Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսների անվամբ լսարաններ եւ կիսանդրի՝ ԵՊՀ-ում

Նոյեմբեր 17,2007 00:00

Արցախյան ազգային ազատագրական պայքարում զոհվել է 26 համալսարանական

ԵՊՀ-ում երեկ բացվեցին Արցախյան ազատագրական շարժման երեք հերոսների անվան լսարաններ: Տնտեսագիտական ֆակուլտետի երկու լսարան անվանակոչվեց ֆակուլտետի ուսանող-ազատամարտիկներ Վաչագան Ավակիմովի եւ Ֆուրման Գեւորգյանի անուններով: «Համալսարանական հերոսամարտիկների թիվը 26-ն է: Այժմ մեր բուհի 10 լսարան անվանակոչվել է նրանց անուններով, իսկ մինչեւ տարեվերջ կբացենք եւս 3-ը: Մենք՝ համալսարանականներս, երջանիկ ենք, որ պատիվ ենք ունեցել այդ հերոսների հետ այս միջանցքներում քայլել կողք կողքի»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Երեկվա արարողությունն առիթ էր նաեւ, որպեսզի զոհված ազատամարտիկների մտերիմները նրանց մասին իրենց հիշողությունները պատմեին: Իր ուսանողի՝ Վաչագան Ավակիմովի մասին ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դասախոս Վասակ Թորոյանը պատմեց. «Վաչեն կռվի դաշտում հանգիստ նստող մարդ չէր: Երբ գալիս էր այնտեղից, հոդվածներ էր գրում: Բնավորությամբ էլ շատ ամաչկոտ էր, երբ գալիս էր համալսարան, ամբիոնի դռան մոտ կանգնում եւ սպասում էր, որ դուրս գամ, նոր ինձ մոտենար: Պայմանավորվել էինք, որ Լենինգրադում կրթությունը շարունակեր, սակայն կտրականապես հրաժարվեց՝ ասելով, որ երբեք չի մեկնի Հայաստանից»: Վաչիկի մարտական ընկեր Իգոր Սարգսյանն էլ հիշեց. «Դաշնակցության Շուշիի առանձնակի գումարտակի կազմում ճանաչեցի նրան: Վաչիկը լեգենդար Պետոյի սիրելին էր, որը եւս համալսարանական էր: 1992-ին, երբ թուրքերը Մարտակերտի շրջանի կեսը վերցրել էին, Վաչիկը խելագարի պես էր իրեն պահում, հոր եւ եղբոր զոհվելուց հետո գրոհային դասակում էր, ոչ մի գործողությունից հետ չէր մնում, ուզում էր վրեժ լուծել»: Հետո էլ Ի. Սարգսյանը վերհիշեց իր ընկերոջ մահը. «Թուրքերը վերցրին Չլդրանը եւ մխրճվեցին Կիչան գյուղի սահմանները, ու մեր գումարտակի մի մասը շրջափակման մեջ ընկավ: Թուրքերը վերցրել էին Առաջաձորի դիրքերը, հնարավոր էր, որ հաջորդը Ստեփանակերտը լիներ: Բարեբախտաբար, հակահարվածով հետ վերցրինք եւ թուրքերին գցեցինք շրջափակման մեջ: Նրանց ետ մղելու ժամանակ դարանակալ թուրքը խփեց Վաչիկին, ծանր վերքը գլխին էր ստացել…»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետում էլ վերաբացվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարանը, որտեղ վերջապես տեղադրվեց նրա կիսանդրին: Դրա տեղադրման հետ կապված քաշքշուկներին նախորդ համարներում «Առավոտն» անդրադարձել է: Երբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ցանկացել էր մեծ միջոցառում կազմակերպել այդ կապակցությամբ, ԵՊՀ ռեկտորը հետաձգել էր այն՝ պատճառաբանելով, թե ինքը վերջինն է տեղեկացել այդ մասին: Երեկ զրուցեցինք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Վահե Սարգսյանի հետ: «Վերջաբանը լավ չէր ոչ համալսարանի ղեկավարության, ոչ էլ մեզ համար: Լավ կլիներ, որ Թաթուլի կիսանդրին արժանավայել կերպով բացվեր՝ սպիտակ շորով, պաշտոնապես … Այնինչ, մեր նվիրաբերած կիսանդրին որպես գույք դրվեց լսարանում, իսկ այսօր ոչ թե դրա բացման արարողությունն է, այլ լսարանն է վերաբացվում: Մյուս կողմից էլ լավ էր այնքանով, որ այս լսարանն արագորեն վերանորոգվեց: Նախկինում այստեղ տեղադրված էին համակարգիչ, հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, ֆիլմեր էին ցուցադրվում, հանդիպումներ կազմակերպվում: Այժմ լսարանը դարձել է սովորական, մյուսների նման,- փաստեց Վ. Սարգսյանը եւ հավելեց,- երբ մի քանի շաբաթ առաջ ուզում էինք միջոցառում կազմակերպել, այն նաեւ գեղարվեստական հարուստ մաս էր ունենալու: Սակայն վերաբացման մասին մեզ միայն երեկ են տեղեկացրել: Առաջիկայում միջոցառումներ կկազմակերպենք, նպատակ ունենալով բուհերում վերացնել մեռելային վիճակը՝ ասես ուսանողական կառույցներ չլինեն»: Լսարանի վերաբացմանը ներկա էին նաեւ Թաթուլի եղբայր Գրիգոր Կրպեյանը եւ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել