Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍՏՈՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ ԿԵՐԳԵՆ

Նոյեմբեր 17,2007 00:00

\"\"Աշխարհահռչակ «Հորտուս մյուզիկուս» անսամբլը կներկայանա հայ հանդիսատեսին

Եվրամիության փառատոնային ասոցիացիայի անդամ, «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) ութերորդ տարին է՝ Հայաստան է հրավիրում դասական երաժշտության ոլորտում համաշխարհային աստղերի: Հերթական հյուրը էստոնական ճանաչված «Հորտուս մյուզիկուս» անսամբլն է, որի եզակի համերգը կկայանա «Ա. Խաչատրյան» համերգասրահում՝ նոյեմբերի 21-ին:

«Առավոտը» հանդիպեց «21-ի հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի հետ: Ըստ մեր զրուցակցի, 35-ամյա «Հորտուս մյուզիկուսը», որի անփոփոխ գեղարվեստական ղեկավարն է Անդրես Մուստոնենին, ներկայացնում է 8-րդ դարից մինչեւ մեր օրերը գրված երաժշտություն. գրեգորական խորալներ, միջնադարյան լիտուրգիական դրամաներ, հոգեւոր երգեր, ֆրանկո-ֆլամենական դպրոցի, իտալական վարպետների երկեր, 16-րդ դարի խիստ ոճի պոլիֆոնիաներ, ֆրանսիական շանսոններ, իտալական մադրիգալներ, 17-18-րդ դարերի բարոկկո կոմպոզիտորների գործեր, ինչպես նաեւ ժամանակակից երաժշտություն՝ գրված հատուկ «Հորտուսի» համար:

«Անսամբլը հայ հանդիսականին ներկայացել է եզակի անգամ, 80-ականների սկզբին: Նրանք պարզապես սիրահարվել են հայկական շարականներին ու միջնադարյան տաղերին եւ երեւանյան այս համերգում, շուրջ 40 ստեղծագործությունների թվում, հայ հանդիսատեսը կունկնդրի նաեւ հայկական միջնադարյան երաժշտություն: Նշեմ, որ «Հորտուսի» գեղարվեստական ղեկավարը երկրպագուն է Ավետ Տերտերյանի երաժշտության»,- տեղեկացրեց Ս. Հովհաննիսյանը:

«Առավոտի» հարցին, թե փառատոնի կազմակերպիչները «Հորտուսի» այս այցին չե՞ն պատրաստվում երաժիշտներին ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, մեր զրուցակիցն ասաց, որ փառատոնային տարիների ընթացքում իրենց նպատակներից մեկը հենց դա է եղել՝ համաշխարհային աստղերին ծանոթացնել հայ կոմպոզիտորների ու նրանց երկերի հետ. «Հայ ժամանակակից կոմպոզիտորներից ոմանք, այդ թվում՝ Աշոտ Զոհրաբյանը, Վաչե Շարաֆյանը եւ մյուսները, ստացել են համագործակցության հրավեր, պարզ ասած՝ ստեղծագործությունների պատվերներ»:

Հետաքրքրությանը, թե փառատոնի հաջորդ աստղային հյուրը ո՞վ կամ ո՞ր կոլեկտիվն է լինելու, Ս. Հովհաննիսյանը հայտնեց, որ գարնանը համաձայնել է Հայաստան այցելել լեհ լեգենդար կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: «Առաջին անգամ հայ հանդիսատեսը հինգ երեկոյի ընթացքում (սիմֆոնիկ եւ կամերային) կունկնդրի կոմպոզիտորի ստեղծագործությունները հենց իր ղեկավարությամբ: Ավելին, բանակցություններ ենք վարում թվով 15 համաշխարհային ճանաչում ստացած երաժիշտների հետ, որոնք կմասնակցեն Պենդերեցկու հեղինակային համերգներին»,- նշեց «21-ի հեռանկարների» գլխավոր մենեջերը: Իսկ թե հայաստանյան ո՞ր սիմֆոնիկ նվագախումբը պատիվ կունենա մասնակցել այդ երեկոներին, մեր զրուցակիցը ասաց. «Համերգներին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, «Սերենադ» կամերային նվագախմբերն ու «Հովեր» կամերային երգչախումբը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել