվում հերոսներիս ճշգրիտ լեզվով խոսել, եւ ինչպես սասունցի Դանիկին էի հիմնականում իմ լեզվով խոսեցնում, էդպես հիմի էլ բեյրութցի ու փարիզաբնակ Արշակին եմ իմ իմացած լեզվով խոսեցնում, որովհետեւ արեւմտահայերենի ու բարբառների իմացությունս չի բավարարում, որ հերոսներս իրենց իրական ու բնական լեզով խոսեն, եւ մանավանդ ի՛մ դեպքում է դա անհնարին, որովհետեւ իմ հերոսների քանակությունն արդեն սպառնալի չափերի է հասնում, ու ես հնարավորություն չունեմ էդքան բարբառներ ուսումնասիրել, եւ չնայած հերոսներիս լեզվի դեմ պարբերական մեղանչումներիս պատճառով նաեւ հերոսներիս էությունն է էականորեն խաթարվում, բայց, փաստորեն, ուրիշ ճար չկա, եւ գրողական մեր էս պարբերական մեղանչումներն են նաեւ պատճառ, որ շարունակաբար իմ ու ձեր բուն կյանքը գերադասել ու գերադասում եմ գեղարվեստական գրականությունից, ու նաեւ դա է պատճառը, որ ես հետեւողականորեն գրում եմ հիմնականում է՛ն մարդկանց մասին, որոնց էությունն էնքան հետաքրքիր ու լիքն է, որ եթե անգամ սրանց լեզուն չես պահպանում՝ տակն էլի ահագին բան է մնում, եւ բեյրութցի փարիզաբնակ Արշակ Գառնին կյանքումս հանդիպած էդ հետաքրքիր ու լեփլեցուն մարդկանցից մեկն է, ու հետագայում իրեն չափազանց մանրամասն ու համակողմանիորեն եմ անդրադառնալու, եւ ցանկալի է, որ Աստված ինձ ու Արշակին էնքան կյանք տա՝ որ էդ օրվան ու էդ հատվածներին հասնենք, ու էս հանգամանքը չափազանց կարեւոր է ոչ միայն իմ ու Արշակի, այլեւ՝ հենց ձեզ համար, որովհետեւ եթե չգրեմ ու չիմանաք, որ մեր էս կյանքում Արշակի պես մարդ էլ է լինում, չափազանց մեծ բան կորցրած կլինեք, ու Արշակի առումով իմ ամենամեծ մեղքն էն է, որ էսքան գրում ու գրում եմ, բայց բեյրութցի փարիզաբնակ աբստրակցիոնիստ Արշակ Գառնիին էս հինգերորդ հատորիս վերջերում եմ առաջին անգամ հիշում ու անդրադառնում ու էն էլ՝ Գեներալ Լոտիեի արձանի, ավելի ճիշտ՝ Գեներալ Լոտիեի ծննդյան ու մահվան թվականների հետ կապված, որովհետեւ ծագումով բեյրութցի փարիզաբնակ աբստրակցիոնիստ Արշակի համար արվեստի ու հատկապես գեղանկարչության մեջ էականը հեղինակի ծննդյան ու մահվան թվականներն են, իսկ ամենաէականը՝ հեղինակի տվյալ ստեղծագործության արարման թվականը, եւ երբ Երեւանի պատկերասրահում Արշակի հետ ժամերով մլուլ էինք տալիս, եւ երբ որեւէ նկար հավանելով՝ մատնացույց էի անում, Արշակը ժպտալով ասում էր՝ «դու թվականի՛ն նայիր. կարեւորը թվակա՛նն է», եւ երբ տվյալ նկարչի տվյալ նկարի տակ գրված թվականն ասում էի, Արշակը ներողամտորեն ժպտալով ասում էր՝ «Մատիսը ճիշտ էս տեսակ պատկեր իրմե հիսուն տարի առաջ է գծած», ու էդպես Արշակը մեր պատկերասրահի սրահները չափչփելով՝ նկարները թռուցիկ աչքի էր անցկացնում եւ հիմնականում նկարների թվականներն էր ստուգում ու ճշտում, ու Արշակի էդ թվականամոլությունն ինձ էլ է անցել, ու հիմա ես է՛լ եմ պատկերասրահներում ու ցուցասրահներում նկարների թվականներին առանձնակի ուշադրություն դարձնում եւ նշանավոր ու աշխարհահռչակ գեղանկարիչների ալբոմները նայելիս նույնպես թվականների կողքով անտարբեր չեմ անցնում, որովհետեւ արդեն վերջնականապես եմ հասկացել, որ էդ թվականներն իսկապես շատ կարեւոր են, եւ եթե նկարիչներից մեկը միանգամայն նոր ճանապարհ կամ թեկուզ արահետ է բացում, իսկ մյուսներն էդ՝ արդեն բաց ճանապարհով կամ արահետով ազատորեն գնում ու գալիս են, իսկապես անարդար է ճանապարհ կամ արահետ բացողներին ու էդ ճանապարհով կամ արահետով ելումուտ անողներին հավասար աչքով նայել, եւ իսկական արվեստաբանությունն ու իսկական արվեստաբաններն առաջին հերթին էդ ճանապարհ ու արահետ բացողներին են արժեւորում ու առավելություն տալիս, եւ էդ արժեւորումն ու առավելությունը էական ու չափազանց կարեւոր են հատկապես գեղանկարչության ասպարեզում, որովհետեւ, ի տարբերություն գրականության, գեղանկարն առաջին հերթին ապրանք է եւ կոնկրետ գին ունի, եւ ինչքան էլ մեր նկարիչները փնթփնթան ու բողոքեն, թե՝ համաշխարհային հրեական մաֆիան է էդ միջազգային գները սահմանում ու տնօրինում, միեւնույն է, ճանապարհ բացողներն ի վերջո նկատվում ու գնահատվում են, եւ չնայած նրանց մեծ մասը մահվանից հետո է միայն նկատվում ու արժեւորվում, այդուհանդերձ, էդ ճանապարհ բացածների գործերի վրա օրերից մի գեղեցիկ օր անհավատալի ու սահմռկեցուցիչ գներ են դրվում, եւ ցավալին այն է, որ ճանապարհ բացածների բացած ճանապարհը սովորաբար տեսանելի է դառնում միայն էն ժամանակ, երբ էդ արդեն բացված ճամփեքով հարյուրավոր ու հազարավոր այլ նկարիչներ են երթեւեկում, եւ եթե նկարների տակի էդ թվականները չլինեին, դիտորդներս ճամփեքը բացածներին ու էդ ճամփեքը ոտնատակ տվողներին դժվար թե իրարից տարբերեինք եւ եթե տարբերեինք էլ, շատ հնարավոր է, հօգուտ ոտնատակ տվողների տարբերեինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել