Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ

Նոյեմբեր 17,2007 00:00

Հայաստանի որսորդների միության նախագահ Սայադ Դավթյանի սպանությունը, այնուամենայնիվ, նաեւ քաղաքական շարժառիթներ է ունեցել:

Նոյեմբերի 8-ին, Կոմիտասի պողոտայում, Արաբկիրի շուկայի մոտ սպանվել էր Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ ակտիվիստ Սայադ Դավթյանը: Նրա ուղղությամբ հրազենից արձակվել էր երեք կրակոց: Գլխի մասում ստացած վնասվածքներից Ս. Դավթյանը մահացել էր: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, նույն օրը, ժամը 18:00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ այդ հասցեում փոխհրաձգություն է: Այս տեղեկությունն ու նաեւ այն, որ դեպքի վայրում իրավապահները, բացի 9մմ տրամաչափի մեկ պարկուճ եւ մեկ գնդակ հայտնաբերելուց, առգրավել էին նաեւ բեյսբոլի արնաշաղախ մի ձող, վկայում էին այն մասին, որ մինչեւ սպանությունը Ս. Դավթյանի եւ մարդասպանի միջեւ վիճաբանություն է եղել: Մինչեւ նոյեմբերի 12-ը իրավապահներին հայտնի էր այն «BMW» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշը, որում եղել էին հանցագործները՝ թվով երեք հոգի, որոնցից մեկն էլ հենց կրակել էր Ս. Դավթյանի վրա: Կային կասկածյալներ, մասնավորապես` մեքենայի վարորդը, որն այսօր էլ փախուստի մեջ է, նաեւ ոմն Հակոբ՝ երկուսն էլ նախկինում դատապարտված: Փոխարենը նոյեմբերի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն էր ներկայացել նախկինում երբեւէ չդատապարտված ոմն Վալերի Բաբայան եւ խոստովանել, որ սպանությունն ինքն է կատարել: Նա կալանավորված է: Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով, հայտնաբերվել է նաեւ սպանության գործիք հանդիսացող զենքը: «Մակարով» տեսակի ատրճանակը գտնվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարածքում:

ԲՀԿ-ական Ս. Դավթյանի սպանությունից հետո սույն կուսակցության մամուլի խոսնակը շտապեց հայտարարել, թե կատարված սպանությունը «քաղաքական» չէ: Սակայն «Առավոտի» աղբյուրները, որոնք, ի դեպ, հե՛նց Ս. Դավթյանի մտերիմ ընկերների եւ հարազատների շրջանակներից են, այլ բան են ասում:

Ս. Դավթյանի սպանությունը կատարելու մասին ինքնախոստովանական ցուցմունքներ գրած Վալերի Բաբայանի անունը մեր հանրությանը, թերեւս, ոչինչ չի ասում: Վերջինս Արաբկիրի «ավտարիտետներից» մեկն է՝ «Բիձա» մականունով: Նա ու նաեւ սպանության մեջ կասկածվող եւ առայժմ որոնվող Հակոբը այդ համայնքում հայտնի են որպես «քրեածին տարրեր» եւ ամենատարբեր ընտրություններում ՀՀԿ կողմից օգտագործվող «ծանր հրետանի»: Համենայնդեպս, այս «Բիձան», մեր աղբյուրների ասելով՝ նաեւ Հակոբը, 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ջանքեր չեն խնայել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու համար ու առիթ են ունեցել այդ հողի վրա բախվելու ԲՀԿ-ական Ս. Դավթյանի հետ: Բանն այնտեղ է հասել, որ Ս. Դավթյանը «Բիձուց» «առգրավել» էր նաեւ ՀՀԿ-ի անունից որպես ընտրակաշառք բաժանվելիք խոշոր գումարը, որը ընտրություններից հետո՝ միայն ԲՀԿ-ՀՀԿ վերնախավի միջեւ եղած բանակցություններից հետո էր վերադարձվել ՀՀԿ-ին: Ավելին, մեր աղբյուրների մատուցմամբ, խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ի Քանաքեռ-Զեյթունի եւ Ավանի տարածքային կազմակերպությունների գրասենյակների պայթեցումներին զուգահեռ` մի պայթուցիկ էլ նետվել էր Ս. Դավթյանի տան վրա, բայց դրա մասին վերջինս ու իր կնքահայրը՝ Գագիկ Ծառուկյանը, նախընտրել էին լռել: Իհարկե, այն, որ կոնկրետ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ԲՀԿ-ն ընտրությունների արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրի՝ ՀՀԿ-ից 202 քվե ավելի էր հավաքել, որը համարվել էր նաեւ Ս. Դավթյանի ձեռքբերումը, «հանրապետականների» կողմից չէր ներվել: Ընտրություններից հետո էլ այս երկու հակամարտող կողմերի, մի կողմից՝ Ս. Դավթյանի, մյուս կողմից՝ «Բիձու», միջեւ ժամանակ առ ժամանակ հաշիվներ պարզելը «խասիաթ» էր դարձել: ԲՀԿ-ականները՝ Ս. Դավթյանն ու, ըստ որոշ տեղեկությունների՝ նաեւ ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը՝ «Տոնուսի Աշոտը», որի գրասենյակն էր պայթեցվել, որոշակի հակասություններ ունեին նաեւ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ, ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանի հետ:

Հետեւաբար, Ս. Դավթյանի սպանության համատեքստում «քաղաքական» շարժառիթներ, այնուամենայնիվ, կան, մանավանդ, եթե հավատալու լինենք Հայաստանի որսորդների միության նախագահի մտերիմ-հարազատների կողմից նեղ շրջանակներում շրջանառության մեջ դրված այն տեղեկությանը, թե սպանությունից առաջ Ս. Դավթյանը ասել է, որ ինքը միանշանակորեն ընդունում է Գ. Ծառուկյանին եւ նրա համար պատրաստ է ամեն ինչ անել, բայց դա չի նշանակում, որ նա կարող է օգնել Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու հարցում: Թերեւս, վերը նշված եւ այս վերջին հանգամանքներից ելնելով է, որ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը, մեր աղբյուրների ասելով, չի էլ մասնակցել իր սանիկի՝ Ս. Դավթյանի հուղարկավորության արարողությանը ու սահմանափակվել է դրան իր մոր ու կնոջ ներկայությունն ապահովելով:

Ի դեպ, Ս. Դավթյանին մոտ կանգնածները հույս չունեն, թե այդ սպանությունն իրականացրած անձն ու անձինք իրենց կատարած հանցանքին համարժեք պատիժ կկրեն, մանավանդ որ, «Բիձեն», նրանց մատուցմամբ, վայելում է ոստիկանության բարձր էշելոններում գտնվողների հովանավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել