Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսանքահարվե՞լ է, թե՞ սպանվել

Նոյեմբեր 17,2007 00:00

\"\"Որդեկորույս հորը նախարարը չի ընդունում

Օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասերից մեկում հոսանքահարվել ու մահացել էր ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Նա հասցրել էր 9 ամիս ծառայել ազգային բանակում: Տ. Օհանջանյանը մինչ այդ բնակվել էր Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում, սովորում էր տեղի պոլիտեխնիկական համալսարանի ֆինանսների եւ էկոնոմիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: Տիգրանը 13 տարի մարզվել էր ձյուդո մարզաձեւով, եղել է Պյատիգորսկ քաղաքի չեմպիոնը:

Տիգրանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը, դժգոհ է նախաքննության ընթացքից: Նախաքննությունն ընթացել է Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում, իսկ հոր բողոքներից հետո գործը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քննչական բաժնի վարույթում է: Նշենք, որ Սուրեն Օհանջանյանին ոչ միայն չեն ճանաչել տուժողի իրավահաջորդ, այլեւ իր դիմում-խնդրանքը՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարարին, մնացել է անարձագանք: Օհանջանյանը խնդրել էր, որ իրեն նախարարն ընդունի, սակայն նախարարությունում ասել էին, որ «նախարարը գործ չունի, դիմիր դատախազին»: Որդեկորույս հայրը գտնում է, որ որդու հոսանքահարվելու պատմության մեջ կան առեղծվածային հանգամանքներ: Նա մեզ փոխանցեց, որ դեպքի օրը, ժ.18.30-ին, Վարդենիսի երթուղային տաքսիով հարազատները որդուն սնունդ են հասցրել Երեւանից: Ըստ Տիգրանի մարտական ընկերների՝ մասնավորապես Դավիթ Հովսեփյանի, նրանք ժ. 21-ին ստացել են սնունդը ու կերել քաբաբ: Հոր տեղեկությամբ, դիահերձումից հետո պարզվել է, որ երեխայի ստամոքսում միայն պյուրե է եղել, ուրիշ ոչինչ: Հայրը նշեց նաեւ, որ որդու հագուստը փորձագետները զննել են դեպքի 55-րդ օրը, երբ այն խոնավությունից փտել էր:

«Զորամասի հրամանատարությունը՝ առանց դատախազի դեպքի վայր գալու, տեղանքը նկարահանելու, Տիգրանի դիակը ուղարկել է Վարդենիսի հոսպիտալ եւ ասել. կասեք՝ ճանապարհին է մահացել: Մինչդեռ, տղայիս ձեռքերին, թեւին առկա էին վնասվածքներ»,- շարունակում է Ս. Օհանջանյանը: Ըստ վերջինի, հավանաբար առկա է կոնֆլիկտ իր տղայի եւ երկու սպաների միջեւ: Տիգրանի հարազատները դեպքից մեկ շաբաթ առաջ, ըստ հոր, տեսակցության ժամանակ տեսել են աչքի եւ հոնքի շրջանում վնասվածքներ: «Զորամասի տարածքում եղել է առանձին դոմիկ, ուր ապրել են օլիգարխների երեխաները: Հնարավոր է, որ այդ դոմիկում էլ երեխաս սպանվել է»,- ասում է Ս. Օհանջանյանը:

Տիգրանի հարազատները քննիչներ ից պահանջում են, որ վերադարձնեն տղայի ծոցատետրը, սակայն՝ ապարդյուն:

Հ. Գ. Հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչությունից հավատացրել են հորը, որ զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանին «հանձնարարվել է բազմակողմանի ուսումնասիրել քրգործի նյութերը, պարզել դիմումում նշված հանգամանքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել